Հարութ Սասունյան
Թվում է, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի զիջումներն Ադրբեջանի պահանջներին վերջ չունեն: Միակ վերջը լինելու է Հայաստանի վերջը:
Անցյալ շաբաթ, երբ նախագահ Իլհամ Ալիևը հերթական անգամ սպառնալիքներ հնչեցրեց Հայաստանի հասցեին, Փաշինյանը պատասխանեց հավելյալ զիջումներով։ Կարծես թե Ալիևն է Բաքվից կառավարում Հայաստանը։
Կարդացեք նաև
2025 թվականի հունվարի 7-ին Ալիևը ծավալուն մամուլի ասուլիս տվեց ադրբեջանական լրատվամիջոցներին, որի ընթացքում չափազանց ստորացուցիչ տոնով ամբարտավան հայտարարություններ արեց Հայաստանի մասին։ Ահա հատվածներ նրա հայտարարություններից.
– Հայաստանը Տավուշի մարզի չորս գյուղերը վերադարձրեց Ադրբեջանին «ավելի շուտ մենախոսության, քան երկխոսության արդյունքում»։ Հայաստանն այս գյուղերը վերադարձրեց «ճնշման տակ»։
– «Հայաստանը չի կարող մեզ հետ մրցել սպառազինությունների մրցավազքում»։
– «Անկախ հայկական պետությունն, ըստ էության, ֆաշիստական պետություն է …. Կամ Հայաստանի ղեկավարությունն այն կոչնչացնի, կամ էլ մենք»։
– «Հայաստանն անհապաղ կերպով պետք է դադարեցնի սպառազինումը։ Ֆրանսիան և Հայաստանին զենք մատակարարող մյուս պետությունները պետք է դադարեցնեն պայմանագրերն ու չեղարկեն դրանք։ Արդեն իսկ Հայաստան մատակարարված սպառազինությունը պետք է վերադարձվի»։
– «Առանց Մինսկի խմբի լուծարման, առանց Հայաստանի Սահմանադրության փոփոխության, խաղաղության պայմանագրի ստորագրումն անհնարին է»։
– «Զանգեզուրի միջանցքը պետք է բացվի և այն կբացվի»։
– «Նրա [նախագահ Թրամփի] առաջին ժամկետի ընթացքում ԱՄՆ-ի և Ադրբեջանի հարաբերություններում որևէ խնդիր չկար։ Ընդհակառակը, հարաբերությունները շատ դրական էին, և մենք կարողացանք առաջընթաց գրանցել շատ ոլորտներում։ Ադրբեջանի հետ կապված Բայդենի վարչակազմի գլխավոր սխալն այն էր, որ նրանք զոհաբերեցին ամերիկա-ադրբեջանական հարաբերությունները հանուն հայ-ամերիկյան հարաբերությունների»։
– «Հաշվի առնելով, որ Հայաստանի ներկայիս տարածքը, ըստ էության, ներառում է պատմական հողերը, որտեղ հիմնականում ադրբեջանցիներ են ապրել, այսօր մենք պնդում ենք, որ 300 հազար արևմտյան ադրբեջանցիներ պետք է վերադառնան այդ շրջանները։ Սակայն այդ շրջանից տեղահանվածների ընդհանուր թիվը, որոնք այժմ ապրում են Ադրբեջանի տարբեր շրջաններում՝ իրենց ժառանգների հետ միասին, մի քանի անգամ գերազանցում է 300 հազարը»։
Այն բանից հետո, երբ հայկական լրատվամիջոցների ներկայացուցիչները դժգոհեցին Ալիևի սպառնալից մեկնաբանությունների վերաբերյալ Փաշինյանի տարօրինակ լռությունից, նա վերջապես համաձայնեց հունվարի 8-ին պատասխանել «Արմենպրես»-ի մի քանի հարցերին.
Փաշինյանն ասաց, որ Հայաստանի մասին ագրեսիվ հայտարարություններ անելով՝ Ալիևն ակնկալում էր, որ Հայաստանից նմանատիպ ագրեսիվ պատասխանը «հիմք կստեղծի տարածաշրջանում նոր էսկալացիայի համար։ Մենք չենք գնալու այս ճանապարհով, հավատարիմ ենք մնալու խաղաղության ռազմավարությանը»։ Փաշինյանը շարունակում է խաղաղություն մուրալ և անտեսել Ալիևի բազմաթիվ մերժումները։ Ալիևը նախընտրում է Հայաստանի մի կտոր, քան թղթի մի կտոր, որն անտեսելու է նույնիսկ իր ստորագրելու դեպքում: Այս կարճ հարցազրույցում Փաշինյանը 11 անգամ կրկնեց խաղաղություն բառը։
Երբ նրան խնդրեցին պատասխանել Ալիևի այն մեղադրանքին, թե Հայաստանը «ֆաշիստական պետություն է», Փաշինյանը երկչոտորեն համաձայնեց, որ Ադրբեջանում կա նման ընկալում Հայաստանի մասին, ինչպես որ Հայաստանում կա նման ընկալում Ադրբեջանի մասին։
Ալիևի կողմից Հայաստանի տարածքով ադրբեջանական միջանցքի մշտական պահանջների առնչությամբ, Փաշինյանը հերթական անգամ չպահանջեց, որ, ինչպես նշված է 2020 թվականի համաձայնագրում, Ադրբեջանը թույլ տա փոխադարձ մուտք Հայաստանին Ադրբեջանի տարածքով:
Պատասխանելով Ալիևի՝ Հայաստանի Հանրապետությունը որպես «Արևմտյան Ադրբեջան» անվանելու մասին հարցին՝ Փաշինյանը պարզապես ասաց. Ալիևը «այս թեմայով նոր բան չի ասել, որ ես նոր արձագանք ունենամ»։
Անդրադառնալով Հայաստանի կողմից զենք ձեռք բերելու վերաբերյալ Ալիևի բողոքներին՝ Փաշինյանը հայտարարեց. «Ոչ ոք չի կարող վիճարկել պաշտպանվող բանակ ունենալու Հայաստանի Հանրապետության իրավունքը»։ Այնուհետև նա հավելեց. «Մենք Հայաստանի Հանրապետության ավելի քան 200 քառակուսի կիլոմետր օկուպացված տարածքները ռազմական ճանապարհով ետ բերելու խնդիր չենք դնում .…»:
Հայաստանի կողմից հրադադարը խախտելու վերաբերյալ ադրբեջանական մեղադրանքներին ի պատասխան՝ Փաշինյանը կրկնեց իր առաջարկը՝ «ստեղծել համատեղ մեխանիզմ, որ հրադադարի ռեժիմի խախտման վերաբերյալ ամեն ահազանգ համատեղ ստուգենք և գանք համատեղ եզրակացությունների»։
Հունվարի 9-ին Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակեց ծավալուն մի հայտարարություն՝ բաղկացած 17 կետից՝ կատարելով Ալիևի զիջումների պահանջները։
Նա «Արևմտյան Ադրբեջանը» նկարագրեց որպես Ադրբեջանի արևմտյան մասում գտնվող մի քանի քաղաքներից բաղկացած տարածք, ներառյալ Արցախի հատվածները։ Նա Հայաստանի Հանրապետության քաղաքները կեղծորեն անվանեց որպես «Արևմտյան Հայաստան»՝ նենգաբար հավելելով. «սրանից դուրս չկա եւ չի կարող լինել Արևմտյան Հայաստան»։
Այնուհետև նա մանրամասնեց «տարածաշրջանում երկարատև կայունություն և խաղաղություն հաստատելու» բաղադրիչները.
– «Փոխադարձաբար հրաժարվել էսկալացնող խոսույթներից»։
– «Շարունակել սահմանազատման աշխատանքը»։
– «Կնքել Խաղաղության պայմանագիր, որը 90 տոկոսով պատրաստ է»։
– «Իրագործել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը»։
– «Հրադադարի ռեժիմի խախտումների հետաքննության համատեղ մեխանիզմ ներդնել»։
– «Ամբողջական կերպով լուծել պահվող անձանց խնդիրը»։
– «Ամբողջ ինտենսիվությամբ աշխատել գտնվելու վայրն անհայտ համարվող անձանց ճակատագրի պարզաբանման խնդրի լուծման վրա»։
– «Հրաժարվել միմյանց նկատմամբ առաջադրված պահանջներից, ներառյալ բայց ոչ միայն միջազգային դատական ատյաններում»:
– «Աշխատել Խաղաղության պայմանագրի կետերի ամբողջական և արդյունավետ իրագործման վրա»։
– «Սպառազինությունների փոխադարձ վերահսկման, քվոտավորման, կիրառման սահմանափակումների շուրջ բանակցելու մեխանիզմ ձևավորել»։
– «Երկու երկրներից փախստականների հետ կապված հարցերը քննարկել ամբողջության մեջ, խաղաղության հաստատումից հետո ձեւավորելով համատեղ մասնագիտական, փորձագիտական հանձնաժողով»։
– «Լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը»։
Այս կետերից մի քանիսը Փաշինյանի նախկին առաջարկների կրկնությունն են, որոնք Ալիևը չի ընդունել։ Սակայն դրանցից մի քանիսը հակասում են Հայաստանի շահերին, մասնավորապես՝ միջազգային դատարաններում փոխադարձ հայցերի հետ կանչումը և ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը։ Այս երկու պահանջներն էլ եղել են Ալիևի թելադրանքով։
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի