«Մեր հարաբերությունները՝ հիմնված ընդհանուր արժեքների և փոխադարձ շահերի վրա, վերջին տարիներին նշանակալի զարգացում են ապրել։ Դրանք հասել են այնպիսի մակարդակի, որի դեպքում ռազմավարական գործընկերության հաստատումը ոչ միայն համապատասխանում է ներկայիս իրողություններին, այլև էական նշանակություն ունի բարդ աշխարհաքաղաքական պայմաններում գործելու համատեքստում»։
Այս մասին ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրման ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
«Մենք նաև սկսում ենք բանակցությունները ԱՄՆ-ի հետ միջուկային համագործակցության համաձայնագրի շուրջ, որը հայտնի է որպես «123-րդ համաձայնագիր»։ Այն կընձեռի խաղաղ նպատակներով միջուկային էներգիայի օգտագործման հարցում համագործակցության շրջանակ և կնշանավորի մեր հանձնառությունը միջուկային էներգիայի խաղաղ զարգացմանը՝ ապահովության, անվտանգության և չտարածման ամենաբարձր չափանիշներով», – հայտնել է դիվանագետը:
Տարածաշրջանային դրության հետ կապված նախարարը շեշտել է, որ ՀՀ-ն խորապես գնահատում է Նահանգների՝ խաղաղությանն ու կայունությանը միտված ներգրավվածությունը Հարավային Կովկասում։ Նախարար Միրզոյանն ընդգծել է՝ կայուն և բարգավաճող Հարավային Կովկասի առկայությունը բխում է տարածաշրջանային և միջազգային բոլոր դերակատարների շահերից։
Կարդացեք նաև
ՀՀ գլխավոր դիվանագետը տեղեկացրել է նաև, որ «Հայաստանը մտադիր է միանալ «Իսլամական պետությանը պարտության մատնելու գլոբալ կոալիցիային»՝ հավելյալ ընդգծելով մեր նվիրվածությունը միջազգային ահաբեկչության դեմ պայքարին»:
Արտգործնախարարն անդրադարձավ նաև ամերիկյան հաջորդ վարչակազմի հետ աշխատանքը շարունակելու պատրաստակամությանը։
«Մենք ցանկանում ենք շարունակել համագործակցությունն ԱՄՆ նոր վարչակազմի հետ՝ մեր Ռազմավարական գործընկերության կանոնադրության մեջ նշված հավակնոտ նպատակներն իրագործելու ուղղությամբ», – նշել է Միրզոյանը։
Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ