ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին համաձայնագրի ստորագրման ժամանակ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ընդգծել է երկու երկրների միջև վերջին տարիներին նոր զարթոնք ապրած տնտեսական և էներգետիկ համագործակցության դերը։
Պետքարտուղարի խոսքով՝ Հայաստանն ու Նահանգները շուտով միջուկային խաղաղ համագործակցության շուրջ բանակցություններ կսկսեն։
Նա շեշտել է նաև անվտանգային և պաշտպանական գործակցությունը։
«Մենք աջակցում ենք իր անկախության և սեփական տարածքի նկատմամբ ինքնիշխանության բարձրացմանը միտված Հայաստանի ջանքերին», – նշել է Բլինքենը։
Կարդացեք նաև
Ամերիկացի պաշտոնյան հայտնել է, որ գալիք ամիս մաքսային և սահմանային պարեկության թիմ կայցելի Հայաստան՝ հայ գործընկերների հետ սահմանային անվտանգության ունակությունների զարգացման համար։
Բլինքենը կարևորեց նաև արդեն երկու անգամ անցկացված հայ և ամերիկացի խաղաղապահների «Արծիվ գործընկեր» զորավարժությունները։
Հայտնի դարձավ, որ Հայաստանը միանալու է ևս 87 երկրի՝ «Իսլամական Պետություն» ահաբեկչական կազմավորման ոչնչացման պայքարում։
Հեռացող պետքարտուղարը բարձր է գնահատել վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարության ժողովրդավարական և արդար հասարակության հաստատմանն ուղղված ջանքերը՝ այս համատեքստում ընդգծելով Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանին ամերիկյան պետքարտուղարության կողմից հանձնված Anti Corruption Champion մրցանակը։
Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ