Լրահոս
Օրվա լրահոսը

Հրանտ Բագրատյան. «Եթե Մինսկի խումբը կա, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը դատելն անհնարին է, եթե կա Մինսկի խումբը, ֆաշիստը Ալիեւն է»

Հունվար 14,2025 23:03

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը «Հայելի» ակումբում անդրադառնալով Ալիեւի հայտարարություններին՝ ասաց, որ իր կարծիքով դա կապված է այն բանի հետ, որ Նիկոլ Փաշինյանը, իսկ նրանք մշտական կապի մեջ են, ինչ-որ հարցերով փորձել էր հակաճառել: Եվ նա երեւի նիկոլ Փաշինյանին հասկացրել էր, որ տղա ջան, Հայաստանում քեզ որ դավաճան, կապիտուլյանտ են համարում, չգիտեն՝ դու ոչ դավաճան ես, ոչ էլ կապիտուլյանտ ես: Դու իրենց մարդն ե՞ս, որ դավաճանել ես: Այսինքն, դավաճանս ո՞րն է: Դու ինձ չէիր դավաճանել, բայց հիմա սկսում ես դավաճանել:

Ակնհայտ է, որ Ալիեւը բավականին վրդովված էր ինքնաթիռի կործանումից հետո: Ռուսաստանը բավականին «չորեց» նրան: Ռուսաստանը Ադրբեջանի նկատմամբ ընդունեց շատ արմատական որոշում. Ադրբեջանի քաղաքացիները ադրբեջանական անձնագրերով կարող են տարվա մեջ Ռուսաստանի տարածքում գտնվել 90 օր: Ռուսաստանը այսպիսի բան ուկրաինացիների հանդեպ դեռ չի արել: Եվ Ռուսաստանի այս վերաբերմունքը նաեւ նշանակում է, որ դեռ չի որոշել՝ Հայաստանի վրա Ալիեւը հարձակվելո՞ւ է, թե՞ չէ:

Միեւնույն ժամանակ Ալիեւը բավականին գրգռվեց Իրանի հայտարարությունից: Իրանն ասաց, որ Հայաստանը ոչ Սիրիա է, ոչ էլ Լիբիա, որտեղ ինչ ուզում՝ անում եք: Ես այս ենթադրություններն ունեի, երբ երեկ արդեն Իրանը հայտարարեց, որ առանց հարցնելու զորք կմտցնի Զանգեզուր: Այս ամենը կատաղեցնում են Ալիեւին: Ու երեւի նրա հայրը՝ Էրդողանը, զանգում, ասում է. Հայաստանը կորցնում ե՞նք, չենք կարողանո՞ւմ Հայաստանը գրավելու պատմական շանսն օգտագործել:

Իսկ ո՞րն է Նիկոլ Փաշինյանի մեղքը, որպես Ադրբեջանի գործակալ, ի՞նչ պետք է աներ, որ չի արել: Նա պետք է առնվազն վաղուց հայտարարած լիներ, որ Հայաստանը դուրս է գալիս Մինսկի խմբից: Որովհետեւ եթե Մինսկի խմբից Հայաստանը դուրս չի գալիս, Բաքվում դատավարությունը վերածվում է ֆարսի:

Բացատրեմ, թե ինչ է Մինսկի խումբը, որովհետեւ այնպես չի, որ մեր ժողովուրդը շատ խելոք է: Հարյուր անգամ բացատրում ես, էլի մեծ մասը չի կարողանում ըմբռնել: 1993-ին ՄԱԿ-ը ստիպված էր զբաղվել Արցախով: Այդ խնդիրը պատվիրակվեց ԵԱՀԿ-ին: ԵԱՀԿ-ն ստեղծեց Մինսկի խումբը, որտեղ Ռուսաստանը, ԱՄՆ-ը եւ Ֆրանսիան պարտավորվեցին քննարկել խնդիրը եւ Ղարաբաղի հարցի լուծում առաջարկել: Խնդիրը գտնվում էր ինքնորոշման եւ Ադրբեջանի տարածքային ամբողջականության տիրույթում: 1993-ին պատերազմը դեռ թեժ ընթանում էր, բայց դրանով ՄԱԿ-ը, ԵԱՀԿ-ն լեգիտիմացրին Ղարաբաղի պրոբլեմը: Իրենք ճանաչել են Ղարաբաղը: Ղարաբաղը ոչ Հարավային Օսեթիա է եղել, ոչ Աբխազիա, ոչ Ղրիմ, որոնց վերաբերյալ Մինսկի խումբ չի ստեղծվել: Այսինքն, Մինսկի խմբի առկայությունը նշանակում է՝ եղբայր, հասկացանք, ՄԱԿ-ի օրենքներին համաձայն արդարացի պրոբլեմ է, որովհետեւ Արցախը Խորհրդային Միության ժամանակ եղել է Ադրբեջանի կազմում որպես ավտոնոմիա: Եվ Խորհրդային Միության վերջին սահմանադրությամբ, օրենքներով իրավունք ուներ դուրս գալու Ադրբեջանի կազմից:

Այսինքն, երբ Խորհրդային Միությունը վերացել է, Արցախը որտե՞ղ պետք է լինի: Այսպես է ընկալվել Մինսկի խումբը: Մինսկի խմբի առկայությունը նաեւ երաշխիք է Հայաստանին: Մինսկի խմբի առկայությամբ ճանաչվում է Հայաստանի գոյությունը: Այս երկու երկրները, ի սկզբանե, որպես երրորդ երկիր նաեւ Արցախը՝ մենք սխալմամբ ենք հրաժարվել դրանից, պետք է քննարկեն ու որոշեն, թե Արցախը ուր գնա:

Այսօր Բաքվում դատական պրոցեսներ են ընթանում եւ հունվարի 17-ին սկսվում է: Բակո Սահակյանի օրինակը, որը վերաբերում է նաեւ Արցախի ռազմաքաղաքական մյուս ղեկավարներին եւ 23 մեր գերիներին, որոնք ապօրինաբար գտնվում են Բաքվի բանտում: Նա մեղադրվում է նրանում, որ լինելով Ադրբեջանի տարածքում՝ քաղաքացու պարտականությունները չի կատարել եւ բունտ է արել: Մինչդեռ, վստահ եմ, որ Բակո Սահակյանի պատասխանը լինելու է, որ ինքը բունտ չի արել: Արցախը Մինսկի խմբի համաձայն ստատուս չի ունեցել:

Մինսկի խմբի առկայությունն է, որ Հայաստանը դրամ է մտցրել որպես վճարման միջոց Արցախում: Եվ դա չի համարվել հանցագործություն: Արցախից Հայաստանի միջոցով ապրանքները արտահանվել են եւ վալյուտային փոխանցումներ էին կատարվում բանկային հաշիվներին: Մեր նկատմամբ սանկցիա չեն մտցրել: Այ, սրանից է, որ մեզ ուզում է զրկել Փաշինյանը, նրա գաղափարակից քաղաքական ուժերը: Եթե Մինսկի խմբից հրաժարվեցինք, նշանակում է Հայաստան չկա:

Մինչեւ Հայաստանի վրա հարձակվելը, Ալիեւը թող մի հատ Ղարաբաղի հարցը լուծի: Այդ հարցն ինքը չի լուծել: Կա Մինսկի խումբ՝ կա Ղարաբաղ, առավել եւս՝ կա Հայաստան: Դրա համար հունվարի 17-ին, ժամը 14:00-ին «Միասին» հասարակական-քաղաքական շարժումը հենց Հանրապետության հրապարակում, կառավարության շենքի հիմնական  մուտքի դիմաց հրավիրում է պիկետ:

Փաշինյանը այդ մարդկանց արդեն մեկ անգամ դավաճանել է եւ տվել Ադրբեջանի ձեռքը: Ես հույս ունեմ, որ հայ ժողովուրդը թույլ չի տա երկրորդ անգամ դավաճանել այդ մարդկանց: Կրկնում եմ, եթե Մինսկի խումբը կա, այդ մարդկանց դատելն անհնարին է, եթե կա Մինսկի խումբը, ֆաշիստը Ալիեւն է: Տրամաբանությունից կատարյալ զուրկ պետք է լինել այս բանը չհասկանալու համար»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031