Քաղաքագետ Գագիկ Համբարյանն, Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով այն պնդումներին, թե ՀՀ ներկայիս իշխանությունը նախորդներից ժառանգություն է ստացել 1994 թվականից՝ զինդադարի հաստատումից ի վեր «Արցախն Ադրբեջանի կազմում» բանակցային ձևաչափը, այն համարեց ցածրակարգ սուտ։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյան, իր ֆեսբուքյան էջում պնդելով, թե 1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին՝ բանավեճի էր հրավիրել նախկին նախագահներին՝ մերժվելով նրանց կողմից։
«Նիկոլ Փաշինյանը և նրա թիմակիցները հայտարարում են, որ Արցախում պետք է տեղի ունենար հանրաքվե և արդյունքը կարող էր այն լինել, որ Արցախը մնար Ադրբեջանի կազմում։ Օրինակ՝ կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը նման պնդում էր անում Հ1-ով՝ Պետրոս Ղազարյանին հյուրընկալվելիս, նա այնպես մատուցեց, որ հանրաքվեի արդյունքում Արցախը վստահաբար մնալու էր Ադրբեջանի կազմում։
Մի քանի օր առաջ էլ Ալիևի խայտառակ ասուլիսից հետո ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը կրկին հայտարարում էր, թե բանակցությունների արդյունքում Արցախը պիտի մնար Ադրբեջանի կազմում։ Դա բացահայտ կեղծիք և սուտ է։
Կարդացեք նաև
Չեմ ուզում հիմա կետ առ կետ անդրադառնալ Մադրիդյան սկզբունքներին՝ որպես արցախյան հարցով զբաղվող պատմաբան և մասնագետ, ընդամենը կնշեմ հետևյալը․ Մադրիդյան սկզբունքների մեջ կար կարևոր կետ, որի համաձայն՝ Արցախի ապագա կարգավիճակը, որը ճանաչելի կլիներ միջազգային հանրության կողմից, այդ թվում պարտադիր կլիներ պաշտոնական Բաքվի և Երևանի համար, այն էր, որ Արցախում պետք է անցկացվեր հանրաքվե։ Եվ այդ հանրաքվեին մասնակցության հարցը հետևյալ ձևաչափով էր դրված․ Արցախի անկախության հանրաքվեն անցկացվելու էր 1989 թվականի Խորհրդային Միության վերջին մարդահամարի տվյալներով, որոնք վերաբերում էին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար մարզին։
Իսկ այդ տվյալները բոլորին հայտնի են․ 1989 թվականի վերջին խորհրդային մարդահամարի համաձայն (ի դեպ, մարդահամարը ոչ թե անցկացվել է հենց 1989 թվականին, այլ այդ թվականին հրապարակվել են տվյալները), Լեռնային Ղարաբաղի Ինքնավար մարզն ուներ բնակչության հետևյալ կազմը՝ 76,4 տոկոսը հայեր էին, 22,4 տոկոսը ադրբեջանցիներ էին և 1․2 տոկոսը այլ ազգի էին։ Այսինքն՝ մենք այստեղից ունենք 100 տոկոսանոց եզրակացություն, որ 76,4 տոկոս հայերի մասնակցության պարագայում Արցախը ստանալու էր անկախություն։ Այլասերված տգետի մտքով միայն կարող է անցնել այն, որ 76,4 տոկոս հայերից մոտ 30 տոկոսը դեմ կքվեարկեր Արցախի անկախությանը՝ մեխանիկորեն կողմ արտահայտվելով, որ Արցախը մնար Ադրբեջանի կազմում, և այդ պարագայում Արցախը նոր միայն կմնար Ադրբեջանի կազմում։
Մեր հասարակությունը չի հասկանո՞ւմ, որ ցածրակարգ ստերի միջոցով իրեն փորձում են խաբել, որևէ մեկի մտքով կացնե՞ր, որ 76,4 տոկոս հայերի մի քանի տոկոսը, ասենք մոտ 30 տոկոսը կարող էր միանալ 22 տոկոս ադրբեջանցիներին, որ պարզ մեծամասնությամբ Արցախը դառնար Ադրբեջանի մաս։
Եվ այսպիսի մեթոդներով հանրությանը փորձում են խաբել և խաբում են։ Մեր հանրությունը և հայ ժողովուրդը երբեք թող չմոռանա, որ 2016 թվականի հոկտեմբեր ամսին Ադրբեջանի նախագահն իրենց կառավարության նիստում բողոքում էր նախարարներին, որ իրեն պարտադրում են ճանաչել Արցախի անկախությունը, դա ի դեպ, իր կայքում հրապարակել է Նիկոլ Փաշինյանի հարազատ «Հայկական ժամանակ» թերթը»,-ասում է քաղաքագետը։
Մանրամասները՝ տեսանյութում
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ