«Ազատություն». Ալիևի ընտանիքի հետ սերտ կապերով հայտնի ավիափոխադրողը կարող է հերթական ֆինանսավորումը ստանալ Միացյալ Նահանգների կառավարական գործակալություններից մեկից։
Այս գործարքը փորձում է կանխել Ամերիկայի հայ դատի գրասենյակը՝ կոչ անելով Արտահանման-Ներմուծման Բանկին՝ EXIM -ին ադրբեջանական Silk Way Airlines-ին չտրամադրել 100 միլիոն դոլարի վարկ։ Ավիափոխադրողը ցանկանում է այդ գումարը ստանալ Boeing բեռնատար ինքնաթիռներ գնելու համար։
Հայ-ամերիկյան կազմակերպությունը մտավախություն ունի, որ երկակի նշանակության այդ օդանավերը Ալիևի ռեժիմը կարող է օգտագործել Հայաստանի դեմ ագրեսիա իրականացնելու նպատակով, մասնավորապես, զենքի փոխադրումների համար։
Անցած շաբաթ ամերիկյան կառավարության մաս կազմող EXIM-ը հաստատել էր՝ Boeing-ից հայտ է ստացել 100 միլիոն դոլարը գերազանցող վարկի համար և մինչև փետրվարի 7-ը հանրային մեկնաբանություններ կընդունի առաջարկի վերաբերյալ։ Դրամատունը խոստանում է այդ մեկնաբանությունները EXIM-ի տնօրենների խորհրդի քննարկմանը ներկայացնելուց հետո միայն ընդունել վերջնական որոշումը։
Սա EXIM բանկի և Ադրբեջանի կառավարության առաջին համագործակցությունը չէ։ Վերջին մեկ տասնամյակի ընթացքում ամերիկյան ֆինանսական այս կառույցը հարյուր միլիոնավոր դոլարի ներդրումներ է արել Ադրբեջանում, այդ թվում՝ Silk Way ավիաընկերությունում, որն ըստ մի շարք հեղինակավոր պարբերականների՝ ադրբեջանական զենքի հիմնական փոխադրողն է և սերտ կապեր ունի Ադրբեջանի իշխող ընտանիքի հետ։
EXIM բանկը Silk Way-ից բացի շռայլ ֆինանսական հատկացումներ է արել նաև Ալիևի կառավարության մեկ այլ ռազմավարական ծրագրում՝ Azersat ադրբեջանական արբանյակի նախագծում։
Բաց աղբյուրներում առկա տեղեկատվության համաձայն՝ ЕXIM բանկի ղեկավարներն անձամբ են Ադրբեջան այցելել և երկկողմ հանդիպումներ ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Ընդ որում՝ այդ հանդիպումներից մեկը տեղի է ունեցել 2016-ի քառօրյա պատերազմից մեկ շաբաթ առաջ։
Ամերիկյան այդ կառույցի տնօրենի վերջին այցը Ադրբեջանը երկու ամիս առաջ էր․ մինչ բազմաթիվ արևմտյան առաջնորդներ և առաջատար ընկերությունների ղեկավարներ բոյկոտում էին էթնիկ զտումների, մարդու իրավունքների խախտումների մեջ մեղադրվող Ադրբեջանի հյուրընկալած COP29-ը, EXIM-ի ղեկավար Օուեն Հերնշտադտը Բաքվում խոսում էր «կանաչ էներգիայի ծրագրերի ֆինանսավորման պատրաստակամության» մասին։
Արդյոք բեռնափոխադրող օդանավերի գործարքը քննարկվե՞լ է հենց COP29-ի ընթացքում, ի՞նչ մոդելի և քանի՞ ինքնաթիռ է պատրաստվում ձեռք բերել Բաքուն ու արդյոք բանկի կողմից Silk Way-ի գործարքի ֆինանսավորումը չի՞ ակտիվացնելու ադրբեջանական ավիաընկերության կողմից զենքի փոխադրումներն ու դրանց կիրառումը հակամարտության գոտիներում․ այս հարցերն «Ազատությունը» ուղղել է EXIM բանկին, պատասխան դեռ չունենք։
Ադրբեջանը 44-օրյայից հետո զենքի փոխադրումներն իրականացրել է Silk Way-ի միջոցով. հետաքննություն
Մինչ այդ՝ ադրբեջանական Meydan TV-ին, որի ադրբեջանական խմբագրակազմը բանտարկված է, ծավալուն հետաքննություն է հրապարակել՝ պնդելով, որ Ադրբեջանի կառավարությունը 44-օրյա պատերազմից հետո էլ շարունակել է զինվել և զենքի փոխադրումներն իրականացրել հենց Silk Way ավիաընկերության միջոցով՝ հիմնականում Իսրայելից։
«Մեր հետաքննությունը ցույց է տալիս, որ ադրբեջանական Silk Way ավիաընկերությանը պատկանող բեռնատար ինքնաթիռները օդ են բարձրացել Իսրայելի ռազմաօդային ուժերի «Օվդա» բազայից, թռչել Իսրայելի վրայով, շարունակել դեպի հյուսիս՝ Թուրքիայի օդային տարածքով, ապա վայրէջք կատարել Բաքվում», – գրում է Բեռլինում տեղակայված լրատվամիջոցը՝ շեշտելով, որ միայն անցած տարի «Օվդա» իսրայելական ավիաբազայից Ադրբեջան իրականացվել է 25 ռազմական թռիչք։
Վկայակոչելով “Flightradar24” -ի տվյալները՝ Meydan-ը նշում է, որ ընդհանուր առմամբ՝ անցած տարի ավելի քան 40 բեռնատար է վայրէջք կատարել Բաքվում «զենք մատակարարելու նպատակով»։
Այս փոխադրումներն իրականացնող ավիաընկերությանը տարիներ շարունակ խոշոր ֆինանսական միջոցներ տրամադրած EXIM-ը, որը պատրաստվում է քննարկել հերթական հատկացումը, Միացյալ Նահանգների կառավարության արտահանման վարկավորման պաշտոնական գործակալությունն է: Բանկի նախագահին նշանակում է ամերիկյան սենատը, իսկ տնօրենների խորհրդի անդամներին առաջադրում է ԱՄՆ նախագահը։
1934 թվականին հիմնադրված բանկը, ինչպես նկարագրում է հետաքննող լրագրողների միջազգային ցանցը՝ OCCRP-ն, չի մրցակցում առևտրային վարկային հաստատությունների հետ։ Փոխարենը, այն հեշտացնում է գործարքներն ու ներդրումները, որոնցից մյուս վարկատուները խուսափում են ֆինանսական և քաղաքական ռիսկերի պատճառով:
«Արտահանման-ներմուծման բանկին չի մտահոգում այն, թե ում է վարկ տրամադրում, քանի դեռ վարկը մարվում է», – OCCRP-ին ասել է 2008-2009 թվականներին ժողովրդավարության, մարդու իրավունքների հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնականի պաշտոնն զբաղեցրած Դեյվիդ Կրամերը։