Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանության Մալաթիայի բաժնում պահվող թռչող սարքը կհետազոտվի

Հունվար 14,2025 20:15

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Կենտրոն նստավայրում՝ դատավոր Ջոն Հայրապետյանի նախագահությամբ ընթացող  «Հյուսիսային տերեւաթափի» գործով դատաքննության ժամանակ  մեղադրյալ Վազգեն Ոսկանյանի պաշտպան Զորայր Հարությունյանը հայտնեց, որ այս փուլում իր պաշտպանյալը ցուցմունք չի ցանկանում տալ:

Նա նիստը նախագահողին հայտնեց, որ միջնորդություններ ունի , որոնք վերաբերում են նոր ապացույցներ ձեռքբերելուն, նոր վկաներ հարցաքննելուն եւ խորհրդակցելով իր պաշտպանյալի հետ ՝ որոշում է կայացրել, որ մինչ այդ միջնորդությունների քննարկումը կամ դրանց բավարարումը պահպանեն լռություն: Փաստաբան Հարությունյանի այս հայտարարությանը միացան նաեւ մյուս մեղադրյալների պաշտպանները:

Զորայր Հարությունյանը դատարանին փոխանցեց իր մի քանի գրությունների պաշտոնական պատասխանները: Ամենաուշագրավը Ոստիկանության Մալաթիայի բաժնից ստացված գրությունն էր, ըստ որի փաստաբանին հայտնում էին, որ 2023 թվականին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տարածքից վարչական իրավախախտման համար բաժին են բերվել Վազգեն Ոսկանյանը,  Ծատինյանը, Հարությունյանը, որոնց մոտից հայտնաբերվել է թռչող սարք, որը գտնվում է Ոստիկանության Մալաթիայի բաժնի հատուկ պահպանվող սենյակում: Հենց այս գրության վերաբերյալ էլ փաստաբան Հարությունյանը միջնորդություն ներկայացրեց:

Ըստ նրա՝ թե՛ մեղադրանքի կողմը, թե՛ քրեական վարույթի նյութերը անընդհատ ակնարկում են, որ անօդաչու թռչող սարքեր են եղել ու մասնավորապես մարզահամերգային համալիրի տարածքում օդ բարձրացնելու դրվագի մասին են շեշտվում. «Ես գտնում եմ, որ այս վարույթի շրջանակներում անհրաժեշտ է պահանջել ու ստանալ այդ առգրավված թռչող սարքն ու այն զննել դատական նիստի ընթացքում, ինչի արդյունքում  հնարավոր կլինի արձանագրել՝ այն պետք է ճանաչե՞լ իրեղեն ապացույց, թե՞՝ ոչ»:

«Փաստորեն նաեւ պաշտպանական կողմից չի հերքվում, որ տվյալ ժամանակահատվածում մեղադրյալները տվյալ տարածքում թռչող սարք են փորձարկել: Այստեղ որեւէ հակասություն չունենք: Դա պնդում է  վարույթ իրականացնող մարմինը եւ դա ընդունում է  պաշտպանական կողմը: Հիմա ո՞րն է նպատակը, բերենք, զննենք  եւս մեկ անգամ հաստատենք, որ թռչող սա՞րք է: Տրամաբանությունն եմ  ուզում հասկանալ»,- պաշտպանի ներկայացրած միջնորդությանն այսպես առարկեց մեղադրող դատախազը:

Փաստաբան Հարությունյանն էլ արձագանքեց, որ այդ հանգամանքների վերաբերյալ վարչական պատասխանատվության են ենթարկվել մեղադրյալները, եւ դրա համար այդ հանգամանքը որեւէ կողմից չի վիճարկվել ու չի վիճարկվում: Իսկ թռչող սարքը զննելու իմաստը, ըստ փաստաբանի,  անհրաժեշտ է դատարանի գնահատման համար. «Կարեւոր է հասկանալ, որ խոսքը գնում է 20.000 դրամանոց խաղալիքի մասին, ոչ թե ինչ-որ ԱԹՍ-ի, որից ինչ-որ բան էր հնարավոր կախել»: Այս միջնորդությանը միացան մյուս պաշտպանները: Դատարանը բավարարեց փաստաբանի միջնորդությունը:

Հիշեցնենք՝ 2023-ի նոյեմբերի 2-ին ԱԱԾ-ի տարածած հաղորդագրության համաձայն՝ «Նախաքննության ընթացքում կատարված ապացուցողական և վարութային այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ Ա.Մ-ն, Ս.Մ-ի, Է.Ծ-ի, Վ.Ո-ի, Կ.Ս-ի և քննությամբ դեռևս ինքնությունները չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, խմբի կազմում գործիքներ, միջոցներ ձեռք բերելու, դրանք հարմարեցնելու և դիտավորությամբ այլ պայման ստեղծելու եղանակով 2023 թվականի ընթացքում նախապատրաստել են կատարել պայթյուն և այլ հանրավտանգ արարք, ինչպես նաև զավթել և պահել ՀՀ պետական նշանակության և այլ շինություններ՝ զուգորդված քաղաքացիական անձին կյանքից զրկելու, ենթադրյալ խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու և այլ ծանր հետևանք առաջացնելու վտանգով, որի նպատակն է եղել հանրային իշխանության մարմինների գործունեությունը կազմալուծելը, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներով չեն կարողացել սկսել դիտավորության մեջ ընդգրկված հանցանքի օբյեկտիվ կողմի կատարումը, քանի որ հանցանքը բացահայտվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից:

Քրեական վարույթի շրջանակներում ձեռք բերված բավարար փաստական տվյալների հիման վրա հանցավոր խմբի 5 անդամների նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով հարուցվել են հանրային քրեական հետապնդումներ, ներկայացվել են մեղադրանքներ: Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց՝ կիրառվել է կալանքը»։

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031