Վարչական դատարանն այսօր հետաձգել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորների ներկայացրած հայցի վերաբերյալ նախնական նիստի անցկացումը։
Հիշեցնենք, որ ընդդիմադիր պատգամավորներ Արթուր Խաչատրյանը, Քրիստինե Վարդանյանը, Աննա Գրիգորյանը եւ Գեղամ Մանուկյանը հայց են ներկայացրել դատարան՝ պահանջելով ոչ իրավաչափ համարել ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի՝ 2024 թ. մարտի 14-ի գրությունը, որով պատգամավորներին արգելվել էր ծանոթանալ Ադրբեջանի հետ քննարկվող պայմանագրի փոխանակվող նախագծերին։
Դատարանում պատգամավորների շահերը ներկայացնող փաստաբան Հովհաննես Խուդոյանն «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ պատգամավորները, այլ դեպքով պայմանավորված, չեն կարողացել այսօր ներկայանալ դատարան։ «Եվ ես խնդրել եմ դատական նիստը հետաձգել, նիստը հետաձգվել է ու կանցկացվի մարտի 4-ին»,- ասաց նա։
Փաստաբանի խոսքով՝ չի կարող որեւէ պետական գաղտնիք թաքցվել այն պատգամավորներից, որոնք պետական գաղտնիքի թույլտվություն ունեն։ «Այդ թվում՝ այլ դեպքեր էլ են եղել, օրինակ, հաճախ պատգամավորներին թույլ չեն տվել առաջնագիծ գնալ, որի իրավունքը նույնպես չունեին։ Բայց այս դեպքը շատ ավելի կարեւոր է, որովհետեւ քննարկվելիք պայմանագրին է վերաբերում։ Դրա վերաբերյալ այնքան խառը ինֆորմացիա ենք ստանում, որ շատ կարեւոր է, որպեսզի առաջնային մանդատ ունեցող պատգամավորները ծանոթանան»,- ասաց Խուդոյանը։
Կարդացեք նաև
Նա անդրադարձավ նաեւ հարցին, թե ի՞նչ ակնկալիք ունեն այս գործընթացից․ «Այս հայցատեսակով դատարանն ընդամենը պետք է իրավունքի խախտում ճանաչի, անմիջականորեն չի պարտավորեցնելու։ Բայց այդ պարագայում արդեն այլ գործընթաց կսկսվի այդ դատական ակտի հիման վրա»։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ