ՀՀ Պետական վերահսկողական ծառայությունը դատական հայց է ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան՝ ընդդեմ «Հետաքննող լրագրողներ» լրատվամիջոցի՝ հրապարակված պնդումները հրապարակային հերքելուն պարտավորեցնելու, փոխհատուցման գումարի բռնագանձման և ընդդեմ նախկին աշխատակցի՝ հրապարակված պնդումները հրապարակային հերքելուն պարտավորեցնելու փոխհատուցման գումարի բռնագանձման պահանջներով: Հայցի փաստական հիմք է հանդիսանում այն հանգամանքը, որ 2024 թվականի դեկտեմբերի 25-ին «HETQ.AM» կայքում և «Հետք» ֆեյսբուքյան պաշտոնական էջում հրապարակվել է նյութ՝ «ՊՎԾ-ն «Արմենիա» ԲԿ-ում թերի ուսումնասիրություն է արել և կոծկել խախտումները» վերտառությամբ, որտեղ մասնավորապես նշվել է, որ «Արմենիա» ԲԿ-ի բաժնետիրոջ հետ բարեկամական և ազգակցական կապեր ունեցող անձինք ստուգման ժամանակ պատասխանատու պաշտոններ են զբաղեցրել Առողջապահության նախարարությունում և Պետական վերահսկողական ծառայությունում: Տվյալ նյութի շրջանակներում, ՊՎԾ նախկին աշխատակիցն էլ «Հետք»-ին պատմել է, թե ինչպես են ԲԿ-ում ուսումնասիրությունների ժամանակ իբրև օգտագործվել ընկերական և բարեկամական կապերը, որի հետևանքով փաստաթղթերն ամբողջ ծավալով չեն ուսումնասիրվել: Համապատասխան քրեական վարույթի ժամանակ էլ իբրև հաստատվել է թերի ուսումնասիրություն կատարելու «փաստը»:
Այնուհանդերձ, Ծառայությունը փաստերով նշում է, որ հրապարակման մեջ նշված մի շարք հանգամանքներ իրականության հետ որևէ աղերս չունեն: Ավելին՝ դրանք քննության առարկա են հանդիսացել Ծառայությունում իրականացված ծառայողական քննության, իսկ հետագայում՝ նաև Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում, և այդ պնդումները չեն հաստատվել տրված վերջնական իրավական գնահատականների շրջանակներում:
Այսպիսով, ակնհայտ է, որ «HETQ.AM» կայքում և «Հետք» ֆեյսբուքյան պաշտոնական էջում 25.12.2024 թվականին տեղադրված հոդվածն իր բնույթով զրպարտություն է: Նման բովանդակությամբ նյութի հրապարակումը չի հետապնդում իրավաչափ նպատակ՝ հասարակությանը տրամադրելու անաչառ տեղեկատվություն, այլ նպատակ է հետապնդում բացառապես արատավորելու պետական մարմնի՝ Պետական վերահսկողական ծառայության բարի համբավը:
Հաշվի առնելով, որ պատասխանողները զրպարտության միջոցով արատավորել են Ծառայության բարի համբավը, նկատի ունենալով, որ հետագայում նմանատիպ երևույթները նշված անձանց կողմից կարող են կանխվել նաև ֆինանսական պատասխանատվության միջոցների կիրառմամբ, և հիմք ընդունելով օրենսդրական վերը նշված կարգավորումները՝ հայցադիմում է ներկայացվել դատարան՝ պարտավորեցնելու լրատվամիջոցին և նախկին աշխատակցին հերքում տարածել վերը նշված հոդվածում հրապարակված պնդումների վերաբերյալ և վճարել փոխհատուցում:
Կարդացեք նաև
Պետական վերահսկողական ծառայությունը հավատարիմ է իր առաքելությանը՝ անկախ իր բարի համբավն արատավորելու անհաջող փորձերից, անհիմն մեղադրանքներից և անհարկի թիրախավորումներից, ինչի վառ ապացույցն են նաև վերջին տարիներին Ծառայության կողմից իրականացված վերահսկողական գործառույթների իրականացման արդյունքներով մի քանի միլիարդ դրամ ՀՀ պետական բյուջե վերականգնելու, մի քանի տասնյակ օրենսդրական նախաձեռնություններ հարուցելու, ինչպես նաև մի քանի հազար ՀՀ քաղաքացիների կողմից հասցեագրված հանրագրերի և դիմում–բողոքների ընթացքն արդյունավետորեն լուծելու փաստերը:
Պետական վերահսկողական ծառայությունը կոչ է անում զանգվածային լրատվամիջոցներին՝ զերծ մնալ չհիմնավորված, մտացածին պնդումներից՝ անհարկի շահարկելով Ծառայության անունը և լրատվական գործունեության ընթացքում պահպանել հանրային իրազեկման օբյեկտիվությունն ու անաչառությունը:
ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ