«2024թ տեսչական մարմնի կողմից վերահսկողական միջոցառումներ են իրականացվել շուրջ 4000 տնտեսվարողների մոտ, որոնցից 1100-ի մոտ խախտումներ են հայտնաբերվել,- «Արմենպրեսի» մամուլի սրահում կայացած ասուլիսում նշեց ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) ղեկավար Արմեն Դանիելյանը:
Նրա խոսքով. «Տեսչական մարմինը 130 տնտեսվարողների մոտ գործունեության կասեցումներ է իրականացրել, 64 տնտեսվարողներ խախտումները վերացրել են, եւ վերջիններիս հնարավորություն է տրվել գործունեությունը շարունակել»:
Սննդային թունավորումների մասին խոսելիս՝ Արմեն Դանիելյանը նշեց, որ 2024թ գրանցվել է 13 դեպք՝ 44 անձանց թունավորումների հետ կապված, բարեբախտաբար մահվան ելքեր չեն եղել:
ՍԱՏՄ ղեկավարը նաեւ անդրադարձավ սպանդանոցների թեմային. «2024թ տարեվերջին աղմուկ հանեց ոչ սպանդանոցային ծագման մսի նկատմամբ վերահսկողությունը: Այս համատեքստում տեղեկացնեմ, որ այս պահին ունենք 139 գործող սպանդանոց, սա այն դեպքում, երբ 2022թ ունեինք ընդամենը 99 սպանդանոց, որից 27-ը չէր գործում, իսկ այս պահին 139-ից միայն 12-ը չի գործում»:
Կարդացեք նաև
Հավելեց, որ շուրջ 4000 վերահսկողական միջոցառումների մեջ պլանային ստուգումները 1000-ն էին, եւ իրենց համար կարեւոր ցուցանիշ են պլանային ստուգումների ժամանակ հայտնաբերված խախտումները, որոնք խոսում են պլանավորման արդյունավետության մասին. «Տեսչական մարմնի գործունեությունը միտված է ճիշտ պլանավորելուն եւ արդյունավետ վերահսկողություն իրականացնելուն… Պլանավորման դեպքում մենք ունենում ենք ավելի շատ խախտումների բացահայտում, այն դեպքում, երբ դիմում-բողոքների պարագայում խախտումների թիվը քչանում է»:
Մանրամասն՝ տեսանյութում.
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ