«Մեկ ժամ խոսում էի խտրական հարցերից, սեռերով պայմանավորված հարցերից։ Ի՞նչ է նշանակում՝ այդ ի՞նչը տղամարդը չէր կարող անել, որ կինն արեց, դա ի՞նչ հարց է։ Տղամարդու հարց չէ, մասնագետի հարց է»,- ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողները հիշեցին «Չառլիի հրեշտակներ» ֆիլմը և համեմատություն անցկացրին այն փաստի հետ, որ Նիկոլ Փաշինյանը կանանց է վերջին շրջանում պաշտոնների նշանակում և Սրբուհի Գալյանին ասացին, որ հրեշտակներից մեկն էլ ինքն է ընկալվում հանրության շրջանում, ուստի հարցրին՝ այդ ո՞ր գործը պետք է ինքն անի, որը չեն կարողացել կամ չեն ուզել անել իր թիմակից տղամարդ նախարարները, այսպես արձագանքեց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։
Նա շարունակելով թեման ասաց․ «Ես, այո, կին եմ և շատ լավ մասնագետ եմ։ Հետևաբար իմ տեղում եմ։ Այլ տղամարդ, որ իր տեղում է, շատ լավ մարդ ու մասնագետ է, դրա համար իր տեղում է։ Հարցը որտեղի՞ց է բխում։ Այս կամ այն ոլորտը որևէ մեկին վստահելիս սեռն այլևս կապ չունի։ Իմ կարծիքն այն է, որ կանայք սոցիալական կապերի տեսանկյունից պակաս խոցելի են, քան տղամարդիկ, որովհետև տղամարդիկ այս կամ այն հարցերի լուծման պարագայում գուցե ավելի հասանելի են՝ շրջապատի մեծության տեսանկյունից, բայց սա որոշիչ գործոն որևէ դեպքում լինել չի կարող։ Դա իմ անձնական կարծիքն է։ Բայց որոշիչ նշանակությունը այս կամ այն անձին այս կամ այն պաշտոնում նշանակելու, բոլորին պետք է այդպես թվա, տվյալ անձի մասնագիտական կարողություններն ու մարդկային արժանիքներն են և բարեվարքության համակարգը, որին տվյալ անձը հետևում է»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ