«Վարչապետի այս հայտարարությունը պայմանավորված է եղել այդ ժամանակ եղած իրականությամբ»,- լսելով Նիկոլ Փաշինյանի՝ «վնգստացող դատավորների» մասին հայտարարությունը՝ ասաց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։
Քանի որ Սրբուհի Գալյանն ասել էր, որ չի լսել նշված հայտարարությունը, լրագրողները ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ միացրին ձայնագրությունը։
Նախարարն ասաց․ «Այն ժամանակ, երբ հեղափոխությունը տեղի ունեցավ, քննարկվում էր անցումային արդարադատությունը, վեթինգը և այլն։ Մինչև հիմա վարչապետի խոսքում կան հստակ շեշտադրումներ հետևյալի մասին՝ դատավորնե′ր, արդարադատություն իրականացնողները դուք եք, բայց ձեր կողմից իրականացվող արդարադատության հետ կապված հարցադրումների հասցեատերը մենք ենք՝ կառավարությունը։ Կարծում եմ՝ այս կտրուկ դիրքորոշումը պայմանավորված էր տվյալ ժամանակահատվածում եղած իրողություններով։ Խնդրում եմ մի առաջնորդվեք միայն այն արտահայտություններով, որոնք կարող են գլխագրերի տեսքով հետաքրքիր լինել հանրության համար։ Կարևոր է, թե ինչ ակնկալիքներ կան դատարաններից այսօր, ինչ է կատարվելու վաղը»։
Լրագրողները նաև հետաքրքրվեցին՝ ինչպես Նիկոլ Փաշինյանն էր ասում, քանի՞ վնգստացող դատավոր է մինչև 2021-ը իր իրերը հավաքել, գնացել, Սրբուհի Գալյանը պատասխանեց․ «Չունեմ վիճակագրական տվյալներ։ Կան և եղել են կարգապահական վարույթներ, գույքային դրության ստուգումներ են անցկացվել, համակարգի ինքնազտումը շարունակական երևույթ է»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ