2025թ․ հունվարի 9-ին Հայաստանի Հանրապետության վարչապետը հրապարակում է կատարել, որում, ի թիվս այլ պնդումների, ներկայացրել է տարածաշրջանում երկարատև կայունություն և Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատելու շուրջ առաջարկներ։ ՀՀ վարչապետը, ի թիվս այլ առաջարկների շեշտել է՝ «հրաժարվել միմյանց նկատմամբ առաջադրված պահանջներից, ներառյալ բայց ոչ միայն միջազգային դատական ատյաններում, լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը»։
Ներքոստորագրյալ հասարակական կազմակերպություններս ՀՀ վարչապետի նման առաջարկը համարում ենք խիստ մտահոգիչ, անընդունելի ու դատապարտելի։ Սույն հայտարարությամբ պահանջում ենք Հայաստանի Հանրապետության կառավարությունից և վարչապետից որևէ պայմաններում և հանգամանքներում չհրաժարվել Ադրբեջանի դեմ միջազգային դատական ատյաններում ներկայացված գանգատներից։
Ինչպես նախկինում, այնպես էլ ներկայումս պնդում ենք, որ տարածաշրջանում երկարատև կայունություն և խաղաղություն հաստատել հնարավոր չէ, քանի դեռ ձևավորված և իրագործված չեն մարդու իրավունքների զանգվածային խախտումները կանխող, խախտված իրավունքների վերականգնումը երաշխավորող մեխանիզմներ։ Առանց նման մեխանիզմների հնարավոր չի լինի ոչ միայն կանխել ապագայում հնարավոր համանման խախտումները, այլև վերացնելու մարդու իրավունքների խախտումների համար անպատժելիությունը։ Առանց մարդու իրավունքները հիմքում ունեցող համապարփակ գործընթացի խաղաղությունն ինքնին զուրկ է իրական բովանդակությունից և չի կարող երաշխավորված լինել երկարաժամկետ կտրվածքով։
Որևէ դեպքում մարդու իրավունքների պաշտպանությունը չի կարող դառնալ քաղաքական սակարկության առարկա։ Ադրբեջանը որևէ գործողություն չի կատարել և չի կատարում մարդու իրավունքների խախտումների փաստը ճանաչելու, դրանք քննելու և հանցագործներին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ, մարդու իրավունքների խախտումների համար փոխհատուցում տրամադրելու, հավաստելու և երաշխավորելու ապագայում նման խախտումներն ու հանցագործությունները բացառելու ուղղությամբ։ Միջպետական գանգատներից հրաժարումը բերելու է Ադրբեջանի կողմից իրականացրած մարդու իրավունքների խախտումների և հանցագործությունների համար տոտալ անպատժելիության և նոր խախտումների և հանցագործությունների կատարման։
Կարդացեք նաև
Սույնով պնդում ենք, որ՝
- Հայաստանի Հանրապետության (ՀՀ) կողմից միջազգային դատական ատյաններին ներկայացված հայցերով հայցվող իրավունքների պաշտպանությունը որևէ կերպ չի կարող ստորադասվել կամ փոխարինվել քաղաքական գործընթացներով և դրա արդյունքում ընդունվող միջպետական քաղաքական փաստաթղթերով, հատկապես եթե դրանց կատարումն ապահովող առնվազն համարժեք մեխանիզմ նախատեսված չէ։
- ՀՀ ստանձնել է հստակ պարտավորություն՝ իր քաղաքացիների և իր իրավազորության ներքո գտնվող յուրաքանչյուր անձի համար ապահովելու այն իրավունքներն ու ազատությունները, որոնք սահմանված են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով, այդ թվում՝ արդյունավետ պաշտպանության միջոցի իրավունքը։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) միջպետական գանգատներից հրաժարվելը կհանդիսանա Կոնվենցիայով ստանձնած այս պարտավորության խախտում։
- Ռասայական խտրականության արգելքը ճանաչված է որպես jus cogens, որը ստեղծում է erga omnes պարտավորություններ, որից որևէ վերապահում կամ շեղում չի թույլատրվում։ Հաշվի առնելով Ադրբեջանի իշխանությունների իրականացվող հետևողական և շարունակական լայնածավալ հայատյաց քաղաքականությունը, խտրականություն ու ատելություն պարունակող հրապարակային հայտարարությունները, որոնք շարունակում են հնչել անգամ խաղաղության պայմանագրի շուրջ ընթացող բանակցություններին զուգահեռ, Արդարադատության միջազգային դատարանում ռասայական խտրականության հիմքով միջպետական գանգատից հրաժարվելը հավասարազոր կլինի ռասայական խտրականության քաղաքականությունը արտոնելուն և կհանդիսանա Կոնվենցիայով ստանձնած պարտավորության խախտում, այդ թվում՝ «անհապաղ, բոլոր հնարավոր եղանակներով վարել ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման քաղաքականություն»։
- Դատական հայցերից հրաժարումը ձեռնտու է Ադրբեջանի Հանրապետությանը, քանի որ դա թույլ կտա նրան խուսափել պատասխանատվությունից մարդու իրավունքների կոպտագույն և զանգվածային խախտումների համար, ինչպես նաև միջազգային բարձրագույն դատական ատյանի կողմից հաստատված հայատյացության պետական քաղաքականություն վարելու և ռասիստական պետություն ճանաչվելուց։
ՀՀ կողմից Ադրբեջանի դեմ ներկայացված դատական հայցերը ինչպես Արդարադատության միջազգային դատարանում, այնպես էլ ՄԻԵԴ-ում վերաբերում են հարյուր հազարավոր անձանց մարդու հիմնարար իրավունքների կոպտագույն խախտումների, որոնց բոլորի մեջ կարմիր թելով անցնում է էթնիկ ատելության շարժառիթը՝ որպես Ադրբեջանի կողմից պետական մակարդակով իրականացվող քաղաքականություն։ Ադրբեջանում հայատյացությունը պետական քաղաքականություն է, և հայերի դեմ հանցագործությունները և մարդու իրավունքների խախտումները քաջալերվում են պետության ամենաբարձր մակարդակով՝ երաշխավորելով հանցագործների անպատժելիությունը։
Ներկայացված դատական հայցերը, ի թիվս այլնի, վերաբերում են Արցախի բնակչության բռնի տեղահանման, ռազմագերիների և քաղաքացիական անձանց դիտավորյալ սպանությունների և բռնի անհետացման, խոշտանգումների և այլ անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի ենթարկելու, ազատության իրավունքի, արդար դատաքննության իրավունքի կոպտագույն խախտումների, սեփականության իրավունքի, անձնական և ընտանեկան կյանքը հարգելու և այլ հիմնարար իրավունքների խախտումների։ ՄԻԵԴ ներկայացված գանգատներից մեկը վերաբերում է հայազգի ռազմագերիների և քաղաքացիական անձանց իրավունքների խախտումներին։ ՀՀ վարչապետն իր առաջարկում ներկայացրել է «ամբողջական կերպով լուծել պահվող անձանց խնդիրը», այս պայմաններում միջազգային իրավական գործընթացները միակ արդյունավետ միջոցն են ապահովելու Ադրբեջանում պահվող հայազգի անձանց իրավունքները։ Ավելին, ՀՀ կառավարությունը պարտավոր է գործադրել բոլոր ջանքերը անհապաղ և առանց որևէ նախապայմանների բոլոր պահվող անձանց ազատ արձակելու ու հայրենադարձելու ուղղությամբ։
Այս հարցն առավել կարևոր է դառնում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ քննարկվող խաղաղության պայմանագրի շրջանակներում մարդու իրավունքների պաշտպանության և կոպտագույն խախտումներ կատարած անձանց պատժի ենթարկելու հարցեր չեն քննարկվում։ Մինչդեռ, միջազգային պրակտիկայում առկա չէ կոնֆլիկտից հետո երկարատև խաղաղություն ապահովելու որևէ փորձ, որը չի ներառում արդարադատության ապահովման միջազգային մեխանիզմներ։
Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը նահանջ չի արձանագրել։ Այդ քաղաքականության արտացոլումն է, ի թիվս այլնի, Արցախի բռնի հայաթափումը, հայկական մշակութային ժառանգության շարունակվող այլասերումն ու ոչնչացումը, հայկական գերեզմանների և սեփականության ոչնչացումը՝ Ադրբեջանում հայկական հետքի վերացմանն ուղղված նպատակային քաղաքականությունը։ Ավելին, ադրբեջանական հայատյաց քաղաքականության արտացոլումն է հայերին և հայկական պետությունը որպես ֆաշիստական որակումը և ուղղակի սպառնալիքները ՀՀ գոյությանը։ Այս քաղաքականությունը լրացվել է նաև «Արևմտյան Ադրբեջանի» հորինված խոսույթի հիման վրա քաղաքականության զարգացմամբ և առաջմղմամբ, ինչն ուղիղ և անթաքույց սպառնալիք է ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ, ՀՀ քաղաքացիների ֆիզիկական անվտանգության և սեփական պետությունում ապրելու իրավունքի դեմ։
Հայաստանի իշխանությունները առաջնային պարտավորություն ունեն պաշտպանելու ՀՀ քաղաքացիների և իրավազորության ներքո գտնվող յուրաքանչյուր անձի իրավունքները զանգվածային և համակարգային խախտումներից, ինչպես նաև կանխելու խախտումներին հանգեցնող սպառնալիքները։ Միջազգային դատական ատյաններ ներկայացված բոլոր գանգատները միտված են ՀՀ այս պարտավորության կատարմանը, և դրանցից հրաժարումը իրավունքների պաշտպանության առումով, նշանակում է հրաժարում ստանձնած հանձնառություններից և պարտավորություններից։ Ավելին, մենք վստահ ենք, որ ՀՀ կառավարության նման որոշումը կհանգեցնի պատերազմական հանցագործությունների համար անպատժելիության, ինչը երկրի միջազգային, այդ թվում՝ ՀՀ կողմից վավերացրած Ժնևի կոնվենցիաներով և Միջազգային քրեական դատարանի կանոնադրությամբ ստանձնած պարտավորությունների ուղղակի խախտում է։
Ավելին, մարդու իրավունքների պաշտպանության առնչությամբ ներկայացված միջպետական գանգատներից հրաժարվելու փոխարեն Հայաստանի Հանրապետության կառավարությունը պարտավոր է դիմել Միջազգային քրեական դատարան՝ Ադրբեջանի քաղաքական և ռազմական ղեկավարության կողմից իրականացրած մարդկության դեմ ուղղված և պատերազմական հանցագործությունների համար նրանց պատասխանատվության ենթարկելու պահանջով։
Ինչ վերաբերում է ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման առաջարկին, այն անընդունելի է հետևյալ հիմնավորումներով՝
- ԵԱՀԿ Մինսկի խումբը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման միջազգային մանդատով օժտված միակ մարմինն է։ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չի կարող լուծված համարվել՝ օրինականացնելով ուժի կիրառմամբ վեճի լուծումը՝ Ադրբեջանի ռազմական ագրեսիան Լեռնային Ղարաբաղի նկատմամբ և դրա բնակիչների իրավունքների զանգվածային և կոպիտ խախտումները և էթնիկ զտումը։
- ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմամբ ՀՀ իշխանությունների կողմից կնշանակի ընդունել ռազմական ճանապարհով հակամարտությունները լուծելու օրինականությունը, ինչը ոչ միայն հենց Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքների կոպիտ խախտում կհանդիսանա, այլև ուղղակի սպառնալիք կլինի Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության և ինքնիշխանության համար։
Հաշվի առնելով վերոգրյալը՝ ներքոստորագրյալ հասարակական կազմակերպություններս պահանջում ենք․
- ՀՀ կառավարությունից և վարչապետից որևէ պայմաններում և հանգամանքներում չհրաժարվել Ադրբեջանի դեմ ներկայացված միջպետական դատական գանգատներից և՛ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, և՛ ՄԱԿ Արդարադատության միջազգային դատարանում,
- շարունակել անհրաժեշտ ռեսուրսներ ներդնել և պատշաճ ջանասիրություն գործադրել դատական գանգատների արդյունավետ ներկայացման և պաշտպանության ուղղությամբ,
- հրաժարվել ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման մտադրությունից։
Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
Ժողովրդավարության զարգացման հիմնադրամ
Լրագրողներ հանուն մարդու իրավունքների ՀԿ
Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան ՀԿ
Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն ՀԿ
«Փոփոխություն» ՀԿ
Մեդիա նախաձեռնությունների կենտրոն
Փինք իրավապաշտպան ՀԿ
Էկոլուր տեղեկատվական ՀԿ
Գորիսի մամուլի ակումբ
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի հայկական կոմիտե
Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն
Մարդու իրավունքների եզդիական կենտրոն իրավապաշտպան ՀԿ
Հանրային լրագրության ակումբ
Մարդու իրավունքների եզդիական կենտրոն
Իրավունքի պաշտպանության և զարգացման հիմնադրամ
Հանուն հավասար իրավունքների կրթական կենտրոն ՀԿ
Արցախի ժողովրդի շահերի ու իրավունքների պաշտպանության միություն (Արցախ միություն) ՀԿ
Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոն ՀԿ
«Արբանե» հիմնադրամ