«Զորակոչն ընդհանուր Պաշտպանության նախարարության տիրույթում է, բայց մենք որպես առողջական հատվածի պատասխանատու՝ շատ սերտ համագործակցում ենք ոչ միայն ընթացիկ գործընթացը կազմակերպելու եւ դրա շրջանակներում առաջացած հարցերին անդրադառնալու, այլեւ մեր իրավական կարգավորումները հստակեցնելու եւ կառավարության որոշումների վերանայման առումով, որը բերում է հիվանդությունների սահմանման, ախտորոշման եւ տարբեր սահմանափակումներով ծառայությունների հնարավորությունների»,-ասուլիսում նշեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով լրագրողի այն հարցին, որ իրավապաշտպանների ահազանգմամբ՝ ավելի քան 3 տասնյակ տղաներ առողջական խնդիրներով բանակ են զորակոչվել:
«Շատ կարեւոր է անդրադառնալ, որ մարդն ունի առողջական խնդիր եւ այնպիսի ախտորոշում, որն ընկնում է տվյալ հոդվածի տակ, եւ նրա վերաբերյալ պետք է կայացվի տարկետման կամ ազատման որոշում: Բժշկական հանձնաժողովները, հենվելով թե անձի կողմից իր միջոցներով իրականացված հետազոտությունների, եւ թե պետպատվերով իրականացված փորձաքննությունների վրա, կայացնում են որոշում՝ տվյալ ախտորոշումն արդյոք համապատասխանո՞ւմ է սահմանափակման հոդվածին, թե՞ ոչ:
Մենք նաեւ աշխատում ենք իրավապաշտպան կազմակերպությունների հետ: Բոլոր բողոքների հետ կապված՝ պետք է առանձին դեպքերով հասկանալ, թե որն է խնդիրը: Ընդհանուր առմամբ կարող եմ ասել, որ մեր բժշկական հանձնաժողովները մանրակրկիտ փորձաքննություններ են իրականացնում, որպեսզի վստահ լինեն, թե անձը ճի՞շտ է փորձաքննվել: Որեւէ մեկը չի ուզում, որ հետո խնդիրներ առաջանան, երբ մարդն արդեն զորակոչվում է»,-հավելեց առողջապահության նախարարը:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ