«Ամերիկայի ձայն». Լոս Անջելեսի շրջանում ավերիչ հրդեհները շարունակվում են մոտ մեկ շաբաթ՝ խլելով առնվազն 24 մարդու կյանք: Պաշտոնյաների խոսքով՝ 7 հազար շենք-շինություններ բռնկվել են միայն «Իթոն» հրդեհից։ Կրակի բաժին է դարձել նաև հրշեջներից մեկի տունը:
Իսահակ Բաեյզան և նրա ընտանիքի առջև իրենց տան ավերակներն են։ Տունն ամբողջությամբ այրվել է Ալտադենա շրջանում հրդեհի ժամանակ: Ավելի քան 20 տարվա աշխատանքային փորձ ունեցող հրշեջն ասում է, թե նման հրդեհն իր համար աննախադեպ էր:
«Երբեք չեմ տեսել նման բան՝ քամիներ և չոր եղանակ»,- ասում է նա:
Բայեզայի կինը՝ Ռոզարին, հիշում է, թե երեքշաբթի երեկոյան ինչպես ստացան տարհանման ծանուցումը, թեև կրակը դեռ հեռու էր և նման ծավալների չէր: Նրանք վերցրեցին ընդամենը մի քանի իր՝ չակնկալելով, որ իրենց տանը ընդմիշտ են հրաժեշտ տալիս։
Առավոտյան Բայեզան և նրա ընկերը վերադարձել են՝ փորձելով փրկել տունը, բայց ջուր չի եղել։
Կարդացեք նաև
«Կարող էինք տունը փրկել, բայց ջուր չկար։ Կրակը սկսեց տարածվել։ Մեքենան քշեցի։ Հիշում եմ՝ նայեցի հետևի հայելու մեջ և տեսա, որ տան հետնամասը կրակի մեջ է։ Մտածում էի՝ գուցե, եթե ջուր ունենայի, կկարողանայի հանգցնել այս փոքրիկ հրդեհները և թույլ չտայի, որ տունս այրվեր»,- ասում է հրշեջը։
Ջրի պակասն է եղել պատճառը, որ հրշեջները չեն կարողացել մարել «Իթոն» ու «Փալըսեյդս» լայնածավալ հրդեհները։
Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը հայտարարել է, թե նշվածի առնչությամբ հետաքննություն է սկսվել։
Այժմ Լոս Անջելեսի շրջանում բռնկված հրդեհները մոտ 150 քառակուսի կիլոմետր տարածքի վրա են։ Ավելի քան 150 հազար մարդ տարհանման հրաման է ստացել։
Լոս Անջելեսի հրշեջ ծառայության ղեկավար Քրիստին Քրոուլիի խոսքով՝ սպասվում է, որ «Սանտա Անա» անվամբ զորեղ քամիները, որոնք տարածում են կրակը, կրկին կուժգնանան երկուշաբթի:
«Զգուշացման ամենից բարձր աստիճանը ուժի մեջ է և կգործի մինչև չորեքշաբթի 18:00-ն։ Սպասվում է, որ «Սանտա Անա» քամիները կշարունակվեն մինչև չորեքշաբթի, իսկ ամենաուժեղ քամիները կլինեն երեքշաբթի»,- ասել է նա:
Բայեզայի ընտանիքը մնում է ընկերների տանը և սպասում ապահովագրական ընկերությունների վճարմանը։ Նրանք ստեղծել են GoFundMe կայք՝ տան վերականգնման համար գումար հավաքելու ակնկալիքով: Բայեզաներն ասում են, թե մտադիր են վերակառուցել իրենց տունը:
«Բոլորս պատրաստվում ենք վերադառնալ և վերակառուցել մեր տունը, հետ բերել մեր հարևաններին: Սա մեր համայնքն է: Մեր երեխաներն այստեղ խաղում էին իրար հետ: Իրար հրավիրում էինք ծննդյան տոների։ Շատ մտերիմ էինք»,- ասում է Ռոզարին։
Բազմաթիվ են Լոս Անջելեսի բնակիչները, որոնք համախմբվել են օգնելու տուժածներին, աջակցելու հրշեջներին: Արտակարգ իրավիճակների ապաստարաններն ու հրշեջ կայաններն այնքան են լեցուն սննդով և հագուստով, որ իշխանությունները ստիպված հայտարարել են, որ այլևս միայն դրամական նվիրատվությունների կարիք կա: