«2024 թ. մեր ընդհանուր բյուջետային միջոցները մինչեւ 2024թ դեկտեմբերի 15-ը կազմել են 127 մլրդ, մինչդեռ 2023-ի նույն ժամանակահատվածում այդ թիվը 113 մլրդ դրամ էր: Այս տարբերությունն ուղղվել է ավելի մեծ դիմելիությունը սպասարկելու համար, ներդրվել են մի շարք նոր ծրագրեր, որոնք արդյունքներ են գրանցել: Դրանցից մեկն, օրինակ, աորտայի շերտազատման ծրագիրն է, որը եւ թանկարժեք ծրագիր է, եւ կյանք փրկող»,-ասուլիսում հայտարարեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Նա անդրադարձավ նաեւ դեղորայքի փաթեթի մեծացմանը, նշելով, որ ֆունկցիոնալության միջին գնահատական ունեցող անձանց համար դեղերի 50 տոկոս առաջնային փաթեթը փոխվել է 100 տոկոսով փոխհատուցման: Անահիտ Ավանեսյանը, ի թիվս այլնի,նշեց, որ արդիականացվել են ենթակառուցվածքները, ընդգծեց, որ այլեւս զերծ են մնալու հին կառույցների վերակառուցման նախագծերից:
«Ստեղծում ենք տիպային նոր կոնցեպտին համարժեք մոդելներ, որոնք տեղակապվում են ամեն մարզում եւ արտահայտում են ոչ միայն նոր բովանդակությունը, ինչը մենք դնում ենք բուժծառայությունների մեջ, այլեւ բոլոր առումներով, այդ թվում՝ էներգախնայողության, համապատասխանում են նոր ստանդարտներին»,-նշեց նախարարը:
Նա անդրադարձավ կանխարգելիչ միջոցառումներին եւ վարակային հիվանդությունների իրավիճակին. «Ամենօրյա մոնիթորինգ ենք իրականացնում, թե ինչ իրավիճակ է տարածաշրջանում, Հայաստանում տարածման ինչպիսի ռիսկեր ունենք: Ընդհանուր առմամբ այս պահին թե սուր շնչառական վարակների, թե քովիդի, եւ թե գրիպի առումով ունենք միջին իրավիճակ եւ որեւէ անհանգստացնող խնդիր առայժմ չունենք, սակայն սեզոնային ակտիվության ավելացման ռիսկը դեռեւս կա, ուստի պետք է զգուշավոր կերպով արձագանքել բոլոր հարցերին»:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ