Մինչ Հայաստանի նկատմամբ ագրեսիայի սպառնալիքը մեծանում է, Փաշինյանն այնքան հանգիստ կյանք է վարում, այնքան ազատ ժամանակ ունի, որ չգիտի, թե ինչպես ծախսի։ Դրա համար էլ նա ճաշ է պատրաստում, հեծանիվ է վարում, ընտանեկան պոդքաստի թողարկում է անցկացնում կամ էլ սոցցանցերում օգտատերերի մեկնաբանություններն է կարդում ու դրանց պատասխանում։ Այնպիսի տպավորություն է, թե Ադրբեջանից եկող վտանգների հետ կապված անհանգստանալու առիթ չկա։ Փաշինյանն ամեն անգամ Բաքվից հնչող հոխորտանքներին պատասխանում է, թե իրենք չեն շեղվում խաղաղության օրակարգից ու քայլ առ քայլ շարժվում են դեպի «խաղաղության դարաշրջան»։ Բայց խաղաղությունը նշանակում է դրա համար կայուն երաշխիքների ստեղծում, իսկ ներկա պայմաններում այդպիսի մեխանիզմների մասին խոսելն անիմաստ է։ Ու հատուկ ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ ցանկացած պահի Ադրբեջանը կարող է նոր ագրեսիա սկսել Հայաստանի նկատմամբ։ Իսկ այն մտայնությունը, թե հիմա սահմանին հարաբերական հանգստություն է հաստատվել, ընդամենը խաբկանք է։ Ադրբեջանի վարքագիծը վաղուց պարզ է, իրենք կարող են յուրաքանչյուր պահի կեղծ հաղորդագրություններ տարածել, թե իբր հայկական կողմը խախտել է հրադադարը, կրակել է, ու այդպիսով սկսել հարձակումը։ Վերջին օրերին ևս կեղծ հաղորդագրություններ տարածվեցին, թե հայերը կրակում են։ Բայց զարմանալին այն է, որ Փաշինյանը Ալիևի սպառնալիքներին պատշաճ կերպով չպատասխանելը պայմանավորում է այն հանգամանքով, թե իբր այդպիսով Ադրբեջանը փորձում է լեգիտիմ հիմք ձևավորել հարձակում նախաձեռնելու համար, ինչն ինքը չի կարող թույլ տալ։ Իրականում, երբ պետք լինի իրեն, Ադրբեջանը կարող է ոչ էլ նայել «լեգիտիմ հիմքին»։ Ալիևի հայտարարությունները ցույց են տալիս, որ նա Հայաստանը համարում է Ադրբեջանի և Թուրքիայի ինտեգրման ճանապարհին «աշխարհագրական պատնեշ», ինչն իր համար կարող է բավարար համարվել ագրեսիա սկսելու և, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը» բացելու համար։
Իսկ ի պատասխան «Զանգեզուրի միջանցքի» շուրջ ադրբեջանական պահանջների, Հայաստանից կրկին շրջանառվում է «Խաղաղության խաչմերուկի» ծրագիրը։ Պարզ է, չէ՞, որ այդ ծրագիրն այդպես էլ թղթի վրա է մնալու։ Այն Ադրբեջանի համար չեղածի հաշիվ է, քանի որ Բաքուն Հայաստանին որպես իրեն իրավահավասար կողմ չի դիտարկում։ Ադրբեջանը դիտարկում է միայն Հայաստանից անընդհատ զիջումներ կորզելու հնարավորությունը։ Իսկ Փաշինյանն այս ուղղությամբ անընդհատ դրական ազդանշաններ է ուղարկում։ Վերջին անգամ նա արդեն խոսեց սահմանազատման գործընթացը շարունակելու և ԵԱՀԿ Միսկի խումբը լուծարելու առաջարկների մասին։ Պարզ է, թե սահմանազատման գործընթացում Ադրբեջանն ինչ քարտեզներ կարող է հայտնաբերել, որի արդյունքում նոր տարածքային զիջումները կդառնան անխուսափելի։ Իսկ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտի լուծարումը Ադրբեջանի համար կարող է լինել շատ մեծ դիվանագիտական հաղթանակ։ Պատահական չէ, որ Բաքուն և Անկարան տարիներ շարունակ պայքարել են, որպեսզի Մինսկի խումբը լուծարվի։ Ավելին՝ Թուրքիան ցանկանում է, որ ինքը միջնորդ դառնա Հայաստանի ու Ադրբեջանի միջև։
Արսեն ՍԱՀԱԿՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։