«Տեխնոտուն» ընկերությունը և Ֆրանսիական Accor-ի Pullman բրենդը ներդրումային ծրագիր են իրականացնում Երեւանում՝ ավելի քան 100 մլն ԱՄՆ դոլար բյուջեով: Թվում է` շատ լավ ծրագիր է, գովելի ներդրում, բայց ողջ խնդիրն այն է, որ նրանց հատկացվել է մի հողատարածք, որը Հայաստանի մայրաքաղաքի միակ մանկական առողջարանն էր:
Տարիներ շարունակ Նորքի Այգիներ 180 հասցեում գործել է Երևանի միակ մանկական առողջարանը, եւ պարզվում է՝ այն վերածվելու է բնակելի շենքի, հյուրանոցի, բայց ոչ մի խոսք՝ մանկական առողջարանային հատվածի մասին:
«Տեխնոտուն» ընկերությունը՝ ի դեմս տնօրեն Տիգրան Մնացականյանի, և ֆրանսիական խոշոր հյուրանոցային խմբերից «Ակորը» (Accor)` ի դեմս խմբի Եվրոպայի գլխավոր գործառնական տնօրեն Ալեքսիս Դելարոֆի, համագործակցության հուշագիր են ստորագրում անցած տարվա հուլիսի 3-ին հենց Նորքի այգիներ 180 հասցեում: Ըստ պաշտոնական հայտարարության` նախագիծն ընձեռելու է ապրելակերպի նոր հնարավորություններ՝ հյուրանոցային մակարդակի բարձրակարգ սպասարկումով, պայմաններով ու ենթակառուցվածքներով։
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 16 հարկանի համալիր է կառուցվում Նորքի այգիներ 180 հասցեում, եւ Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանից հետաքրքրվեցինք՝ ո՞ր պաշտոնյաներն են իրենց ստորագրությամբ հաստատել շինթույլտվության փաստաթղթերը, ինչ հիմնավորմամբ է 5-6 հարկայնության թույլտվության գոտում օրինախախտմամբ 16 եւ ավելի բարձրահարկ կառուցվում: Քաղաքապետարանից ստացել ենք մի քանի գերատեսչությունների դրական եզրակացությունների մեջբերումներ և մի կարեւոր տեղեկություն, որ նախագծման թույլտվություն տրվել է 23․08․2022թ․-ին: Հիշեցնենք, որ այդ ժամանակ քաղաքապետը Հրաչյա Սարգսյանն էր, ու նրա օրոք էլ 4 ամիս անց նաեւ շինթույլտվություն է տրամադրվել 5 տարի 2 միս ժամկետով: Բայց Տիգրան Ավինյանն արդեն փոխքաղաքապետ էր:
Կարդացեք նաև
«Ժողովուրդ» օրաթերթը իր վերջին հարցով Տիգրան Ավինյանից պահանջել էր ներկայացնել տեղեկություն, թե մանկական առողջարանի համար ի՞նչ տարածք է հատկացվել՝ որպես փոխարինող անհրաժեշտություն: Սակայն Երեւանի քաղաքապետը չի պատասխանել այս հարցին: Այսինքն՝ Երեւանի համար մանկական առողջարանը առաջնահերթություն չէ, գլխավորը բազմահարկ հյուրանոցներն են, բիզնեսը, փողը:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: