Լրահոս
Օրվա լրահոսը

Հապա ինչպե՞ս է, որ նույն Փաշինյանն ու իր ՔՊ-ն բացարձակապես անտեսեցին ավելի քան 50 հազար, իսկ իրականում՝ մոտ 70 հազար մարդու կարծիքը, որ միացել էին «Հայաքվեի» ստորագրահավաքին. «Փաստ»

Հունվար 14,2025 09:30

Կառավարության վերջին նիստում ՔՊ ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, ավելի ճիշտ է ասել՝ ազդարարեց Եվրոպական միությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկը:

Փաշինյանն ինքն էլ հրաշալի գիտի, որ Եվրամիությանն անդամակցելու ցանկության մասին իր բազմագալար հայտարարությունը փուչ է, դրա համար էլ «ապահովագրվում» է՝ նշելով նաև հետևյալը. «Այս որոշումը բառիս բուն իմաստով ԵՄ անդամակցություն չի նշանակում: Դա կարող է լինել միմիայն հանրաքվեի ճանապարհով»:

Եթե Եվրամիությանն անդամակցելը զուտ այդ միությանն անդամակցել ցանկացող երկրներում հանրաքվե անելով լիներ, հիմա գիտե՞ք քանի երկիր էր անդամակցել: Այսինքն, օրինակ՝ արդեն մի 30-40 տարի դեպի ԵՄ «ընթացող» Թուրքիան ոչ մի կերպ գլխի չէր ընկնում, էլի, նման հանրաքվեներ անցկացնել ու, առանց կոշիկները մաքրելու, մտնել ԵՄ: Ու, թեկուզ 50 հատ հանրաքվե անցկացնի այս կամ այն երկիրը, դրանից դեռ չի հետևում, որ այն ԵՄ անդամ կդառնա: Եվրամիության նեղ դռան մոտ բավականին տպավորիչ հերթ է: Ու Հայաստանն այդ հերթում ամենևին էլ դռան մոտերքում չէ, ոչ էլ՝ մեջտեղում, այլ՝ այնպես, հերթի պոչամասում պիտի տեղ գրավի: Ու հարցն այն է՝ ԵՄ-ում մեզ սպասո՞ւմ են, թե՞ գլխներիս տակ փափուկ բարձ են դնում:

Բայց դա դեռ մի կողմ: Այսպես կոչված՝ «Եվրաքվեի» ստորագրահավաքին Փաշինյանի սրտացավ վերաբերմունքը վկայում է այն մասին, որ, ըստ ամենայնի, այդ նախաձեռնությունը ոչ մի կերպ ինքնաբուխ չէր, այլ կազմակերպվել էր փաշինյանական իշխանության ուղիղ հանձնարարությամբ:

Սա՝ առաջինը:

Երկրորդը՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե առաջին անգամ է նման նախաձեռնություն դրսևորվել: Սա բացահայտ սուտ է, քանի որ 2023-ին, ու դա հանրահայտ է, համապատասխան ստորագրահավաք իրականացրեց «Հայաքվե» նախաձեռնությունը:

Երրորդը՝ Փաշինյանն ասաց, թե չեն կարող (կամ՝ ո՜նց կարող են) 50 հազար մարդու կարծիքն անտեսել: Այստեղ անհնար է առանց դասական արձագանքի. «Իյա՜, իրո՞ք»: Այդ պարագայում հապա ինչպե՞ս է, որ նույն Փաշինյանն ու իր ՔՊ-ն բացարձակապես անտեսեցին ավելի քան 50 հազար, իսկ իրականում՝ մոտ 70 հազար մարդու կարծիքը, որ միացել էին «Հայաքվեի» ստորագրահավաքին:

Չնայած, տրամաբանորեն միանգամայն հասկանալի է, թե Փաշինյանն ինչու է անտեղյակ ձևանում «Հայաքվեի» պահով: Նախ՝ «Հայաքվեն» Հայաստանի Հանրապետությունում Սահմանադրությամբ նախատեսված առաջին քաղաքացիական և օրենսդրական նախաձեռնություն-ստորագրահավաքն էր: Բայց, որ շատ ավելի էական է, տասնյակ հազարավոր ՀՀ քաղաքացիները այդ օրենսդրական նախաձեռնությամբ նպատակ ունեին քրեականացնել (քրեական պատիժ սահմանել) Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելը: Իսկ Արցախն Ադրբեջանի մաս ճանաչած (նույնն է՝ Արցախն ուրացած) Նիկոլ Փաշինյանը, հասկանալի է, ոչ մի ցանկություն չունի դրա համար քրեական պատասխանատվության ենթարկվելու:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031