Լրահոս
Հայի արարող ձեռքեր
Օրվա լրահոսը

Մարտեր առանց կանոնների

Հունվար 14,2025 10:00

Լսել նյութի աուդիո տարբերակը

00:00
00:00
Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Թրամփը պատրաստվում է «գրավել» Կանադան, Պանաման եւ Գրենլանդիան, Չինաստանը սպառնում է ուժային ճանապարհով «վերադարձնել» Թայվանը, Ռուսաստանը զավթել է Ուկրաինայի զգալի մասը, Թուրքիան գրավել է Սիրիայի հիմնական քաղաքները եւ Ադրբեջանի հետ միասին պատրաստվում է պատերազմի միջոցով «միջանցք բացել» Հայաստանի Սյունիքի մարզում: Իր հերթին, նույն Ադրբեջանը պատերազմի միջոցով բռնազավթել է Լեռնային Ղարաբաղը եւ այնտեղ էթնիկ զտում է անցկացրել:

Այս պայմաններում հույսեր կապել ԵԱՀԿ-ի հետ, իհարկե, միամտություն կլիներ: Ուրիշ հարց, որ մարտավարական առումով գուցեեւ արժե ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության հետագա ճակատագիրը դիվանագիտական «առեւտրի» առարկա դարձնել, բայց դրա համար պետք է դիվանագիտություն ունենալ: Ճիշտ է, սկզբունքային առումով Հելսինկիի 1975 թվականի համաժողովի նախագծով ստեղծված այդ կազմակերպությունը որեւէ էական դեր չի խաղացել այն բանից հետո, երբ 1990-ականների սկզբին բռնկվեց բալկանյան հերթական պատերազմը, ու Եվրոպայում «սահմանների անձեռնմխելիության» սկզբունքն այլեւս գոյություն չունի: Մանավանդ՝ երբ Արեւմուտքը ճանաչեց Կոսովոն, իսկ Ռուսաստանը՝ Աբխազիան եւ Հարավային Օսեթիան: Որովհետեւ այդ ժողովուրդներին «էթնիկ զտման» վտանգ էր սպառնում: Հիշեցնեմ, որ ԱՄՆ-ը եւ Կանադան («ապագա 51-րդ նահանգը») նույնպես ԵԱՀԿ անդամներ են:

Բայց ինչո՞ւ միայն ԵԱՀԿ-ն: Եթե վերոհիշյալ ագրեսիվ խաղացողներն իրականացնեն կամ, ավելի ճիշտ, շարունակեն իրականացնել իրենց քաղաքականությունը, ապա արդյոք ՄԱԿ-ը կարո՞ղ է դրան փոխազդել: ՄԱԿ-ը, որի Անվտանգության խորհրդի մշտական անդամներն են ԱՄՆ-ը, Չինաստանը եւ Ռուսաստանը: Եթե այդ պետություններն ամեն մի դեպքի համար իրենց կանոններն են հաստատում, ուրեմն «միջազգային իրավունք» հասկացությունն իրականում «կեղծ քաղաքական կատեգորիա» է: Ավելի իրատեսական կլիներ խոսել «առանց կանոնների մարտերի» մասին:

Իրավիճակն իրոք բարդ է ու պայթյունավտանգ: Դրան գումարվում է Հայաստանի իշխանության ոչ ադեկվատ կեցվածքը: Ալիեւը միանշանակ հայտարարում է, որ հարձակվելու է Սյունիքի վրա: Ի պատասխան՝ իշխանական քարոզչությունը բլեֆ է տարածում, որ Հայաստան-ԱՄՆ ինչ-որ փաստաթուղթ ստորագրելու արդյունքում՝ Ալիեւը չի հարձակվի: Այդ բլեֆն իսկապես կարող է մի քանի օրով հանգստացնել միամիտ մարդկանց:

 

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ասֆալտին պառկեցված says:

    Երկփեղկված նկարի երկու կողմերում գրված տեքստերի փոխկապակցված լինելն արդեն ապացուցում է, թե ում պոչն ում տակն է, իսկ պողոսներին իրենց առաջնորդը շուտով “կբացատրի”, որ Մինսկի խմբի լուծարման դեպքում իրենց երեխաները կապրեն ավելի “ապահով, անվտանգ ու երջանիկ” Հայաստանում։

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031