Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս գործի մասով ես ոչնչով չեմ զբաղվել, քանի որ որպես վկա եմ ներգրավված։ Ոչ մի գրագրության չեմ մասնակցել»․ Արմեն Աշոտյանի գործով վկա

Հունվար 13,2025 22:50

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստի ընթացքում տեղի ունեցավ վկա, ԵՊԲՀ առողջապահական իրավունքի խմբի վարիչ, իրավաբանական բաժնի պետ Մելիք Սողոմոնյանը։

Հարցին՝ հանգստացե՞լ եք Ծովասարում և ինչպիսին են պայմանները, նա պատասխանեց․ «Երկու օր հանգստացել եմ։ Պայմանները վատը չէին։ Գիտեմ, որ շատ մարդիկ հերթով հանգստանում էին երկու օր»։ Հարցին՝ հանգստանալու համար գումար վճարե՞լ եք, նա պատասխանեց՝ կարող է վճարել եմ։

Հետաքրքրությանը՝ տեղեկություն ունեցե՞լ եք, որ 2017-ին Ծովասարում անցկացվել է ռեկտորատի նիստ։ Վկան պատասխանեց՝ ռեկտորատի արտագնա նիստեր կատարվել են։ Դատավորը հարցրեց՝ Սևանում գույքը ձեռք բերելուց հետո Ծաղկաձորում արտագնա նիստի մասնակցե՞լ է, նա պատասխանեց․ «Եղել է, որ մասնակցել եմ, հիմա չեմ հիշում՝ որտեղ և երբ»։ Մելիք Սողոմոնյանն ասաց, որ Ծովասարում արտագնա նիստի երբեք չի մասնակցել։ Հարցին՝ կհիշե՞ք նիստեր, որ տեղի են ունեցել Ծովասարում ձեռք բերված գույքի ձեռքբերումից հետո, նա ասաց, որ չի հիշում։

Նաև հայտնեց, որ հոգաբարձուների խորհրդում սենյակների ձեռքբերման թեմայով քննարկում լսել է։ Լսել է, որ ցանկություն կա ձեռք բերել հանգստյան վայր աշխատողների համար։

Հանրային մեղադրող Արման Նշանյանը հարցրեց՝ տեղյա՞կ եք, որ այս քրեական գործը սկսել է դեռևս 2019-ին, և մինչ այժմ զբաղեցնում է իրավաբանական բաժնի պետ պաշտոնը և հարցին՝ ի պաշտոնե ռեկտորի կողմից հանձնարարություն տրվե՞լ է իրեն, նախաքննական մարմնի կողմից հասցեագրված գրություններին պատասխանել և այլն, նա պատասխանեց․ «Այս գործի մասով ես ոչնչով չեմ զբաղվել, քանի որ որպես վկա եմ ներգրավված։ Ոչ մի գրագրության չեմ մասնակցել՝ չնայած գրվել է իմ բաժնի աշխատակցի կողմից»։

Այնուհետև Վահե Դոլմազյանը հարցրեց՝ կարո՞ղ եք ասել հիմնադրամի կարգավիճակի վերաբերյալ, արդյոք ըստ հիմնադրամների մասին օրենքի և հիմնադրամի կանոնադրության՝ տվյալ դեպքում ԵՊԲՀ հիմնադրամը կարո՞ղ է հանդիսանալ պետական մարմին, իսկ հիմնադրամի ռեկտորը պաշտոնատար անձ, նա պատասխանեց․ «Հստակ օրենքում գրված է՝ հիմնադրամը պետական մարմին չի հանդիսանում»։

Վահե Դոլմազյանը նաև հարցրեց՝ եթե կազմակերպությունն ունի բանկային հաշիվ, ինչո՞ւ գումարները չեն փոխանցվել տվյալ կազմակերպության հաշվին, որի համար աշխատակիցների աշխատավարձից պահվել է։ Նա հարցրեց՝ եթե կազմակերպությունը լուծարվել է, մեկ այլ կազմակերպություն է ստեղծվել, այդ կազմակերպության գումարը ի՞նչ հիմքով է փոխանցվում մեկ այլ կազմակերպությանը։ Ինչո՞ւ ԵՊԲՀ-ն՝ որպես հիմնադրամ չի փոխանցել այդ գումարները, ուրիշի գումարը պահել է իր մոտ, Մելիք Սողոմոնյանը պատասխանեց․ «Որովհետև ոչ իրավական առումով, ոչ ֆիզիկապես հնարավորություն չի ունեցել փոխանցելու»։

Հարցին՝ հավելավճարների մասին երբևէ գլխավոր հաշվապահն իրենից խորհրդատվություն խնդրե՞լ է, վկան պատասխանեց․ «Եղել են խորհրդատվություններ, խոսել ենք։ Տարբեր աշխատանքային հարցեր, խորհրդատվություններ են եղել, չեմ կարող ասել»։ Վահե Դոլմազյանը փաստեց՝ գործում կան տեղեկություններ, որ մեկ օրվա կտրվածքով մի քանի զեկուցագիր էր ներկայացվում, նույն օրում տարբեր՝ այդ թվում միևնույն աշխատակիցների հավելավճարներ են սահմանվել։ Այս առիթով վկան ասաց․ «Իրավական հիմքն այն է, որ հիմնադրամի գործադիր տնօրենն է տնօրինում ֆինանսական միջոցները»։ Հարցին՝ պարգևատրման չափն ո՞վ է որոշում, նա պատասխանեց՝ գործադիր տնօրենը։

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը հարցրեց՝ այն, որ վկան նշել է, թե քաղաքացիները կամարտահայտություն են հայտնել գումարներ փոխանցել արհեստակցական կազմակերպությանը, նկատի է ունեցել ընդհանրապես արհեստական կազմակերպության, թե՝ կոնկրետ արհեստակցական կազմակերպության, նա պատասխանեց․ «Նկատի ունեմ ընդհանուր գաղափարը։ Կարծում եմ՝ աշխատակիցների համար էական նշանակություն չունի՝ որ արհեստակցական կազմակերպությանը կփոխանցվեր։ Աշխատակիցներն ուզում են՝ իրենց սոցիալական հարցերը լուծվեն արհեստակցական կազմակերպության միջոցով»։

Ռուբեն Մելիքյանը նշեց՝ հարցաքննությունն ունի իր սահմանումը․ «Այդ սահմանման մեջ չեն դրված իրավական գիտելիքներ, այլ փաստական տվյալների մասին է խոսքը։ Թե օրենքն ինչպիսի կարգավորում ունի, ինչպիսին չունի, սա հարցաքննություն չէ։ Արդյոք իրավասո՞ւ եք նման հարցադրումներ տալ վկային, արդյոք այդ հարցն իրավաչա՞փ է»։ Վահե Դոլմազյանը վկայի՝ դատարանի դահլիճում արված և նախաքննական ցուցմունքներում հակասություն տեսավ՝ մասնավորապես, նախաքննության ընթացքում իր տված ցուցմունքում իրազեկված չէր, որ այդ 185 միլիոն դրամը արհմիության աշխատակիցների կամարտահայտությամբ ձևավորված մեկ տոկոսի հանրագումարի արդյունքում գումարն է։ Վկան այս առիթով նշեց․ «Ես չեմ գտնում, որ այդ գումարները եղել են ԵՊԲՀ արհեստակցական կազմակերպությանը, ուստի ես չեմ գտնում հակասություն իմ ասածների մեջ։ Տեղեկատվություն չունեմ, թե ինչքան, ոնց է կուտակվել։ Ես այդ առումով հակասություն չեմ տեսնում։ Հիմա էլ գտնում եմ, որ դա իր սեփականությունը չէ»։

Վկայի հարցաքննությունն այսպիսով ավարտվեց։

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա փետրվարի 4-ին՝ ժամը 10։00-ին։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031