Վաշինգտոնում գործող Ատլանտյան խորհուրդ վերլուծական կենտրոնը զեկույց է հրապարակել Կրեմլի դեմ ուղղված պատժամիջոցների արդյունավետության մասին՝ «Պատժամիջոցների տակ գտնվող կլեպտոկրատիան․ ինչպե՞ս Պուտինի «կրեմլագարխները» վերապրեցին պատերազմը և նույնիսկ հաջողության հասան» վերնագրով։
Զեկույցի հեղինակ, Razom We Stand կազմակերպության ներկայացուցիչ Իլյա Զասլավսկին անդրադարձել է Արևմուտքի կողմից սահմանված պատժամիջոցների անբավարար լինելուն։
«Ըստ Էներգետիկայի և մաքուր օդի հետազոտությունների եվրոպական կենտրոնի (The Centre for Research on Energy and Clean Air, CREA), 2022 թվականի փետրվարի 24-ից ի վեր, երբ Կրեմլը լայնածավալ ներխուժում իրականացրեց Ուկրաինա, ածխաջրածինների մատակարարումից ստացված Ռուսաստանի եկամուտները կազմել են մոտ 820 միլիարդ եվրո, որից 212 միլիարդ եվրոն բաժին է ընկել Եվրոպայից ստացված եկամուտներին։ Սա անընդունելի է»,- նշել է նա։
Ինչո՞ւ ռուսաստանցի օլիգարխների դեմ պատժամիջոցները չկանգնեցրին պատերազմը
Զասլավսկին առաջարկել է պատժամիջոցներ սահմանել մի շարք ռուսաստանցի միլիարդատերերի նկատմամբ, ովքեր դեռ խուսափել են ԱՄՆ կիրառած սահմանափակումներից։ Նա այդ գործարարներին անվանում է «կրեմլագարխներ»՝ նշելով, թե նրանք օլիգարխ չեն, քանի որ այդ եզրույթը ենթադրում է անկախություն Կրեմլից։
«Նրանք ներթափանցել են բոլոր մայրցամաքներ՝ իրենց տրամադրության տակ ունենալով հսկայական ռեսուրսներ՝ փող, իրավաբաններ, քարոզչական մեքենա և լոբբիստներ։ Չնայած աննախադեպ պատժամիջոցներին, սահմանափակումները կարող են միայն մասամբ զսպել Կրեմլի կառավարիչների գործունեությունը Արևմուտքից դուրս գտնվող երկրներում, մասնավորապես, այսպես կոչված, Գլոբալ հարավի երկրներում։ Իսկ արևմտյան երկրներում դեռ զգալի ազդեցություն ունեն կրեմլագարխները, որոնք պատժամիջոցների տակ չեն։ [Այդ մարդիկ] գործիք են, որի մասին Խորհրդային Միությունը չէր էլ կարող երազել»,- ընդգծել է փորձագետը։
Ըստ Զասլավսկու, Կրեմլին հավատարիմ գործարարները հարմարվել են նոր իրականությանը։
«Նրանք հարմարվեցին իրավիճակին, և շատերը իրենց գումարները փոխանցեցին Դուբայ»,- ասել է Զասլավսկին։
«Մենք սխալ ենք հաշվարկել տարբեր օլիգարխների ազդեցությունը Պուտինի վրա»,- «Ամերիկայի ձայնի» հետ զրույցում ասել է Ատլանտյան խորհրդի փորձագետ Քիմբերլի Դոնովանը, ով մինչև 2023 թվականը աշխատել է ԱՄՆ Ֆինանսների նախարարության Ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարի գործակալությունում։
«Մենք ուսումնասիրեցինք նրանց ունեցվածքը և առգրավեցինք մի մասը։ Բայց, ցավոք, չտեսանք, որ այն ռազմավարական ազդեցություն ունենա ուկրաինական պատերազմի վերաբերյալ Պուտինի մտածողության վրա։ Նա շարունակում է եկամտի և ֆինանսավորման աղբյուրներ գտնել Ուկրաինայում պատերազմը շարունակելու համար»,- նշել է նա։
Դոնովանի խոսքով՝ ռուսական ներխուժումից հետո ամերիկյան իշխանությունները ստեղծել են ռուսական էլիտաների, վստահված անձանց և օլիգարխների հարցերով աշխատանքային խումբ, որում ներգրավված են Մեծ յոթնյակի երկրների ֆինանսների և արդարադատության նախարարությունները։
«Աշխատանքային խմբի նպատակն էր տեղեկատվության փոխանակումը, ֆինանսական հետախուզության հնարավորությունների կիրառումը, ինչպես նաև իրավապահ մարմինների մոտ առկա տեղեկատվության փոխանակումը, պատժամիջոցների հարցերի շուրջ համատեղ հետաքննություն անցկացնելը և դրանք կիրարկելու համար միջոցներ ձեռնարկելը»,- նշել է Դոնովանը։
Նա հավելել է, որ ԱՄՆ Ֆինանսների նախարարությունը ստեղծել է առանձին աշխատանքային խումբ՝ կապված Ռուսաստանի ֆինանսական հանցավոր գործունեության հետ։
«Այդ բոլոր ջանքերը հանգեցրին նրան, որ պատժամիջոցների ցուցակում ընդգրկվեցին Ռուսաստանի հետ կապված ավելի քան 18 հազար ֆիզիկական և իրավաբանական անձինք»,- ասել է Ատլանտյան խորհրդի փորձագետը։
«Հայտնաբերել ենք ռուսական փողերի լվացման զգալի ծավալներ համաշխարհային ֆինանսական համակարգում, որոնց մասին, անկեղծ ասած, նախկինում տեղյակ չէինք։ Եվ սա բավականին լուրջ է, ու պետք է այդ խնդիրը լուծենք առանձին, նույնիսկ Ուկրաինայի կոնտեքստից դուրս»,- նշել է Դոնովանը։
ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի վարչակազմում Պետքարտուղարության պատժամիջոցների քաղաքականության նախկին համակարգող Դենիել Ֆրիդը «Ամերիկայի ձայնին» փոխանցել է, թե Միացյալ Նահանգները հույս ուներ, որ պատժամիջոցների ենթարկված ձեռնարկատերերը կկարողանան ճնշում գործադրել Ռուսաստանի նախագահի վրա և ստիպել նրան դադարեցնել պատերազմն Ուկրաինայում, սակայն դա «չստացվեց»։
«Պուտինը վճռական էր պատերազմել և սաստկացնել պատերազմը։ Նա թքած ունի օլիգարխների վրա․ նրանք ազդեցություն չունեն»,- ասել է Ֆրիդը։
Մեր զրուցակցի խոսքով՝ շատ բան կախված կլինի նրանից, թե պատժամիջոցների հարցում ինչ քաղաքականություն կվարի Դոնալդ Թրամփի գլխավորած նոր վարչակազմը։ Եթե որոշում կայացվի մեղմացնել հակառուսական պատժամիջոցները՝ ուկրաինական հակամարտությունը կարգավորելու դիմաց, ԱՄՆ-ը պետք է համոզվի, որ Ռուսաստանն իսկապես կատարում է հրադադարի իր պարտավորությունները՝ նախքան սահմանափակումները չեղարկելը՝ ասել է Ֆրիդը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում