Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ. «Հայաստանում առկա 19 հազար բազմաբնակարան շենքերի 60 տոկոսից ավելին կառուցվել է մինչեւ 1980 թվականը եւ եթե վթարային չեն, ապա արդեն հնամաշ են»

Հունվար 13,2025 20:02

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը 2024 թվականի ամփոփիչ ասուլիսում խոսեց 300 դպրոց եւ 500 մանկապարտեզ ծրագրի ընթացիկ վիճակի մասին, նշեց, որ Հայաստանի Հանրապետությունում առկա 19 հազար բազմաբնակարան  շենքերի 60 տոկոսից ավելին կառուցվել է մինչեւ 1980 թվականը՝ խորհրդային նորմերով, որոնք եթե վթարային չեն, ապա  արդեն հնամաշ են եւ չեն համապատասխանում այսօրվա չափորոշիչներին:

Անցած տարվա ընթացքում իր ղեկավարած գերատեսչության կատարած աշխատանքներն ընդհանուր առմամբ ամփոփելուց հետո պատասխանելով, թե իրենից ինչ է ներկայացնում բնակֆոնդի ռենովացիոն ծրագիրը, ինչու հատկապես Երեւանում հսկայական ծավալով նոր շենքեր են կառուցվում, սակայն հները չեն քանդվում եւ, հետեւաբար, դրանք ո՞ւմ համար են կառուցվում հարցերին, ասաց. «Ում համար են կառուցվում: Մեր բոլորի համար են կառուցվում: Բազմաթիվ պատճառներ կան, թե ինչի է այսքան մեծ թափով շինարարություն իրականացվում: Եթե վիճակագրական կորը կառուցենք, կտեսնենք, որ մի մեծ ժամանակահատված ունենք, որտեղ դատարկ տարածություն կա: Այսինքն, եթե ամեն ինչը բնականոն տեղի ունենար նախորդ տասնամյակներում, մենք ինչ-որ չափով պետք է խոշոր կառուցապատումներ, ծրագրեր ունենայինք: Այդ դատարկ տարածությունները տնտեսությունն ինքը փորձում է պահանջարկով պայմանավորված լրացնել:

Ինչո՞ւ է այսքան մեծ ծավալի կառուցապատում իրականացվում եւ ինչո՞ւ է այսքան պահանջարկ ձեւավորվում: Որովհետեւ բոլորիս մոտ մշակույթ է փոխվել: Եթե առաջ երեխաներն իրենց ընտանիքներով ծնողների հետ ապրում էին մեկ բնակարանում եւ բոլորը հարմարված էին դրան, հիմա ծնողներն առանձին են ապրում, երեխաներից յուրաքանչյուրը առանձին: Սա ստեղծում է լրացուցիչ պահանջարկ:

Հաջորդը իմ կարծիքով մեր սփյուռքահայերն են, որոնք ապրում են տարբեր երկրներում, բայց շատ մեծ ցանկություն ունեն Հայաստանում ունենալ իրենց բնակարանը:

Ռենովացիայի ծրագիրը, ինչի մասին ես խոսեցի եւ չմանրամասնեցի, իրականացվում է թաղամասային կառուցապատման սկզբունքով: Կառուցվելու են շենքեր, որից հետո հին շենքերը քանդվելու են: Մարդկանց չենք հանելու իրենց տներից, ասենք՝ գնացեք, երեք տարի հետո կստանաք ձեր բնակարանը: Թաղամասային կառուցապատման դեպքում հնարավորություն ենք ունենալու նաեւ փողոցները լայնացնել: Եթե գնանք կետային լուծման՝ պայմանական հինգ հարկանի վթարային շենքը քանդենք ու տեղը 15 հարկանի նորակառույց կառուցենք, դա այդ վթարայինի խնդիրը կլուծի, բայց քաղաքաշինական խնդիրներ մեծ մասով չի լուծի, որովհետեւ փողոցները լայնացնելու խնդիր կա, սոցիալական, կրթական օբյեկտներ տեղավորելու անհրաժեշտություն կա եւ այսպես շարունակ»:

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Garo says:

    Դու էլ ես հնամաշ։ եթե քարի շենքը նորմալ սարքածա ինքը 100 200տարի կծառայի։ 1970թվին կառուցած շենքը ընդամենը 55տարեկանա։ հո էն ամերիկյան փայտից տները չեն, որ 30տարին մեկ քանդեն նորը սարքեն։

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031