Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանում հայ լինելը մահվան դատավճիռ էր․ լրանում է Բաքվի ջարդերի 35-րդ տարելիցը

Հունվար 13,2025 20:20

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

1990 թվականի հունվարի 13-ին Բաքվում սկսվեցին և մեկ շաբաթ շարունակվեցին քաղաքի հայ բնակչության՝ նախօրոք ծրագրված ու կազմակերպված ջարդերը։ Ադրբեջանական ջարդարար ամբոխը՝ կառավարության խրախուսմամբ ու թողտվությամբ, նախապես ճշտված հասցեներով հարձակվեց հայերի վրա։ Ծեծի ենթարկվեցին, կողոպտվեցին ու սպանվեցին հարյուրավոր հայեր։

Ջարդերի ժամանակ սպանված հայերի հստակ թիվը հայտնի չէ, սակայն այն հասնում է մի քանի հարյուրի։ Բաքվում, որտեղ 1988 թվականի դրությամբ ապրում էր ավելի քան 200 հազար հայ, 1990 թվականի ջարդերից հետո այլևս հայ չմնաց։

1990 թվականի հունվարի 13-19-ը[1] Բաքվում իրականացվեց հայ բնակչության կոտորած և տեղահանություն, որի ընթացքում «Ադրբեջանի Ժողովրդական ճակատ» (Ժողճակատ) կուսակցությունն ու իշխանության մարմինները գործում էին համատեղ։

Հունվարի 13-ի Բաքվի բազմահազարանոց հանրահավաքից հետո ցուցարարները, «Եթե ուզենք, հայերի գլուխներից երկրորդ Արարատ կսարքենք», «Հայե՛ր, դու՛րս», «Մահ հայերին[2]» հակահայկական կարգախոսներ վանկարկելով, ներխուժեցին հայերի բնակարաններ, խանութներ, աշխատավայրեր։ Ականատեսների վկայություններով՝ ամբոխը բնակիչներին պատշգամբներից ներքև էր շպրտում, ողջ-ողջ այրում, աղջիկներին և կանանց բռնաբարում, խոշտանգում, մասնատում և տանջամահ էր անում։ «Ես տեսա, թե ինչպես 9-րդ հարկից մի կնոջ ցած նետեցին»,- հետագայում վկայելու էր ադրբեջանցի հայտնի քաղփախստական և քաղաքագետ Արիֆ Յունուսովը։

«Ես անձամբ վկա էի, երբ երկաթուղային կայարանից ոչ հեռու սպանեցին երկու հայի։ Հավաքված ամբոխը նրանց վրա բենզին լցրեց և այրեց, իսկ երկու հարյուր մետր հեռվում Նասիմի շրջանի միլիցիայի բաժանմունքն էր, որտեղ կային ներքին զորքերի 400-500 զինվորներ, որոնք մեքենայով, մոտ 20 մետր հեռավորությամբ, անցան այդ ածխացած դիակների մոտով։ Ոչ ոք փորձ չարեց ցրել ամբոխը»,- օրեր անց պիտի ասեր Ժողճակատի առաջնորդներից Էթիբար Մամեդովը։

Ջարդերի արդեն երրորդ օրը՝ 1990 թվականի հունվարի 15-ի համարում «Լոս Անջելես Թայմս»-ը գրում է․ «Տղամարդիկ, կանայք և երեխաներ, ինչպես երիտասարդներ, այնպես էլ ծերեր, ենթարկվում էին հարձակման և հաճախ սպանվում հայ լինելու պատճառով: Ադրբեջանում հայ լինելը մահվան դատավճիռ էր»։

Փաստերը թաքցնելու և դրանք չբարձրաձայնելու պատճառով մինչ օրս ստույգ չէ Բաքվում սպանված և ջարդերի հետևանքով մահացած հայերի թիվը:

Հայ փախստականները Բաքվի նավահանգստում նավ են նստում. լուսանկարը՝ Դմիտրի Սոկոլովի, ՏԱՍՍ

«Նրանք (խմբ՝ հայերը) տարհանվեցին Բաքվից 1990 թվականի հունվարին՝ իրենց դեմ ծրագրված ջարդերից հետո»[3],- հետագայում ԱՄՆ Սենատի լսումների ժամանակ (2002 թվականի փետրվարի 12) փաստելու էր Փախստականների հարցերով հանձնաժողովի նախագահ Բիլ Ֆրելիքը։

ԽՍՀՄ ղեկավարությունը որևէ քայլ չձեռնարկեց Բաքվի հայ բնակչությանը պաշտպանելու համար։ Բաքվում արտակարգ դրություն հայտարարվեց միայն հունվարի 19-ին, երբ իրական վտանգ էր սպառնում Ադրբեջանում խորհրդային իշխա­նության գոյությանը։

1990 թվականի Բաքվի հայկական ջարդերն իրենց դաժանությամբ ոչնչով չէին զիջում 1988 թվականի սումգայիթյան ոճրագործությանը։ Խաղաղ բնակչության դեմ հանցագործությունները կրկնվեցին նաև Արցախում՝ 2023 թվականին։ Քաղաքակիրթ ներկայացող Բաքվի ձեռագիրը նույնն էր և՛ 20-րդ դարասկզբին, և՛ 20-րդ դարավերջին, և՛ 21-րդ դարում։

 

«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031