Այդ դու ես միայն, որ հնարամիտ, անճառ արվեստով՝
Հյուսում ես իրար առավոտ ու մեգ:
ՄԱՏՅԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹՅԱՆ Բան Կ Գ, Բ ԴԵ
Կարդացեք նաև
Քանի գրում եմ՝ ես իմ գիրը կպահեմ,
էն կյանքում էլ գիրս ինձ կպահի…
Լևոն Ջավախյան
Ներկա օրերում տեխնոլոգիաների աննախադեպ զարգացումը հանգեցրել է արհեստածին մտածողության գերիշխանությանը՝ խախտելով բնությամբ օրհնաբանված մարդու հավասարակշռված շարժը: Կյանքը երկրորդ շնչառությամբ թափավազքի է վերածված, ու թվում է՝ ժամանակը երբեք այսքան անժամանակ ու սուղ չի եղել, ազատությունն էլ՝ այսքան անորոշ, որ մտածես, զգաս, հիանաս, ի վերջո վայելես կյանքի ինքնաբուխ հրաշքը՝ «շուրթերին դալար շյուղ» աղունիկների ճախր-թևաբախումները՝ իբրև անհունությանը նայող անանձնական հույսի աչքթարթումներ: Հանելուկներով հարափոփոխ է ընթացիկ իրավիճակը, որում ծանրացել է տեղեկատվության ահռելի ճնշումը. թացն ու չորը, նախորդն ու հաջորդը որպես երկվորյակ դիպվածներ խառնվել իրար, պայթեցնում են «միակ անփոխարինելիի» միֆը՝ հանգեցնելով մի գոյաբանության, որտեղ սրընթաց ու ճիշտ կողմնորոշվելը, արագ մտածելը, «ոտքի վրա» ապրելը ճամպրուկային ժամանակների տրամաբանություն է, ուր ցանկացածը ճանապարհորդ է, բայց չի կարողանում զանազանել ճանապարհանշանները, չի զգում բոցի ու ջերմության տարբերությունը, պարզունակ կենցաղային լուր տալը համարում է հուր տալ՝ չհասկանալով, որ վառելը տաքացնել չի նշանակում, քանզի դրանք մահվան ու կյանքի պես իրարից տարբեր են:
Չարաչար սխալվում են նրանք, ովքեր նման շիլաշփոթում լրագրության այսպահական շահով ոգևորված՝ գրականության վերջն են տեսնում, մոռանալով, որ տիեզերապահ հավերժականության խորհուրդը հիշողությունն է, իսկ գրականությունը մարդկային հոգու պերճությամբ գեղեցիկն է՝ ծրարված հիշողության պարույրում: Աչքս սահում է ֆեյսբուքյան դիմատետրիս լրահոսին. Լևոն Ջավախյանի հերթական գրությունն է՝ «Տնփեսա»: Կարդացի ու տպավորված մտածեցի. մշակույթն այսօր ասես հասարակության մեջ իրավազրկված, տաքուկ պահվող տնփեսա է, բայց և բացասեցի ինձ. գրական տանը նաև տանտեր գրողներ կան, ճիշտ է, քիչ են, բայց կան ու իրենց ուսերով պահում են գրականությունը որպես մնայուն գեղարվեստական արժեք:
Գրող Լևոն Ջավախյանին լավ եմ ճանաչում ոչ միայն նրա հրապարակած գրքերով, այլև առօրյա վերնիսաժյան հանդիպումներով: Ինձ միշտ հաճելի է եղել նրա անկեցվածք պարզությունը, չոր տարիներով անցած թավշե գորովը, ինքնակիսությամբ արարված գրականությունը՝ բնական համ ու հոտով, անբեկանելի ճշմարտությամբ, ինչն ակամայից լայնացնում է հուզականի և զգայականի աշխարհընկալման սահմանները, անշուշտ և ասելիքի, որտեղ չամաչելուն հասնող ամոթխածություն կա՝ բոհեմիկ պատմություններ հյուսող: Ուստի բնական է և կարևոր Լևոն Ջավախյանի հավատն առ հեքիաթ՝ ներսի մաքուր աշխարհը, որում պեծպեծում է գեղեցիկ աչքերով տղան, որ Լոռվա սար ու ձորն էր չափչփում Սասնա Դավթի նման ուղղամիտ ու անկեղծ, ու անգամ, երբ ժամանակն անձրևեց հոգին, միևնույն է, հավատում էր, որ լեռներում օդասուն է և գեղեցիկն է ծնվում, երազը կյանք է դառնում կարոտի զիզի քարին, որին մի մանչ աղ է ցանել, վրան էլ խաչ քաշել:
Նա շարունակում է մնալ միամիտ այն լոռեցին ու Սարոյանի Ջոնիի պես երբեք չի ասում. «Պա, ես անուններ չեմ տալիս, բայց ինչ-որ բան ինչ-որ տեղ սխալ է», այլ թումանյանական անկեղծությամբ շիտակ նայելով՝ տեսածի անուններն է տալիս ու նեսոների շրջապատում մնում է բարձր ու ներող. «Նեսոն մեղք չունի, Նեսոն տգետ է», ու խոնարհված «Ծնկան ծերին» դողացող ճերմակ թղթին (վերակերպվելով Օհաննեսի)՝ վեր է հառնում, որ բարձունքում ընդունի կարոտի ծնունդը տառ առ տառ, բառ առ բառ, նախադասություն առ նախադասություն, որ մաքուր արծաթագրություն է արծաթադավան ժամանակների, ինչին գրողի սևեռումը հետահայաց չէ ու դիմահար, այլ շարժման մեջ համընթաց է մեծ ու փոքր վարկյաններին, ուր երկրորդ շնչառությամբ բացվում են կյանքի տրոփող կշռույթի հազար ու մի սոցիալ-տնտեսական ու մշակութային մարտահրավերները:
Աշխարհը փոխվել է, փոխվել են չափորոշիչները գրական արժեքների, բայց մնացել է իսկական գրականությունը, որը գրողի կենսաիմաստասիրությամբ թորված ջուրն է ազգային հոգևոր պապակը հագեցնող: Գրող լինելը փորձություն է, սակայն ոչ երբեք՝ փորձանք: Հարկավ, ես նկատի չունեմ գրող խաղացող փրփուր – պատեհապաշտներին, որոնք շերեփուկների վտառների պես լցվել են գրական դաշտն ու անհամբեր սպասում են գորտի պես կռկռալուն: Թող չթվա՝ մտքերս շեղվեցին գրողի գեղեցիկ էությունից, պարզապես ուզում եմ վկայել, որ արագությունների դարում այս ամենին դիմակայող գրողներից մեկն էլ Լևոն Ջավախյանն է իր ժուժկալ կյանքով և հանուն գրականության ինքնազոհության գնացող գրչով:
Անկասկած, Լևոն Ջավախյանը մեր ժամանակների լավագույնս գնահատված ու ժողովրդական գրողներից է, ով «չարքաշ մտավորականի» ճակատագիրը շալակած՝ ապրելով գրում է, գրելով ապրում կյանքի վերուվարի ալեբախումում: Նա օր-օրի քրտնակերտել է վերնիսաժյան բոհեմիկ իր տիրույթը, որի տանիքը արևն է, պատերն անձրևներն են, թթվածինը՝ քամին, իսկ հոգին՝ մարդկային արցունք ու ծիծաղ խնկարկող կրակը, և այս ամենը երկնային օրհնությամբ նշաններ են ջավախյանական խոսքազանգի, որի լեզվակը ժողովրդական բանահյուսության տրոփող բառն է, իսկ կոչնակը տարիների բովում թրծված գրող-ադամորդու պարզ, անպաճույճ ու հար իմաստությունը՝ հանց սարի սրտից բխող ջինջ աղբյուր: Նրա գիրը ծնվում է ամենօրյա լույսի հետ, անժամուպատարագ աշխատասիրությամբ: Այնպես չէ, որ նա նստում, երկնքին է նայում, թե մուսան տիեզերքից ճախրելով պիտի գա ու ասի. «Բարև, եկել եմ, ինձ գրիր»:
Ջավախյանի գրի ծնունդն սկսվում է շրջապատի ոգեծին ազդակներով՝ մոր կաթի հետ բաժին հասած, ընկալելու, վերլուծելու, արժևորելու կարողություններով, իբրև գրող – մոգի հոգեզմայլություն, որի երկունքում գրողը ցավքաշն է ու ամենակարևորը՝ արարիչը: Ջավախյանը 2024 թ.-ի դեկտեմբերի 23-ին ֆեյսբուքյան իր էջում հրապարակած «Անտեր խաշլամա»-ում խաղարկուն պատկերում է, թե ինչպես է իր պատմաազգագրական գրի վճիտ ակունքը վերաճում ջավախյանական ինքնաբուխ գրականության:
«Իմ ընկեր Ավոն գրող չի, բայց լավ պատմել գիտի. ես էլ լավ չեմ պատմում, բայց լավ գրել գիտեմ։ Քանի որ պատմելուց վատ եմ, միշտ կողքս լավ պատմող եմ պահում։ Դրա համար Ավոն մոտիցս միշտ անպակաս է։ Երբ էլ կողքիս չի լինում, սաղ լինի հեռախոսը` միշտ մոտս ա ու մոտս` ականջիս զնգում է ու իր բերած խոսքը հղում մինչև հոգուս խորախորհուրդ խառնարանները։ Ինձ մնում է լսել ու արձագանքել, որ շատ նման է արտագրելու։ Ավոն խոսում է, ես գրի եմ առնում։ Ճիշտ է, էդ ճամփին պատումը փոքր-ինչ խամրում է ու գունաթափվում, բայց հյութն ինչքան էլ քամվում` մեջը էլի ինչ-որ բան մնում է։ Էդ իսկ պատճառով իմ ամեն «գրագողության մեջ» ձգտում եմ հասնել բանավոր խոսքի գրավչությանն ու կենդանությանը»։
Ավոն ազգայինի խորհրդանիշ է, եթե կուզեք՝ Ավոն Իսահակյանն է, Ավոն Մոնթեն է, Ավոն՝ Ավետիսը., Ավոն՝ ես ու դու:
Այս տրամաբանության ծիրում էլ «Գրական թերթի» 2019 թվականի դեկտեմբերի 6-ի համարում «ամսվա հարց»-ին՝ «Համակարծի՞ք եք, որ ժամանակակից գրականությունն ամեն օր պարտվում է քաղաքականությանն ու մեդիային», պատասխանել եմ. «Ո՛չ: Գրականությունը երբեք չի պարտվում:Այն գոյում է ժամանակի անսպառ կենսաէներգիայից սնվող ոգով: Ցանկացած ժամանակաշրջան բերում է իր գրականությունը, որը, բնականաբար, արտացոլանքն է առկա իրողությունների գեղարվեստական ընկալման: Գրականությունն այսօր ազատ է ու անկանոն իր զարգացման ու դրսևորումների մեջ, ինչն էլ հաճախ դժվարացնում է որոշել գրական ստեղծագործության ժանրային պատկանելությունը: Ժամանակակից գրականության առաջընթացը մշակութային տարբեր ոլորտների սերտաճումով է պայմանավորված: Գրական ժանրը հաճախ տարաբնույթ ժանրերի փոխներթափանցումից առաջացած հիբրիդային տեսակ է, որը համաշունչ է նորագույն մտքի և արագությունների դարին, որտեղ ժամանակը միշտ սղության մեջ է և օդ ու ջրի պես անհրաժեշտ է օպերատիվ ու բազմաբովանդակ տեղեկատվությունը: Այստեղ է, որ առաջնային դերակատարում են ստանում քաղաքականությունն ու մեդիան, բայց թե՛ մեկը, և թե՛ մյուսը երբեք չեն կարող, ըստ իս, գրականության մրցակիցը լինել: Պարզաբանեմ՝ ինչու: Ի՞նչ է քաղաքականությունը, եթե ոչ, ի վերջո, հացի խնդիր:
Ի՞նչ է մեդիան, եթե ոչ՝ լրատվություն ու տեղեկատվություն: Այս երկուսի գործառույթը կարելի է բնութագրել որպես «կենցաղավարություն», իսկ գրականությունը նման տրամաբանությամբ «կենցաղավարության» հանդիսությունն է՝ թագադիր գործառույթը, հետևապես ոչ թե այն պարտվածն է այս երկուսի կողքին, այլ փնտրվածը, որովհետև «ոչ միայն հացիվ, այլ նաև բանիվ»: Ցանկացած ժամանակաշրջանում, անկախ զարգացածության աստիճանից, հոգևորը պահանջված է այս կամ այն չափով և համարվում է երես բացող վերադաս անհրաժեշտություն: Ընդհանրապես գրականությունն ունի ոչ միայն թելադրելու, կրթելու, ընդվզելու, այլև թելադրվելու, կրթվելու ունակություն:
Այս հակադրություններում էլ ձևավորվում է արդի գրականությունը, որն առաջին պլան է մղում հիբրիդային նոր գրական ժանրեր, որոնցից է Լևոն Ջավախյանի «պատմվածք – ակնարկային»՝ ժամանակի հետ հարահոսվող արձակը, որի բովանդակային, տեղեկատվական, մեկնաբանական արժեքը «ֆուխարայի հալը գիտցողի իմաստությունից է գալիս», բնականաբար, նրա գրականության ոգեղեն բարձրությանը չեն կարող հասնել քաղաքականությունն ու մեդիան, հետևապես և մրցակցել իրենց կիրառական գործառույթներով»: Ամեն դեպքում բոհեմի դաշտը մնում է գրողներին: Թեև հաճախ դժվար է տարբերել գրող խաղացողին իսկական գրողից, ում ամեն տողը շնչում է կյանքով ու ապրեցնում: Լոռվա աղբյուրների պես անբռնազբոս հոսող, ժողովրդական իմաստախոհության որձաքարից կայծվող, նորօրյա հայ գրականության «թեթև ու ծանր» տեսակն է Լևոն Ջավախյանը: Ճիշտ է, նա քաղաքի ասֆալտին է կանգնած, բայց հայրենի հողում է զգում հոգու արմատները ու նրանից է ուժ, խորհուրդ, իմաստ, նշանակություն, պատգամ, ավանդություն ժառանգում:
Հ.Գ. Հավատով եմ, որ չար շունչը կլքի իմ ու Չարենցի անուշ Հայաստանը՝ հուսով եմ, որ նաև Ձեր Հայաստանը… Դա իմ անձնական երջանկությունը կլինի, որ միտում ունի վերածվելու հասարակական, ես կասեի՝ ազգային երջանկության: Այո, իմ անձնական երջանկությունը,
Հակոբ Հարություն