«Եթե բանաձևենք այսօրվա իրավիճակը՝ մանկուրտները ծառայում են բոզկուրտներին (Բոզկուրտ – թուրքական երիտասարդական ազգայնական կազմակերպություն. խմբ)։ Սա է ՀՀ-ում իրավիճակը։ Ով մտածում է՝ հայհոյանք ասացի, ավելի վատ բան ասացի, որովհետև բոզկուրտները թուրքական ֆաշիստական հակահայկական հակահունական ազգայնական կազմակերպություններ են»,- իր գործով դատական նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում, դատական նիստերի դահլիճում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
Ըստ Արմեն Աշոտյանի` ՀՀ-ն երբեք չի լինելու ԵՄ անդամ․ «Քանիցս ասել եմ՝ ավելի հավանական է, որ ՀՀ-ն անդամակցի Անդրոմեդայի համաստեղությանը, քան ԵՄ անդամ դառնա։ Ժամանակն է, որ ԵՄ իրական բարեկամները հայ ժողովրդին ուղիղ ասեն իրականությունը։ ՀՀ-ն ցավոք, թե բարեբախտաբար, կապ չունի, երբեք չի լինելու ԵՄ կազմում։ Սա աշխարհաքաղաքական գլոբալ ճշմարտություն է։ Եթե Բրյուսելում, Փարիզում, Բեռլինում պահպանվել են հայ ժողովրդի բարեկամներ, լավ կլինի, որ ասեն՝ ժողովուրդ ջան, շատ ուրախ ենք, որ դուք մեզ սիրում եք, բայց մենք ձեզ հետ երբեք չենք պսակվելու»։
Հարցին՝ ՀՀ-ն դուրս կգա՞ ԵԱՏՄ-ից, ՀՀԿ փոխնախագահը պատասխանեց․ «Սերժ Սարգսյանի՝ բանակցային ժառանգությունը Նիկոլը մսխեց Արցախի հարցով, հիմա էլ մսխում է աշխարհաքաղաքական ժառանգությունը, ԵՄ-ԵԱՏՄ հարաբերակցության միջև ճիշտ դրված բալանսը, Սերժ Սարգսյանի տնտեսական ժառանգությունը։ Միայն գազային պայմանագիրը՝ 2013-ին կնքված, ՀՀ-ին այս 11 տարվա ընթացքում առնվազն 8 միլիարդ դոլարի օգուտ է բերել, էլ չասեմ՝ ԵԱՏՄ-ի շնորհիվ միլիարդավոր դոլարներ է ՀՀ-ն ստանում ֆիզիկական մակարդակից մինչև պետբյուջե»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ