Լրահոս
Օրվա լրահոսը

«Չեմ կարծում՝ մարդն ունենա աշխատանքի ու աշխատելու հնարավորություն, որոշի աղքատ ապրել ու հաճույք ստանա դրանից»․ Վահան Թումասյան

Հունվար 13,2025 18:08

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կառավարության հունվարի 9-ի նիստում խոսելով աղքատության ու ծայրահեղ աղքատության հաղթահարման մասին, հայտարարել էր՝ եթե մարդն աշխատունակ է, ապա աղքատությունը պիտի հաղթահարի իր աշխատանքով։

«Մենք մարդուն պիտի շատ ուղիղ ասենք՝ հարգելի՛ս, եթե դու աշխատունակ ես, ուրեմն դու քո աղքատությունը դու ինքդ պետք է հաղթահարես քո աշխատանքով։ Եթե դու չես ուզում աշխատես, աղքատությունը քո ընտրությունն է, ոչ մեկ պարտավոր չէ գնա առավոտից իրիկուն աշխատի, որ դու քո յոթ անգամ ռեմոնտ արած դիվանի վրա պառկես ու սերիալ նայես»,- ասել էր վարչապետը

Նա օրինակներ էր մեջբերել, թե ինչպես մեր երկրում «Բրաբուսով» մարդը նպաստ է ստացել 2018 թվականին կամ ամսական 700 հազար դրամ վարկ է փակում և «Փարոս»-ից սոցիալական նպաստ է ստանում։

«Նա, ով չի ուզում աշխատի, աղքատությունն իր ընտրությունն է»,-եզրահանգել էր Փաշինյանը։

 

Aravot.am-ը Շիրակի մարզում սոցիալական ծրագրեր իրականացնող, սոցիալապես անապահով մարդկանց հետ ամենօրյա շփման մեջ գտնվող «Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ է ցույց տալիս իր պրակտիկան՝ արդյոք աղքատությունը մարդու ընտրությո՞ւնն է, և պետությունը բավարար աշխատատեղեր ստեղծե՞լ է, որ աղքատությունը չդառնա ընտրություն։

Վահան Թումասյանն ասաց․ «Ես չեմ լսել Փաշինյանի խոսքը, հետևաբար և չեմ մեկնաբանի, չստացվի՝ սխալ եմ ընկալել, բայց կասեմ՝ աղքատությունը խորքային պատճառներ ունի։ Երբ որ կոնկրետ թիրախավորված վերցնում ենք որևէ ընտանիքի կամ որևէ անձի աղքատություն, խոսքը Շիրակի մարզի մասին է, որևէ հիմնավոր, խորքային պատճառ կա, որ աղքատ են։ Ես չեմ կարծում, որ մարդը ցանկացել է աղքատ լինել ու աղքատ է, չեմ կարծում՝ եթե ունի աշխատանքի ու աշխատելու հնարավորություն, բայց ինքը որոշում է աղքատ ապրել ու հաճույք է ստանում աղքատությունից։

Համենայնդեպս ես նման մարդկանց չեմ հանդիպել, մենք չենք աշխատել նման խավի հետ, մենք աշխատում ենք, ասենք՝ տարեցների հետ, որոնց թոշակը չի բավարարում բարեկեցիկ միջավայրում ապրելու համար, մենք իրենց փայտով օգնում ենք, որ իրենց թոշակը խնայեն, նորմալ սնվեն կամ այլ ծախսեր անեն։ Կազմակերպությունների օգնությամբ աղքատությունը երկրում չի վերանա, մենք մարդուն միայն կարողանում ենք սովահարության կամ ցրտահարություն ճիրաններից փրկել։

Ինչո՞ւ է մարդն աղքատ․ կամ ճակատագրական հարված է ստացել, մարդ է, ընկել է, ոտքն է ջարդվել, հաշմանդամ է դարձել, ամուսինն է բաժանվել կամ մահացել, երեխեքը շատ են, նրանց մեջ վատառողջ կա, կենցաղային պայմաններ չունի, վթարային շենքում կամ դոմիկում են բնակվում կամ նորից կրկնեմ՝ թոշակառու է, թոշակը չի բավարարում․ թոշակի մի մասը տալիս է դեղերին և այլն և այլն, կամ ասենք՝ հոգեկան առողջության հետ խնդիրներ ունի։ Կա ընտանիք, որ 6-7 երեխա ունի, ինչքան էլ օգնես, չես կարողանում վիճակը թեթևացնել, որովհետև երեխեքը սոսկալի վիճակի մեջ են, ամուսիններն ունեն խնդիրներ, այն աստիճանի չեն, որ հոգեբուժարան տանես, երեխաներին էլ՝ մանկատան, բայց այն պայմաններում էլ չեն, որ ճիշտ կարողանան կազմակերպել իրենց կյանքը։

Այսինքն` ասելս այն է, որ ինչ-որ պատճառ ունեն, որ ծայրահեղ աղքատ են։ Մենք ծայրահեղ աղքատների հետ ենք աշխատում ու պարտադիր խնդիր ունեն, ամուսիններ չունեն, քայքայված ընտանիքներ են, առողջական խնդիր ունեն, նույնիսկ եթե իրենց համար լավագույն պայմաններն ապահովես, չեն կարողանա աշխատել, ո՞վ կվերցնի իրենց աշխատանքի, եթե նույնիսկ կա աշխատատեղ, ես աշխատանքի շուկան ուսումնասիրող չեմ, չգիտեմ՝ կա՞, թե՞ չկա։ Դրա համար չես կարող ասել՝ գնա, աշխատիր դիվանիցդ իջիր»։

Վահան Թումասյանը նշում է՝ եթե դեպքեր են հայտնաբերվել, որ «Բրաբուսով» մարդը աղքատության նպաստ է ստացել, դա պետական մարմնի թերացումն է և մեկ-երկու առանձնակի դեպքերով ընդհանուր գնահատական չպիտի տալ։

«Պետական մարմնի արած չարագործությամբ չպիտի դնես ու որակես մի ամբողջ խավի, որը Հայաստանի Հանրապետությունում մեծ թիվ է կազմում, Շիրակի մարզում ամենաշատն են։ Եթե նման օրինակներով վերցնենք, ուրեմն ոչ մեկին չպիտի օգնենք։ Օրինակ՝ գնացինք մի դոմիկ, տեսանք՝ ավտոտնակում լիքը փայտ էր, բայց ինքը մեզանից փայտ էր ուզում, ի՞նչ անենք, մեզանից բոլոր փայտ ուզողներներին մերժե՞նք, որովհետև նման դեպք ենք հայտնաբերե՞լ։ Այդպես չէ, չէ՞, անհատական մոտեցում է պետք յուրաքանչյուրին։ Նույնը «Բրաբուսով» մարդու դեպքն է, հիմա ինչ անեն այն մարդիկ, որոնք նպաստով են գոյատևում, այլ միջոցներ, այլ հնարավորություններ չունեն։

Դրա համար աղքատությունը պիտի գնահատեն անհատական մոտեցմամբ, պատճառները գուցե լինեն ընդհանուր։ Ասենք՝ գնում ես գյուղ, գյուղի 99 տոկոսը գոյատևում է մի ձևի, մի տոկոսն էլ միջոցներ է գտել, լավ է ապրում, կան ընտանիքներ ծայրահեղ վիճակում են։

Պետության խնդիրը հավասարություն ապահովելն է, բա պետությունն ինչի՞ համար է, որ հարուստներից վերցնի, տա ծայրահեղ աղքատներին ու սոցիալական արդարություն ապահովի։ Լավ, պետական համակարգն ինչի՞ համար է, եթե պիտի ասես՝ ես գործ չունեմ հետներդ, գնացեք ինչ անում եք՝ արեք։ Եթե ես փող ունենայի, դու կտանեիր ինձանից, եթե խնդիրներ ունեմ կամ դժբախտության մեջ եմ, դու ինձ չպիտի օգնե՞ս, էդ տանելուց լավ ես, օգնելուց չէ՞։ Բա պետության գործառույթը ո՞րն է։

Շիրակի մարզը, պաշտոնական տվյալներով, դարձյալ ամենաաղքատն է, բայց քանի որ հազարավոր խնդիրներ կան՝ պետական, սահմանային անվտանգություն, Արցախից բռնի տեղահանվածների խնդիր, սոցիալական վիճակը, անհավասարությունը կամ ծայրահեղ աղքատությունն արդեն արդիական չեն, թիվ մեկ թեմա չեն, մամուլում հաճախակի չեն քննարկվում կամ շրջանառվում, դրա համար թվում է՝ դրանք չկան։

Գյուղերում աղքատությունը ծայրահեղ աստիճանի է հասել, գյուղերից արտագաղթի հիմնական պատճառը ո՞րն է , արտագաղթը չէ՞, գյուղում ապրելը դարձել է ոչ եկամտաբեր, հողերը չեն մշակվում, պետությունն իրոք ձեռքերը լվացել է, ասում է՝ աղքատների հետ գործ չունեմ, դաշտերում մկները լցվել են, մկների հետ գործ չունեն, խոշոր եղջերավոր անասունները մնացել են սոված, ասում է՝ գործ չունեմ, արոտները չորացել են, ասում է՝ գործ չունեմ, եթե հեչ բանի հետ գործ չունես, բա ինչի՞ ես պետք, ինչի՞ ենք պահում պետական ապարատը, որ հարկեր տանք, իրենք լավ-լավ ապրե՞ն։

Ինչո՞ւ են գյուղերը դատարկվում, ինչո՞ւ գյուղերի վիճակը չի փոխվում, ինչո՞ւ են գյուղերն ավելի աղքատացել, քան մի քանի տարի առաջ, ինչո՞ւ վարելահողերի՝ եթե նախորդ տարիներին 15, 20, 30 տոկոսը չէր մշակվում, հիմա 60-70 տոկոսը չի մշակվում, ուրեմն պատճառներ կան, չէ՞։ Այդ պատճառները ո՞վ պիտի վերացնի, պետական համակարգը, չէ՞։ Եթե երաշտ է եղել, խոշոր գլուխ եղջերավորները կեր չունեն, կոտորվում են, պետությունն ի՞նչ պիտի անի, տարբեր սոցիալական ծրագրերով պիտի օգնի մարդկանց, որ այդ վիճակից դուրս գան ու հաջորդ տարի չհայտնվեն ամենածայրահեղ աղքատների ցանկում։ Եթե այդ ռիսկերը չես կանխատեսում, չես լուծում, թողնում ես այս վիճակին, ուրեմն գյուղերումդ պիտի լինի աղքատություն, երեխաների թերսնվածություն, որոնց ավելանում է Գյումրին՝ ժամանակավոր կացարաններում կամ կիսավեր շենքերում բնակվող բազմաթիվ մարդկանցով»,-ասում է Վահան Թումասյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Լուսանկարը՝ Վահան Թումասյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031