Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամոթի վերջը». Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյան

Հունվար 13,2025 17:44

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Գերաշնորհ Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի թվիթերյան գրառումը

ԱՄՈԹԻ ՎԵՐՋԸ
(մի անանուն, հին ու մոռացված ավանդազրույց)

Ամոթը ծնվեց դրախտում։

Ամոթի ծնունդը սպասված չէր։ Նա անցանկալի ծնունդ էր։ Նա ընդամենը ծնվեց ծնողների մեղքի պատճառով։ Դրախտի Տերը Ամոթի ծնողներին պատվիրել էր դրախտում մնալու դիմաց հնազանդ լինել իրեն: Բայց Ամոթի ծնողները խախտեցին պայմանը. նրանք մտածեցին խաբել դրախտի Տիրոջը և բազմել Նրա աթոռին։ Երբ անհնազանդությունն ու խաբեությունը բացահայտվեց, ահա այդ ժամանակ ծնվեց Ամոթը։ Այդ օրվանից Ամոթը հայտնվեց բոլոր այն վայրերում,  որտեղ կա մեղքի զգացում։

Ամոթի ծնունդից հետո շատ ու տարբեր մարդիկ եկան աշխարհ։ Նրանցից ոմանք ասացին, թե Ամոթը պիտի ծնվի Աստծուն ուրացող մարդկանց հոգիներում: Եվ Ամոթը հուսախաբ չէր անում, ամեն անգամ նա կայծակնային արագությամբ հայտնվում էր բոլոր այն տեղերում, ուր մերժում էին Աստծուն։ Աստծուն ուրացողները խիստ անհյուրընկալ էին նաև Ամոթի հանդեպ։ Նրանք վռնդում էին Ամոթին և ամեն կերպ փորձում խեղդել ու ոչնչացնել նրան։ Այս մարդիկ վարվում էին Ամոթի ծնողների նման և ուզում էին դառնալ դրախտի Տիրոջ պես, բազմել Նրա աթոռին։

Աշխարհում ապրող ուրիշ մարդիկ էլ կային, որոնք ասում էին, թե Ամոթն անպայման պիտի այցելի այն վայրեր, ուր ուժն ու գեղեցկությունը մերժված են։ Ամոթը, թեև այդքան համաձայն չլինելով այդպես հայտարարող մարդկանց հետ, այնուամենայնիվ, շրջում էր նաև այդ կողմերում, և նրա ներկայությունից սթափված՝ մարդիկ ջանադրաբար մարզում ու ամրացնում էին իրենց մկանները։

Նրանք նաև թանկարժեք ու անուշահոտ յուղերով և հազվագյուտ քսուքներով օծում էին մարմինները, հարդարում ու գունազարդում դեմքերը։ Այս մարդիկ Ամոթի վախից՝ առանձնակի ուշադրությամբ հետևում էին նաև բնության երևույթներին՝ փորձելով բացահայտել ներդաշնակությունները ու բնության գեղեցկությունները։ Իսկ եթե անգամ այս մարդկանց մեջ լինում էին որոշներ, որ ոչինչ չէին հասկանում այդ ամենից, նրանք էլ էին ջանադրաբար ձևացնում, թե գեղագետ են՝ միայն թե չհայտնվեին Ամոթի խիստ հայացքի տակ։

Ժամանակներ անցան…

Աշխարհ եկան բոլորովին նոր մարդիկ։ Նրանք տեսքով նման էին նախորդ մարդկանց, բայց որքան նման, նույնքան և տարբեր էին նրանք.նրանց հոգիները սինթետիկ էին, սիրտը՝ արյան փոխարեն քացախանման մի հեղուկ էր արտամղում դեպի անոթներ՝ նույնքան սուր հոտով, իսկ մարմնի փոխարեն քրտնում էին նրանց աչքերի բիբերը։

Ահա այս մարդիկ դարձան Ամոթի իսկական ու ոխերիմ թշնամիները։ Նրանք ոչ միայն կռվում էին Ամոթի դեմ, այլ ուղղակի ժխտում էին նրա գոյությունը և հայտարարում, թե Ամոթը բնավ չի էլ ծնվել։ Դրա փոխարեն նրանք մոգերի ու աստղագուշակների օգնությամբ աշխարհ բերեցին ուրիշ ծնունդներ, որոնց անվանեցին Իրավունք , Ազատություն ու նաև Համարձակություն: Սրանց անխիղճ շահագործումից ծնվեցին Սանձարձակությունն ու Այլասերությունը։

Եվ այդ օրվանից մինչև այսօր Ամոթի փոխարեն Սանձարձակութունն ու Այլասերությունը Ազատության, Իրավունքի ու Համարձակության շորերը հագած պտտվում են գյուղերում ու քաղաքներում, հաղթահանդեսներ անում հրապարակներում և խժռում Ամոթից մնացած վերջին պատառները։

Ահա այսպես այս նոր մարդիկ սկսեցին մի հատուկ ոգևորությամբ պարծենալ այն բաներով, որոնց համար նորմալ մարդիկ կամաչեին ու… կլռեին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031