ՀՀ արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարար, հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը «Հայելի» ակումբում, համադրելով Իլհամ Ալիեւի հայտարարությունները եւ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները, ասաց, որ ըստ Ալիեւի հայտարարության՝ Հայաստան պետությունը սկզբնավորման օրվանից՝ առաջին նախագահից սկսած ու բոլոր նախագահներով ավարտած, ֆաշիստական պետություն է: Եվ քանի որ ժողովուրդը գնացել եւ ընտրել է նրանց, այդ գաղափարախոսությունը, ուրեմն, ինչպես ֆաշիզմը պետք է տապալվի, այնպես էլ Հայաստանը՝ որպես ֆաշիստական պետություն, պետք է վերացվի: Ընդ որում, Ալիեւն ասել է, որ այդ խնդիրը դրված է Հայաստանի գործող իշխանությունների առջեւ: Եվ եթե դա չանեն, իրենք են Հայաստանը վերացնելու: Այսինքն, ասում է, որ ինքը հանձնարարությունը տվել է:
Էդգար Ղազարյանը խոսեց նաեւ այդ հայտարարություններին Հայաստանի ղեկավարության արձագանքների մասին՝ նշելով, որ վարչապետն, ըստ էության, Հայաստանի տարածքի 60 տոկոսը համարում է ադրբեջանապատկան՝ համաձայն այդ երկրի սահմանադրության, եւ ինքն այդտեղ խնդիր չի տեսնում, իսկ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում անուղղակիորեն խոստովանում է, որ իրենք բոլոր հարցերում տապալել են Հայաստանի շահերը:
«Նախարարին ինչ հարց տալիս են, պարզվում է, որ այդ ոլորտը ձախողվել է՝ խաղաղության պայմանագիր, խաղաղության խաչմերուկ, հայ-թուրքական գործընթաց եւ Թուրքիայի հետ սահմանի բացում երրորդ երկրների քաղաքացիների համար եւ այլն: Ու անհեթեթ արդարացումներ, թե դրանք միայն իրենցից կախված չեն, եւ պետք է մյուս կողմերն էլ դրան պատրաստ լինեն:
Իսկ ամենացնցողը Հայաստանի ԱԳ նախարարի՝ առաջիկա օրերին հայ-ամերիկյան ռազմավարական պայմանագրի կնքման մասին տեղեկատվության պարզաբանումն է: Պատկերացնո՞ւմ եք, Անվտանգության խորհրդի մշտական անդամ, աշխարհի ամենահզոր երկրի հետ Հայաստանը պիտի կնքի ռազմավարական համագործակցության համաձայնագիր, ու դրա մասին ինֆորմացիան գիտե՞ք ով է առաջինը մեզ տվել: Դա պետք է ասեր Հայաստանի վարչապետը, ԱԳ նախարարը: Բայց առաջինն ասում է «Հանուն Հայաստանի» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը:
Կարդացեք նաև
Դրանից հետո լրագրողը Արարատ Միրզոյանին հարցնում է, թե այդ մարդու ասածը ճի՞շտ է, նախարարը պատասխանում է՝ այո: Իսկ հարցին, թե նման կարեւոր փաստաթուղթը ե՞րբ է կնքվելու, պատասխանում է՝ առաջիկայում: Հաջորդ հարցին, թե այդ պայմանագիրը ովքե՞ր են ստորագրելու՝ վարչապե՞տն է գնալու Վաշինգտոն, նախարա՞րը… գիտե՞ք Արարատ Միրզոյանի պատասխանը, ասե՞մ, թե՞ ենթադրեցիք: Պատասխանել է՝ Հայաստանից՝ հայկական կողմի ներկայացուցիչները, Ամերիկայից՝ ամերիկյան կողմի ներկայացուցիչները: Ու սա ասել է Արարատ Միրզոյանը մամուլի ասուլիսի ժամանակ: Դուք պատկերացնո՞ւմ եք մակարդակը, երբ խոսվում է հայ-ամերիկյան ռազմավարական համագործակցության համաձայնագրի մասին»,-ասաց Էդգար Ղազարյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ