Լրահոս
Օրվա լրահոսը

Ուզում եմ եւս մեկ անգամ հաստատել Ֆրանսիայի հանձնառությունը՝ Հայաստանի խաղաղությանը. Հայաստանում Ֆրանսիայի դեսպան

Հունվար 13,2025 17:02

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Այս տարվա հունվարի 10-ից մեկնարկել է երկլեզու դրամատիկական արվեստանոցի չորրորդ թողարկման առաջին շրջանը: Ինչպես Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կայացած ասուլիսում նշեց ծրագրի ղեկավար Սերժ Ավետիքյանը՝ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունում այդ թեմայով ասուլիսին, չորրորդ թողարկումը կհամախմբի 25 երիտասարդ դերասանների եւ ռեժիսորների, որոնք ցանկանում են ծանոթանալ հրավիրված արտիստների մեթոդաբանությանը, ժամանակակից թատրոնի եւ կինոյի ավանդույթներին եւ միտումներին:

Նշենք, որ  հրավիրյալ արտիստներն են Լիզա Թորոմանյանը, Անն Կուտյուրոն, Լորան Բերժեն եւ Իվան Մորանը՝ Ֆրանսիայից, ինչպես նաեւ Լինա Ռիյադ Աբյադը՝ Լիբանանից: Արվեստանոցի 5-րդ շրջանի ավարտին արվեստանոցի 10 երիտասարդ արտիստներ հնարավորություն կունենան մասնագիտական պրակտիկա անցնելու Վիլեր Կոտրեի ֆրանսերեն լեզվի ավանում:

Սերժ Ավետիքյանն ընդգծեց, որ արվեստանոցի արդյունքներն անգնահատելի են, եւ իրենք հնձել են ավելին, քան ցանել են: «Մենք սպասվածից ավելիին ենք հասել։ Նախորդ արվեստանոցների մասնակիցներից մի քանիսը ֆրանսերեն են դասավանդում, մի քանիսը թատերախմբեր են ստեղծել և հանդես են գալիս ֆրանսալեզու թատերական ներկայացումներով»,-հավելեց նա:

Երեւանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Սառա Նալբանդյանը նշեց, որ երբ Սերժ Ավետիքյանն իրեն  տեղեկացրել է գաղափարի մասին, ինքը հասկացել է, որ դա ուսանողների եւ ընդհանրապես երիտասարդ արվեստագետների համար հնարավորություն է սեփական մտահորիզոնը բացելու: Նա նաեւ ընդգծեց, որ շատ կարեւոր է, որ արվեստանոցն աշխատանքներն իրականացնում է իրենց ինստիտուտում: Ինչ վերաբերվում է ֆրանսերենին, ասաց, որ լեզուն աշխարհայացք է, եւ ֆրանսերենին տիրապետելը կարեւոր է, քանի որ դա թույլ է տալիս հասկանալ ֆրանսիական մշակույթն իր  ողջ խորությամբ ու հարստությամբ:

Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին ծրագրի մասին խոսելուց առաջ նախ խաղաղություն մաղթեց Հայաստանին: Ապա շեշտեց, որ միայն բառերը քիչ են խաղաղության համար. «Ուզում եմ եւս մեկ անգամ հաստատել Ֆրանսիայի հանձնառությունը  Հայաստանի խաղաղությանը եւ նշել, որ Ֆրանսիան Հայաստանի կողքին է: Սա տարածաշրջանում երկարատեւ եւ արդարացի խաղաղության  հանձնառություն է, բայց նաեւ  հանձնառություն է Հայաստանի կողքին լինելու, պահպանելու նրա տարածքային ամբողջականությունն ու անձեռնմխելիությունը»:

Հավելենք, որ արվեստանոցի չորրորդ թողարկման գործընկերներն են Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը, Հայաստանի ֆրանսիական ինստիտուտը, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը, ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը, Փարիզի քաղաքապետարանը, Ազնավուր հիմնադրամը, SPFA ասոցիացիան, Miassine հիմնադրամը, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը և Վիլեր Կոտրեի ֆրանսերեն լեզվի միջազգային ավանը։

 

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031