Լրահոս
Օրվա լրահոսը

Տուգանք Զարուհի Փոստանջյանի նկատմամբ․ դատարանի վճիռ

Հունվար 13,2025 16:27

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանի գործով դատական նիստի ընթացքում Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Տիգրան Ոսկանյանը Փոստանջյանի դեմ սանկցիա կիրառեց և որոշում կայացրեց նրան հեռացնել դատական նիստերի դահլիճից։

Զարուհի Փոստանջյանը ցանկացավ հայտարարությամբ հանդես գալ, նախագահող դատավորը թույլ տվեց։ Այնուհետև, երբ Զարուհի Փոստանջյանն իր ելույթի սկզբում, դիմելով դատավորին ասաց, որ խնդրում է իրեն չընդհատել և մնալ օրենքի սահմաններում և իրականացնել արդարադատություն օրենքով սահմանված կարգով՝ հանուն ՀՀ-ի և հանուն ՀՀ զինանշանի, որ փակցված է նրա թիկունքում և հանուն սուրբ թագավորությունների, որոնք փակցված են իր թիկունքում, նախագահող դատավորն ասաց՝ ես եմ որոշում՝ երբ ձեզ ընդհատեմ։ Զարուհի Փոստանջյանն ի պատասխան ասաց՝ Դուք ինձ արդեն հնարավորություն տվեցիք խոսելու։

Սրանից հետո դատավորն ասաց, որ Զարուհի Փոստանջյանի դեմ դատական սանկցիա է կիրառում նկատողության տեսքով՝ նշելով, որ իր հետ միաժամանակ խոսելու իրավունք չունի։ Զարուհի Փոստանջյանն ասաց՝ առարկում եմ Ձեր գործողությունների դեմ և նաև հայտնեց՝ պետք է նրան բացարկ ներկայացնի․ «Ձեր գործողություններն ապօրինի են, Դուք թույլ չեք տալիս ինձ իրացնել իմ՝ խոսքի ազատությունն իրացնելու հնարավորությունը։ Ես եկել եմ դատաքննության, որպես մեղադրյալ որոշվելու է իմ նկատմամբ պատիժ սահմանելու հարցը, ես այդ հարցի վերաբերյալ պետք է արտահայտվեմ։ Դրա համար ասացի, որ չհամարձակվեք ինձ ընդհատել։ Դուք չարաշահում եք ձեր պաշտոնեական դիրքը՝ որպես պետական պաշտոնյա»։

Դատավորը Զարուհի Փոստանջյանին ասաց՝ սովորեք լսել, տիկին Փոստանջյան․ «Ես հասկանում եմ, որ Դուք նպատակադրված եկել եք այսօրվա դատական նիստին խոսելու և թույլ չտալու, որ Ձեզ կոնկրետ հարցադրումներ անենք»։ Զարուհի Փոստանջյանն ի պատասխան ասաց՝ ես ունեմ իրավունք հայտարարություն անելու, այս դատալսումները հենց դրա համար են։

Ի վերջո Զարուհի Փոստանջյանը հայտարարություն արեց։ Նա մոտեցավ դատական նիստերի դահլիճի կենտրոնում դրված ամբիոնին ու ցանկացավ այդտեղից հայտարարություն անել։ Նախագահող դատավորը թույլ չտվեց, Զարուհի Փոստանջյանը պնդեց․ «Իմ սուրբ զինանշանի առաջ եմ ուզում անել հայտարարություն»։ Դատավորն ասաց՝ կանգնեք ձեր տեղում։ Զարուհի Փոստանջյանն ասաց՝ կանգնելու է այդտեղ և այդտեղից է հայտարարություն անելու ու հայտարարեց․ «Բերել եմ կտրված ականջ։ Մեր ազգային էպոսը երևի գիտեք՝ Մսրա Մելիքի ականջն է, որը տրվել է ցռան Վերգոյին, եկել եմ ասելու, որ ցռան վերգոյությունը միևնույն է վաղ թե ուշ պատժվելու է։ Ցռան վերգոները մեր հասարակության անտեսվելու են և հասարակությունից մեկուսացվելու։ Հաշվի առնելով, որ իմ նկատմամբ մեղադրական վերդիկտ եք կայացնում նրա համար, որ ասել եմ Նիկոլը գործակալ է, նրա համար, որ Նիկոլը հանձնել է մեր հայրենի հողերը գործարքի դիմաց, որ Նիկոլին խորհրդարան բերել են նախորդ իշխանությունները, այս խորհրդավոր կտրած ականջը մեր պատմությունն է։ Այսօր ես այստեղ եմ, որովհետև ես կողմ եմ մեր պետության տաճարի կառուցմանը, ես կողմ եմ, որ Մարութա Սուրբ Աստվածածինը վերականգնվի, որ Առաքելոց վանքը վերականգնվի»։

Այս խոսքերի ժամանակ Զարուհի Փոստանջյանը, նայելով դատավորի դեմքին, հորդորեց․ «Մի ծիծաղեք, Ձեզ համար եմ ասում, որովհետև դուք եք ցռան վերգոները, որ բերել եք ինձ այսօր դատարան»։

Ընդմիջումից հետո նախագահող դատավորը հրապարակեց դատարանի վճիռը․ «Դատարանը վճռեց՝ Զարուհի Փոստանջյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 507-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքի կատարման մեջ և նշանակել տուգանք 525 000 ՀՀ դրամի չափով»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031