Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին։
Հանդիպման ընթացքում, ամփոփելով նախորդ տարվա աշխատանքները, կողմերն արձանագրել են, որ չնայած առկա մարտահրավերներին, հայ-ամերիկյան հարաբերությունները զգալի հաջողությունների և առաջընթացի են հասել մաքսային և հարկային վարչարարության ոլորտներում։
Կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության մի շարք կարևոր հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Արտահանման վերահսկման և սահմանային անվտանգության ծրագրի շրջանակում ՊԵԿ-ին տրամադրված աջակցության, դրա շարունակականության, թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ մարմինների միջազգային բյուրոյի հետ համագործակցության, ինչպես նաև ապօրինի գործողությունների դեմ պայքարի և մաքսային գործունեության արդյունավետության բարձրացման ուղղությամբ տարվող համատեղ ջանքերին։ Կարևորվել է փոխադարձ առևտրի համատեքստում առավել ապահով և արդյունավետ միջավայրի ստեղծումը։
Կողմերն ընդգծել են հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության շրջանակում նախորդ տարի ստորագրված՝ մաքսային ոլորտում փոխադարձ վարչական աջակցությունը համակարգող համաձայնագրի կարևորությունը նշելով, որ մաքսային ոլորտում երկկողմ հարաբերությունները զարգացման նոր փուլում են։
Կարդացեք նաև
Հանդիպման ավարտին ՊԵԿ նախագահն ընդգծել է կոմիտեի տեսլականի ամրապնդումը՝ որպես արհեստավարժ ծառայություններ մատուցող պրոֆեսիոնալ կառույց՝ այդ առումով կարևորելով նաև հայ-ամերիկյան փոխգործակցության ու փոխօգնության շարունակականությունը մաքսային ու հարկային վարչարարության ոլորտներում։
ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին