Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ այս պահին Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու որոշում չկա։ «Մենք շատ տարբեր հաշվարկներ ունենք, որոշ հաշվարկներ ունենք նաեւ այդ հարցերի հետ կապված, բոլոր ռիսկերը գնահատում ենք եւ հաշվում։ Տարբեր սցենարներ ենք քննարկում, ունենք վերլուծություններ, թե ինչ կլինի այս կամ այն պարագայում, բայց դրա մասին խոսելը տեղին չէ»,- ասաց նախարարը։
Հարցին, թե ի՞նչ աշխատանք է տարվում, որպեսզի Հայաստանի ապրանքները մրցունակ լինեն նաեւ եվրոպական երկրներում, Վահե Հովհաննիսյանը պատասխանեց․ «Հիմա խթանման ծրագիր ենք նախապատրաստում, եւ դա ոչ միայն վերաբերում է Եվրամիությանը, մինչեւ այդ էլ ունեինք։ Մենք արդեն երկու տարի է՝ աշխատում ենք այն ուղղությամբ, որպեսզի դիվերսիֆիկացնենք մեր արտահանումը, հիմա էլ մի նախաձեռնություն կա, որը քննարկվում է կառավարությունում, շուտով հայտնի կդառնա»։
Հարցին, թե որ դեպքում կքննարկվի ԵԱՏՄ-ից դուրս գալու հարցը, նախարարը պատասխանեց, որ չի կարող ասել։ «Ես այդ պրոցեդուրաներին ինքս տեղյակ չեմ մանրակրկիտ, որովհետեւ այն, ինչ կառավարության կողմից ընդունվել է, այլ բանի մասին է։ Նրա մասին է, որ կարելի է այդ ուղղությամբ մտածել, այսինքն՝ Եվրամիության անդամակցության ճանապարհով գնալ։ Բայց թե այդ ճանապարհը որքան կտեւի եւ ոնց կգնա․․․ Այդ ճանապարհով մենք ոնց որ վաղուց ենք գնում, CEPA-ի (Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր.-խմբ.), համաձայնագրով ունենք պրոցեսներ, այսօր չի սկսվում այդ պրոցեսը»,- նշեց նա։
Վահե Հովհաննիսյանն ասաց, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում ռիսկեր կլինեն ՀՀ տնտեսության համար։ «Դա շատ ակնհայտ է, քանի որ մեր արտահանման մեծ մասը գնում է ԵԱՏՄ, ապա ԵԱՏՄ-ից դուրս գալը կունենա իր ռիսկերը, եթե դա տեղի ունենա այսօր։ Ես չգիտեմ, թե Ռուսաստանն ինչ քայլերի կդիմի, բայց տարբեր քայլերի դիմելու դեպքում տարբեր ռիսկեր կլինեն»,- հավելեց նա։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ