«Ոսկու շուկայի» աշխատակիցներն այսօր Հարկային օրենսգրքում արված նոր փոփոխություններից դժգոհ հավաքվել էին կառավարության շենքի դիմաց: Նոր փոփոխությունների համաձայն՝ հունվարի 1-ից իրենց կողմից վճարման ենթակա հարկը 5 տոկոսից դարձել է 10 տոկոս:
Պահանջում են գույքագրել ապրանքը, ու ամեն ապրանքի համար ավելացել է հարկը:
«Մենք վճարում էինք հարկ, բայց այս նոր տոկոսներով չենք կարողանա, ժողովուրդը կսնանկանա: Եվրոպայի օրենքներով են ուզում շարժվել, բայց Հայաստանը դեռ պատրաստ չէ դրան: Ամեն ինչ իրենց գրպանի համար են անում»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Ոսկու շուկայի» աշխատակիցը:
Կարդացեք նաև
«Ոսկու շուկայի» մեկ այլ աշխատակից՝ Արմեն Բաբլոյանն էլ ասաց, որ իրենք գործառույթներ ունեն, որոնք չենք կարող փաստաթղթաշրջանառել: Ըստ նրա՝ նոր փոփոխություններով հարկերը կրկնապատկվում են:
«Այնպիսի պայմաններ են ստեղծում, որ դառնանք տուգանքի մատերիալ: Մեր կյանքը բարդացնում են, օրինակ՝ կան մարդիկ, որոնք ոսկու լոմ են վերցնում, դրանք ո՞նց ենք փաստաթղթաշրջանառելու: Բազում հարցեր կան, որոնք մեզ հետ չեն քննարկել, պետք է ուսումնասիրեն շուկան, նոր որոշումներ կայացնեն, որ ժողովուրդն էլ հասկանա՝ որ ինչ-որ մի լավ բան են ուզում մեզ համար անել: Ապրանք կա, որ հինգ տարի՝ սեղանին մնացել է, չի ծախվում: Հիմա ուզում եմ լոմեմ, դա ո՞նց եմ անելու, պետք է գան էդ հարցերը ժողովրդի հետ քննարկեն, նոր մի բան որոշեն»:
Նա պատմեց, որ այս խնդրով դեկտեմբերի 18-ին նամակ է գրել Նիկոլ Փաշինյանին, հայտնել իր մտահոգությունները, որ նոր օրենքը չի նպաստում շուկաների զարգացմանը, ոսկու մանրածախ առեւտրին. «Գրել եմ՝ բարեւ ձեզ պարոն Փաշինյան, անհրաժեշտ է ուսումնասիրել շուկայում առեւտրի առանձնահատկությունները, նոր փոփոխություն անել հարկային օրենսգրքում:
Այս փոփոխությունը մեր բեռն ավելացնում է ու գցում մեզ տուգանքների տակ: Չի պատասխանել դեռ: Ինքը նման հարցերի չի պատասխանում, ավելի հեշտ հարցերի է պատասխանում»:
Ցուցարարներից հինգ հոգի պատրաստվում են մտնել կառավարության շենք՝ իրենց պահանջները ներկայացնելու համար: Նրանք դեռ չգիտեն՝ ում հետ են հանդիպելու: Ցուցարարները պահանջում են այդ փաստաթղթաշրջանառություն ցույց տալու կառավարության պահանջը չեղարկվի:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ