Հունվար-սեպտեմբեր ամիսներին գրանցվել է տնտեսական ակտիվության 8,7 տոկոս աճ` պայմանավորված հիմնական ծառայությունների` առեւտրի եւ արդյունաբերության աճերով:
Անվանական աշխատավարձն աճել է 6,6 տոկոս` կազմելով 280 հազար 256 դրամ: Պետական հատվածի աշխատավարձերը շարունակել են մնալ ավելի ցածր, քան մասնավոր հատվածինը: Աշխատողների թիվն ինն ամիսների ընթացքում աճել է 5 տոկոսով` կազմելով 752 հազար 288 մարդ` պայմանավորված առեւտրի, կրթության եւ շինարարության ոլորտներում աշխատողների թվի աճով:
Այս եւ այլ տվյալներ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում հայտնել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը` ներկայացնելով 2024 թվականի պետական բյուջեի ինն ամիսների կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկանքը:
Անդրադառնալով ծախսերին եւ եկամուտներին` Վահե Հովհաննիսյանը նշել է, որ հաշվետու ժամանակահատվածում արձանագրվել է պետական բյուջեի եկամուտների աճի տեմպի դանդաղում` պայմանավորված հարկման բազաների, մասնավորապես` հարկունակ սպառման ներքին սպառմանն ուղղված ներմուծման եւ կազմակերպությունների շահույթների աճի տեմպերի որոշակի դանդաղմամբ: «Այնուամենայնիվ, նկատում ենք, որ եկամուտների 6,8 տոկոս աճը համահունչ է այն տնտեսական զարգացումներին, որոնք արձանագրվել են այս ընթացքում եւ, բնականաբար, ավելի բարձր են, քան 2023 թվականի նույն ժամանակաշրջանի ցուցանիշները: Զգալի աճ ունենք նաեւ ծախսերի հետ կապված»,- տեղեկացրել է նախարարը՝ հավելելով, որ այդ մասով գրանցվել են լավ ցուցանիշներ:
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է 2024 թվականի պետական բյուջեի չորրորդ եռամսյակին, ապա Վահե Հովհաննիսյանը հայտնել է, որ տնտեսական աճը կլինի պլյուս-մինուս 5 տոկոսի շրջակայքում: Ըստ նախարարի` սա պայմանավորված է հաշվետու տարվա վերջին ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշի որոշակի դանդաղեցմամբ:
ԱԺ