Հայտնի երգի անունը տալիս երգի հեղինակից էլ ավելի առաջ մեր աչքի առաջ գալիս է երգը կատարող երգիչ Համլետ Գևորգյանը, ճիշտ այնպես, ինչպես Համլետ անունը տալիս առաջինը աչքի առաջ գալիս է Շեքսպիրի «Համլետը»: Ստեղծագործական աշխարհում բավական շատ է լինում, որ արտիստի, գրողի կամ նկարչի որևէ մեկ գործ դառնում է նրա գործունեության այցեքարտը և բազում են այն դեպքերը, երբ մարդիկ տվյալ արվեստագետի միայն այդ գործը գիտեն և ոչ մի այլ ստեղծագործություն չգիտեն, որքան էլ որ տվյալ արվեստագետը բեղուն գործունեություն ծավալած լինի: Այս դրույթը ուղիղ տարածվում է Համլետ Գևորգյանի իսկապես որ շատ արագընթաց ու բազմաբեղուն գործունեության վրա, երգիչ, որը շատ նոր երգեր է ասպարեզ բերել, բայց հանրությանը հայտնի է «Ջեյրանս դու ես» երգի կատարմամբ:
Հիմա էլ այս պահին, երբ մենք ծրագրում էինք հարցազրույց անցկացնել հայտնի երգչի հետ, պարզեցինք, որ նա հյուրախաղով գտնվում է ԱՄՆ-ում, հենց անկուշտ կրակի բերանում հայտնված Լոս Անջելեսում և ինչպես միշտ իր հարուստ երգա-երկացանկում ավելացրել է նոր երգեր, բայց հասկանալի պատճառով երևի թե այս անգամ երգելուն հերթ չհասնի: Հուսանք, որ սիրելի քաղաքը շուտ կապաքինվի և երգ ու պարը կդառնա սիրված ու սիրելի գործ, ինչպես հարյուրամյակներ շարունակ:
Կարդացեք նաև
Համլետ Գևորգյանը շատ արագ շահեց ժողովրդական երգի սիրահարների համակրանքը. 2005 թվականին սկսած իր գործունեությունը արագացումով զարգացավ, և ի պատիվ աշխատասեր ու աշխատունակ երգչի, պետք է ասել, որ նա կարողացավ պահել ու զարգացնել այդ արագընթաց տեմպը մինչև այսօր` ամեն անգամ իր հարուստ երգացանկին ավելացնելով նոր հին ժողովրդական և նոր գրված ժողովրդի կողմից սիրելի երգեր:
Շատ հարուստ են Համլետ Գևորգյանի` ժամանակակից ինքնատիպ կոմպոզիտորների երգերը: Առաջին կատարումների կամ երգի հանրայնության համար դիմում են հենց ժողովրդի սիրելի երգչի «Համոյին», ինչպես օրինակ՝ Սասուն Պասկևիչյանի «Մայրս» երգը:
Հատկանշական է նաև, որ Համլետ Գևորգյանը գրեթե ամեն տարի մասնակցում է Հայկական բանակի տարբեր կարգի արարողություններին և առավել հատկանշական է, որ նա ամեն տարի հանդես է գալիս հայրենիքի սիրո կամ ռազմահայրենասիրական նոր ստեղծված երգով: Դա կարող է լինել ազգային մոռացված երգի մի նոր վերածնունդ կամ երգաստեղծ նոր հեղինակի բոլորովին նոր ստեղծված երգի առաջին կատարում:
Aravot.am-ը այսու ավելի լայն անդրադարձ է կատարելու երգի չափազանց լայն ընդգրկում ունեցող բազմաբնույթ ժանրերին, նրանց մեկը մյուսից ավելի փայլուն, ճոխ, շքեղ ու ինքնատիպ կատարումներին ու կատարողներին` այդ կերպ ներկայացնելով հայկական ժամանակակից երգարվեստի չափազանց հարուստ, արագածավալ աճող, ամենակիրառելի և հանրության կողմից շատ սիրված ժանրը:
Բոլորովին այնպես չէ, որ մենք կարող ենք առժամանակ «սպասելով» հանդիպել Համլետ Գևորգյանին, քանի որ նա անընդհատ հյուրախաղային շարժման մեջ է, այնպես ո՝ր առանց սիրելի երգչի հետ խոսելու ներկայացնում ենք ժողովրդական արդեն վարպետ երգչի սիրված արվեստը:
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ
Լուսանկարները՝ Համլետ Գեւորգյանի ֆեյսբուքյան էջից