Էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանն այսօր հրավիրած ասուլիսում անդրադարձավ կառավարության՝ Շիրակում «Չոր նավահանգիստ արդյունաբերական պարկ» ծրագրին։ Ըստ նրա՝ տեխնիկատնտեսական ուսումնասիրության արդյունքում կառավարությունն արձանագրել է՝ «խաղաղության խաչմերուկ» ծրագրի իրագործման եւ խաղաղության հաստատման պարագայում այս ծրագիրը խիստ իրագործելի է։
«Այդ պարագայում Շիրակի չոր նավահանգիստը դառնալու է տարածաշրջանային լրջագույն հաբ, եւ մենք ոչ միայն մեր քաղաքական ուղերձների մեջ, այլ նաեւ գործի մեջ իրականացնում ենք խաղաղության խաչմերուկը։ Խաղաղության խաչմերուկն ինքը փաստացի միայն գաղափարախոսություն չէ, կոնկրետ ծրագիր է։ Այդ կոնկրետ ծրագիրը ենթադրում է առաջին հերթին Հյուսիս-հարավ ճանապարհի գործարկում, եւ դուք գիտեք, որ հիմա Հյուսիս-հարավի կառուցումը մեծ թափով ընթացքի մեջ է։ Երկրորդ փուլում դա ենթադրում է առաջին հերթին երկաթուղային ցանցի զարգացում։ Մենք ունենք տեխնիկատնտեսական ուսումնասիրությունը, որտեղ հստակ նշված է, թե ինչ գործողություններ են պետք»,- ասաց նա։
Նշենք, որ Շիրակի մարզում «չոր նավահանգստի» ստեղծման մասին պաշտոնական հայտարարությունը ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը տարածել էր 2022 թ. դեկտեմբերի 12-ին, բայց մինչ օրս ծրագիրն իրականություն չի դարձել։ «Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել էր «չոր նավահանգստի» ստեղծման շուրջ հնչած հայտարարություններն ու արձանագրել, որ նախկին նախարարի կողմից հայտարարված ծրագրի մեկնարկի ժամկետները պարբերաբար խախտվել են:
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ