JAMnews. Տարեսկզբից Ադրբեջանում բարձրացել են նվազագույն աշխատավարձի և նվազագույն կենսաթոշակի չափերը։ Միաժամանակ բարձրացել են նաև կոմունալ ծառայությունների սակագները։ Բնակչության անապահով շերտը և տնտեսության ոլորտի փորձագետները կարծում են, որ բնակչության եկամուտների աճը չի փոխհատուցում սննդամթերքի և կոմունալ ծառայությունների գների աճը։
Հունվարի 7-ին նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել է հրամանագիր՝ պետական բյուջեից ֆինանսավորվող մի շարք կազմակերպությունների աշխատակիցների աշխատավարձի բարձրացման մասին։ Հրամանագրի համաձայն՝ 2025 թվականի հունվարի 1-ից միջինում 15%-ով բարձրանում են մոտ 20 հաստատությունների ղեկավարների և այլ աշխատակիցների պաշտոնային դրույքաչափերը, այդ թվում՝ Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի, ԳԱԱ Գյանջայի մասնաճյուղի և Հեյդար Ալիևի կենտրոնի։
Միևնույն ժամանակ նախագահի նախորդ հրամանագրով երկրում նվազագույն աշխատավարձը 345 մանաթից (մոտ 203 դոլար) բարձրացել է՝ հասնելով 400 մանաթի (մոտ 235 դոլար)։ Բացի այդ, նոր տարվա սկզբից Սակագնային խորհրդի որոշմամբ բարձրացվել են նաև մի շարք կոմունալ ծառայությունների սակագները։
Կոմունալ ծառայությունների նոր գները
Կարդացեք նաև
Ջերմամատակարարում
Ինչպես նշում է «Ազերիստիլիքթեջիզաթը», ջերմամատակարարման ինքնարժեքը ներկայումս կազմում է 1,10 մանաթ (0,65 դոլար)՝ 1 քմ-ի համար։ Սակայն 2011 թվականից բնակչությունը վճարում է ընդամենը 15 գյափիկ (0,09 դոլար)՝ 1 քմ-ի համար, տարբերությունը փակում է պետական սուբսիդիավորումը։ Այժմ որոշվել է բնակչության համար սահմանել օպտիմալ սակագին՝ 30 գյափիկ (0,18 դոլար)՝ 1 քմ-ի համար ամսական՝ առանց հաշվիչի, կամ 14,6 մանաթ (8,58 դոլար)՝ 1 Գկալ-ի համար (40-50 քմ)՝ հաշվիչի առկայության դեպքում։
Բնական գազ
մինչև 1200 խմ սպառման դեպքում բնական գազի 1 խմ-ի սակագինը բարձրացել է 0,5 գյափիկով (4,2%)՝ 12-ից դառնալով 12,5 գյափիկ (0,073 դոլար),
1200-2500 խմ սպառման դեպքում սակագինը բարձրացել է 2 գյափիկով (10%)՝ 20-ից դառնալով 22 գյափիկ (0,13 դոլար),
2500 խմ-ից ավելի սպառման դեպքում սակագինը բարձրացել է 5 գյափիկով (20%)՝ 25-ից դառնալով 30 գյափիկ (0,17 դոլար)։
Բնակչության համար բնական գազի 1 խմ-ի միջին սակագինը բարձրացել է 1,3 գյափիկով (8,7%)։
Էլեկտրականություն
մինչև 200 կՎտ սպառման դեպքում էլեկտրաէներգիայի 1 կիլովատտ-ժամի սակագինը բարձրացել է 0,4 գյափիկով (5%)՝ 8-ից դառնալով 8,4 գյափիկ (0,49 դոլար),
200-300 կիլովատտ-ժամ սպառման դեպքում սակագինը բարձրացվել է 1 գյափիկով (11,1%)՝ 9-ից դառնալով 10 գյափիկ (0,05 դոլար),
300 կիլովատտ-ժամից ավելի սպառման դեպքում սակագինը բարձրացվել է 2 գյափիկով (15,4%)՝ 13-ից դառնալով 15 գյափիկ (0,08 դոլար)։
Բնակչության համար էլեկտրաէներգիայի 1 կիլովատտ-ժամի միջին սակագինը բարձրացել է 0,7 գյափիկով (7,8%)։
Տնտեսագետ Նաթիկ Ջաֆարլին «Ազատություն» ռադիոկայանին պատմել է, որ կոմունալ ծառայությունների սակագների վերջին բարձրացումը առաջին հայացքից կարող է աննշան թվալ, սակայն դա դրական միտում չէ.
«Մենք կրկին ու կրկին բախվում ենք նման աճի որոշակի ժամանակահատվածներում։ Դրա հիմնական պատճառները չեն վերացվում։ Հիմնական պատճառը պետական ընկերությունների ոչ ռացիոնալ և ոչ թափանցիկ գործունեությունն է։ Եթե այս պատճառները չվերացվեն, գները կշարունակեն աճել։ Այս անգամ նվազագույն աշխատավարձերի և կենսաթոշակների աճը կազմել է մոտ 15%, իսկ սակագները բարձրացել են 6-7%-ով։ Այս առումով կարելի է ասել, որ պետական հատվածի աշխատողները որոշ չափով կարող են փոխհատուցել այս թանկացումը»։
Նրա խոսքով՝ խնդիրն այն է, որ երբ մասնավոր հատվածի աշխատողները պահանջում են աշխատավարձի բարձրացում, գործատուները կարող են հեշտությամբ նրանց ազատել աշխատանքից:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: