Լրահոս
Օրվա լրահոսը

Ցավոք, մենք առողջության մասին հիշում ենք այն ժամանակ, երբ կորցնում ենք առողջությունը

Հունվար 12,2025 22:21

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Սպորտի եւ առողջ ապրելակերպի դերը մեր հասարակությունում» ծրագրով քննարկմանը մասնակցում էին ոլորտի լավագույն մասնագետները Հայաստանում:

Նրանք ներկայացրին առկա խնդիրները, մատնանշեցին դրանց լուծման ուղիներ: Aravot.am-ը զրուցել է նրանց հետ:

Արմեն Մկրտչյան: Սննդաբան, բ.գ.թ., ԵՊԲՀ դոցենտ, սննդաբանական ծրագրերի փորձագետ. «Ժամանակակից աշխարհում, Հայաստանը չառանձնացնենք, լրջագույն խնդիր է առողջ ապրելակերպը: Մենք ունենք բազմաթիվ խնդիրներ, այդ թվում նաեւ՝ սննդային խնդիրներ: Մենք ապրում ենք ռաֆինացված աշխարհում, սնվում ենք ուլտրավերամշակված սննդակարգով: Մենք սխալ պատկերացում ունենք առողջության մասին եւ, կոպիտ ասած, թքած ունենք մեր առողջության վրա: Մինչդեռ, կանխարգելելը շատ ավելի հեշտ է, արդյունավետ եւ էժան, քան բուժվելը:

Ցավոք, մենք առողջության մասին հիշում ենք այն ժամանակ, երբ կորցնում ենք առողջությունը: Սնունդը կարեւորագույն գործոններից մեկն է, որ ամբողջ կյանքում մեր վրա ազդում է: Եվ ունենալով տարրական գիտելիքներ առողջ սննդի վերաբերյալ, նաեւ այդ գիտելիքը իրական կյանքի վերածելու հմտություններ, կապրենք ավելի առողջ, ավելի ուրախ եւ ավելի երջանիկ»:

Մեր հարցին, թե այդ գիտելիքներ որտե՞ղ մարդիկ կարող են ձեռք բերել, փորձագետը պատասխանեց. «Դպրոցներում հիմա անցնում են առողջ ապրելակերպի դասընթաց, կան առցանց հարթակներ: Ուղղակի պետք է տարբերակել, թե որն է ճիշտ, որը՝ սխալ: Այս ինֆորմացիոն ջրհեղեղի մեջ ցանկացած ինֆորմացիա, որը հասանելի է էլեկտրոնային տարբերակով, կամ ինտերնետով, անհրաժեշտ է ճշտել, այլ ոչ թե առաջնորդվել «այ, սա ինձ հարմար է կամ դուր է գալիս» սկզբունքով: Իսկ թե շարքային քաղաքացին ինչպե՞ս հասկանա դա ճիշտ է թե ոչ, ես, օրինակ, կվարվեի այսպես. եթե դա տեղադրված է ինչ-որ մի պոպուլյար ֆորումում, անկախ նրանից, թե ասողը դոկտոր է, պրոֆեսոր, թե ակադեմիկոս, չէի վստահի: Իսկ եթե դա գրված է լուրջ գիտական հանդեսում, դրան կվստահեի»:

Լեւոն Հովհաննիսյան: Մարզիչ եւ բոդիբիլդեր. «Մեր գերնպատակն է այս  նախաձեռնության ամբիցիոզ հեղինակների միջոցով քարոզել առողջ ապրելակերպը եւ տարանջատել լեգենդները իրականությունից, հանրությանը առավելագույնս իրազեկել, հնարավորություն տալ՝ նորովի բացահայտել առողջ ապրելակերպը իր համար: Այս ոլորտը այս պահին աշխարհում շատ արդիական է: Մարդիկ, այո, ձգտում են լինել առողջ եւ գեղեցիկ, սակայն ենթարկվում են բազմաթիվ խեղաթյուրումների: Մեր գերխնդիրը դրանց փակագծերը բացելն է, ճշտումները մտցնելը: Եվ որքան էլ այսօր ժամանակը սուղ էր, կարծում եմ, բավականաչափ հաջողվեց»:

Շաքե Հմայակյան: Բժիշկ-ռադիոլոգ. «Աշխարհում շուրջ 1,9 միլիարդ մարդ ունի քաշի ավելցուկ, որից 650 միլիոնը ունի ճարպակալում: Վախենալու թվեր են: Այս առումով, ճարպակալումը միշտ մնում է հանրային առողջության կենտրոնում: Դրա մասին միշտ հարկավոր է խոսել: Եվ այսպիսի քննարկումները մեծապես կարեւոր են: Հատկապես, Հայաստանում, որտեղ 16 տարեկանից սկսած ճարպակալումը հասնում է 35 %-ի: Սա շատ բարձր, սարսափելի թիվ է: Երեխաների շրջանում էլ ճարպակալման թվերը շատ բարձր են:

Ես խնդրում եմ հայ տղամարդկանց. սպորտով շատ զբաղվեք, որովհետեւ ինչքան շատ մկան հավաքեք, այնքան ավելի հեշտ եք ճարպը այրելու»:

Տիկին Հմայակյանը առանձնահատուկ կանանց հորդորեց պարբերաբար, տարեկան 1-2 անգամ, հետազոտվել բուժհաստատություններում, հատկապես կրծքագեղձի քաղցկեղի դեմ, քանի որ այն, նաեւ քաղցկեղի մյուս տեսակները մեծապես հետեւանք են նաեւ ճարպակալման եւ ավելորդ քաշի: Նրա խոսքով, յուրաքանչյուր տարի աշխարհում հայտնաբերվում է կրծքագեղձի քաղցկեղի շուրջ 1,8 միլիոն նոր դեպք, որից 670 հազար կին, ցավոք սրտի, մահանում է կրծքագեղձի քաղցկեղից:

Մասնագետը անընդունելի համարեց կանանց այն «արդարացումները», թե հետազոտվելու համար ֆինանսական միջոցներ չունեն: «Համաձայն չեմ: Հատկապես երիտասարդ կանայք ու աղջիկները ոչ էժան, եթե չասենք՝ թանկ, պարֆյումերիա գնելու համար գումարներ գտնում են, իսկ տարին մեկ անգամ իրենց առողջությամբ զբաղվելու միջոց չունե՞ն, առավել եւս, որ նշածս բուժհետազոտությունների գները շատ հաճախ ավելի մատչելի են, քան դիմահարդարման այս կամ այն պարագան»,-ասաց Շաքե Հմայակյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031