Լրահոս
Օրվա լրահոսը

Ինձ նման տասնյակ հազարավոր քաղաքացիներ էապես տուժելու են հանրային փոխադրամիջոցներից օգտվելիս․ բաց նամակ Տիգրան Ավինյանին

Հունվար 12,2025 21:29

Երևան քաղաքի հանրային փոխադրամիջոցների ուղեվարձերի և աղբի վճարների սպասվող թանկացումներին ընդառաջ՝ ցանկանում եմ Ձեր ուշադրությանը ներկայացնել իմ և ինձ նման տասնյակ հազարավոր քաղաքացիների բողոքներն ու մտահոգություն-առաջարկները։ Հաշվի առնելով սույն հարցերի հանրային հնչեղությունն ու հետաքրքրությունները՝ իմ այս գրությունը միաժամանակ հրապարակայնացնում եմ, որպեսզի այստեղ արծարծվող հարցերը ավելի մեծ լսարանի օգնությամբ դրվեն հանրային քննարկման։

Երևանի ավագանու 2024 թ. մարտի 12-ի N 95-Ն որոշմամբ և նույն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին 2024 թ. նոյեմբերի 19-ի N 243-Ն և N 244-Ն որոշումներով Երևանում 2025 թ. հունվարի 1-ից ներդրվում է հանրային փոխադրամիջոցների նոր միասնական տոմսային համակարգը, որն ամբողջությամբ կսկսի գործել փետրվարի 1-ից։ Մինչ այդ Երևանի հանրային փոխադրամիջոցներում արդեն վերացվել է 100 դրամանոց մետաղադրամներով վճարում կատարելու հնարավորությունը։

Փետրվարի 1-ից հանրային փոխադրամիջոցների սակագինն ամբողջությամբ փոխվում է․ այլևս չեն գործելու տրոլեյբուսների 50 դրամ և մետրոյի ու ավտոբուսների 100 դրամ սակագինը։ Տոմսային նոր համակարգն ունենալու է 7 հիմնական փաթեթ, որոնք իրենց հերթին ունենալու են զեղչային տարբերակներ։ Հիմնական փաթեթները նախատեսված են 90 րոպեից մինչև մեկ տարվա համար։ Դրանք են՝

  1. 90 րոպե – 3 ուղևորություն, որը ֆիզիկական քարտի դեպքում արժե 300 դրամ, իսկ էլեկտրոնային տոմսի դեպքում՝ 280 դրամ,
  2. 1 օր – 8 ուղևորություն, որը ֆիզիկական քարտի դեպքում արժե 900 դրամ, իսկ էլեկտրոնային տոմսի դեպքում՝ 880 դրամ,
  3. 7 օր – 30 ուղևորություն, որը ֆիզիկական քարտի դեպքում արժե 5,000 դրամ, իսկ էլեկտրոնային տոմսի դեպքում՝ 4,800 դրամ,
  4. 30 օր – 10 ուղևորություն, որը ֆիզիկական քարտի դեպքում արժե 2,200 դրամ, իսկ էլեկտրոնային տոմսի դեպքում՝ 2,100 դրամ,
  5. 30 օր – անսահմանափակ ուղևորություն, որը ֆիզիկական քարտի դեպքում արժե 9,000 դրամ, իսկ էլեկտրոնային տոմսի դեպքում՝ 8,800 դրամ,
  6. 90 օր – անսահմանափակ ուղևորություն, որը ֆիզիկական քարտի դեպքում արժե 24,000 դրամ, իսկ էլեկտրոնային տոմսի դեպքում՝ 23,600 դրամ,
  7. 365 օր – անսահմանափակ ուղևորություն, որը ֆիզիկական քարտի դեպքում արժե 90,000 դրամ, իսկ էլեկտրոնային տոմսի դեպքում՝ 88,000 դրամ։

Հիմա փորձեմ հերթով մեկնաբանել յուրաքանչյուր փաթեթի սակագինը։

Ակնհայտ է, որ 1 ուղևորության համար 100 դրամ ուղեվարձ այլևս գոյություն չի ունենալու։ Արձանագրենք, որ սա արդեն նշանակում է թանկացում գործող սակագնից։

  1. 90 րոպե – 3 ուղևորություն

90 րոպեի ընթացքում ֆիզիկապես հնարավոր չէ 3 ուղևորություն իրականացնել, եթե, իհարկե, նկատի չեք ունեցել, որ ամեն երրորդ կանգառից հետո պետք է փոխել փոխադրամիջոցը։ 90 րոպեի ընթացքում իմ նախընտրած հասցե հասնելու համար ես առավելագույնը կարող եմ իրականացնել 2 ուղևորություն։ Սա նշանակում է, որ մեկ ուղևորության արժեքը կլինի 150 դրամ։ Նախկինում 90 րոպեում 2 ուղևորություն կատարելու համար ավտոբուսի և մետրոյի դեպքում ես պետք է վճարեի 200 դրամ, իսկ տրոլեյբուսի դեպքում՝ 100 դրամ։ Ավտոբուսի և մետրոյի դեպքում ուղևորը շահում է 50 դրամ, իսկ տրոլեյբուսի դեպքում՝ կորցնում է 100 դրամ։ Էլեկտրոնային տոմսով ուղևորը 1 օրվա ընթացքում 20 դրամ քիչ է կորցնում։

  1. 1 օր – 8 ուղևորություն

Սա նույնպես անիրատեսական է, քանի որ ոչ ոք իր օրը ավտոբուսների մեջ չի անցկացնում, որպեսզի 1 օրվա մեջ 8 անգամ օգտվի հանրային փոխադրամիջոցներից և իրեն մխիթարի այս փաթեթով։ Նախկինում եթե ես 1 օրում տեսականորեն 8 անգամ օգտվեի հանրային փոխադրամիջոցներից, ապա պետք է վճարեի 800 դրամ՝ ավտոբուսի և մետրոյի դեպքում, 400 դրամ՝ տրոլեյբուսի դեպքում, իսկ այս փաթեթով պետք է վճարեմ 900 դրամ։ Ավտոբուսի և մետրոյի դեպքում ուղևորը կորցնում է 100 դրամ, իսկ տրոլեյբուսի դեպքում՝ 500 դրամ։ Էլեկտրոնային տոմսով ուղևորը 1 օրվա ընթացքում 20 դրամ քիչ է կորցնում։

  1. 7 օր – 30 ուղևորություն

7 օրում 30 ուղևորություն կատարելու համար օրական պետք է կատարել 4-5 ուղևորություն, ինչը նույնպես կիրառական չէ։ Հազվադեպ կգտնվեն մարդիկ, որոնք օրական 4-5 փոխադրամիջոցից կօգտվեն։ Նախկինում եթե ես 1 օրում տեսականորեն 4-5 անգամ օգտվեի հանրային փոխադրամիջոցներից, ապա պետք է վճարեի 400-500 դրամ՝ ավտոբուսի և մետրոյի դեպքում, 200-250 դրամ՝ տրոլեյբուսի դեպքում, իսկ այս փաթեթով պետք է վճարեմ 666-833 դրամ։ Ավտոբուսի և մետրոյի դեպքում ուղևորը կորցնում է օրական միջինը 300 դրամ, իսկ տրոլեյբուսի դեպքում՝ միջինը 525 դրամ, համապատասխանաբար՝ ավտոբուսի և մետրոյի դեպքում ուղևորը 7 օրում կորցնում է 2000 դրամ, իսկ տրոլեյբուսի դեպքում՝ 3500 դրամ։ Էլեկտրոնային տոմսով ուղևորը 7 օրվա ընթացքում 200 դրամ քիչ է կորցնում։

  1. 30 օր – 10 ուղևորություն

30 օրում 10 ուղևորություն կատարելու համար 5 օր պետք է կատարեմ օրական 2 ուղևորություն, ինչը նույնպես անիրատեսական է, քանի որ այդպիսի ուղևորներ խիստ հազվադեպ են պատահում։ Այդպիսի ուղևորներ կարող են լինել մարզերից Երևան եկած մեր հայրենակիցները, որոնք մի քանի օր պետք է մնան Երևանում։ Նախկինում եթե ես 5 օր օրական 2 անգամ օգտվեի հանրային փոխադրամիջոցներից, ապա պետք է վճարեի 1000 դրամ՝ ավտոբուսի և մետրոյի դեպքում, 500 դրամ՝ տրոլեյբուսի դեպքում, իսկ այս փաթեթով պետք է վճարեմ 2200 դրամ։ Ավտոբուսի և մետրոյի դեպքում ուղևորը կորցնում է 1200 դրամ, իսկ տրոլեյբուսի դեպքում՝ 1700 դրամ։ Էլեկտրոնային տոմսով ուղևորը 30 օրվա ընթացքում 100 դրամ քիչ է կորցնում։

  1. 30 օր – անսահմանափակ ուղևորություն

Այս փաթեթը նույնպես մխիթարական չէ, քանի որ, ինչպես նշեցի, ես իմ օրը ավտոբուսների մեջ չեմ անցկացնում։ Շաբաթվա 5 օրը առավոտյան գնում եմ աշխատանքի և երեկոյան վերադառնում տուն, այսինքն՝ օրական կատարում եմ 2 ուղևորություն։ Ընդմիջման ժամերին ամսվա մեջ 5 օր պատահում է, որ կրկին օգտվեմ հանրային փոխադրամիջոցներից։ Շաբաթ և կիրակի օրերին առավելագույնը օրական 2 անգամ կատարում եմ ուղևորություն, իսկ երբեմն՝ դա էլ չեմ անում, բայց համարենք, թե անում եմ։ Ստացվում է, որ ես և վստահ եմ՝ ինձ նման տասնյակ հազարավոր ուղևորներ 30 օրվա ընթացքում հանրային փոխադրամիջոցներից օգտվում են 50-70 անգամ։ Այս փաթեթով 1 ուղևորության վճարը ինձ համար կազմելու է 180-130 դրամ, միջինը՝ 155 դրամ։

Նախկինում եթե ես 30 օրում օրական միջինը 2 անգամ օգտվեի հանրային փոխադրամիջոցներից, ապա պետք է վճարեի 5000-7000 դրամ՝ ավտոբուսի և մետրոյի դեպքում, 2500-3500 դրամ՝ տրոլեյբուսի դեպքում, իսկ այս փաթեթով պետք է վճարեմ 9000 դրամ։ Ավտոբուսի և մետրոյի դեպքում ուղևորը ամսական կորցնում է 4000-2000 դրամ, իսկ տրոլեյբուսի դեպքում՝ ամսական կորցնում է 6500-5500 դրամ։ Էլեկտրոնային տոմսով ուղևորը 30 օրվա ընթացքում 200 դրամ քիչ է կորցնում։

  1. 90 օր – անսահմանափակ ուղևորություն

Ըստ վերաբերյալ հարացույցի՝ այս փաթեթով 1 ուղևորության վճարը ինձ համար կազմելու է 160-114 դրամ, միջինը՝ 137 դրամ։

Նախկինում եթե ես 90 օրում օրական միջինը 2 անգամ օգտվեի հանրային փոխադրամիջոցներից, ապա պետք է վճարեի 15000-21000 դրամ՝ ավտոբուսի և մետրոյի դեպքում, 7500-10500 դրամ՝ տրոլեյբուսի դեպքում, իսկ այս փաթեթով պետք է վճարեմ 24000 դրամ։ Ավտոբուսի և մետրոյի դեպքում ուղևորը 90 օրվա ընթացքում կորցնում է 9000-3000 դրամ, իսկ տրոլեյբուսի դեպքում՝ 90 օրվա ընթացքում կորցնում է 15000-13500 դրամ, համապատասխանաբար՝ ավտոբուսի և մետրոյի դեպքում ամսական կորցնում է 2000-1000 դրամ, իսկ տրոլեյբուսի դեպքում ամսական կորցնում է 5000-4500 դրամ։ Էլեկտրոնային տոմսով ուղևորը 90 օրվա ընթացքում 400 դրամ քիչ է կորցնում։

Այս փաթեթը նույնպես հարմար չէ, քանի որ 90 օրվա ընթացքում աշխատող ուղևորները, անխուսափելիորեն, ունենալու են արձակուրդներ, հիվանդության բերումով անաշխատունակություն, գործուղումներ, որոնց ընթացքում կա՛մ բացակայելու են Երևան քաղաքից, կա՛մ էլ մնալու են տանը, ուստի այդ ժամանակահատվածում չեն օգտվելու հանրային փոխադրամիջոցներից։ Ստացվում է, որ այդ բաց թողնված ժամանակահատվածի (դիցուք՝ 1-30 օր) համար ուղևորները չեն օգտվելու հանրային փոխադրամիջոցներից, սակայն դրանց համար արդեն վճարում են կատարել 90 օրվա փաթեթով։ Սա ինքնին անհամաչափորեն ավելի է թանկացնելու փաթեթի ուղևորավարձի արժեքը։

  1. 365 օր – անսահմանափակ ուղևորություն

Ըստ նույն հարացույցի՝ այս փաթեթով 1 ուղևորության վճարը ինձ համար կազմելու է 150-107 դրամ, միջինը՝ 128.5 դրամ։

Նախկինում եթե ես 365 օրում օրական միջինը 2 անգամ օգտվեի հանրային փոխադրամիջոցներից, ապա պետք է վճարեի 60,000-84,000 դրամ՝ ավտոբուսի և մետրոյի դեպքում, 30,000-42,000 դրամ՝ տրոլեյբուսի դեպքում, իսկ այս փաթեթով պետք է վճարեմ 90,000 դրամ։ Ավտոբուսի և մետրոյի դեպքում ուղևորը 365 օրվա ընթացքում կորցնում է 30,000-6000 դրամ, իսկ տրոլեյբուսի դեպքում՝ 365 օրվա ընթացքում կորցնում է 60,000-48000 դրամ, համապատասխանաբար՝ ավտոբուսի և մետրոյի դեպքում ուղևորը ամսական կորցնում է 2500-1000 դրամ, իսկ տրոլեյբուսի դեպքում ամսական կորցնում է 5000-500 դրամ։ Էլեկտրոնային տոմսով տարեկան 2000 դրամ քիչ է կորցնում։

Այս փաթեթը դարձյալ հարմար չէ, քանի որ 365 օրվա ընթացքում աշխատող ուղևորները, անխուսափելիորեն, ունենալու են արձակուրդներ, հիվանդության բերումով անաշխատունակություն, գործուղումներ, որոնց ընթացքում կա՛մ բացակայելու են Երևան քաղաքից, կա՛մ էլ մնալու են տանը, ուստի այդ ժամանակահատվածում չեն օգտվելու հանրային փոխադրամիջոցներից։ Ստացվում է, որ այդ բաց թողնված ժամանակահատվածի (դիցուք՝ 1-60 օր) համար ուղևորները չեն օգտվելու հանրային փոխադրամիջոցներից, սակայն դրանց համար արդեն վճարում են կատարել 365 օրվա փաթեթով։ Սա ինքնին անհամաչափորեն ավելի է թանկացնելու փաթեթի ուղեվարձի արժեքը։ Բացի դրանից՝ նվազագույն կամ միջին աշխատավարձ ստացող ուղևորի համար շատ դժվար է տարեկան փաթեթի համար միանգամից վճարել իր ամսական աշխատավարձի չափ գումար՝ 90,000 դրամ։

Այս ամենից զատ՝ ներկա փաթեթներով բոլորովին անտեսված են այն ուղևորների շահերը, որոնք, ելնելով իրենց հերթափոխային աշխատանքի գրաֆիկից, 1 ամսվա ընթացքում աշխատանքի են գնում ոչ թե 20 աշխատանքային օր, այլ՝ 15, 10, 7 կամ 4 օր, կամ էլ ամսվա մի հատվածն աշխատում են տնից, ոմանք էլ՝ հեռավար, և բնականաբար տանը եղած օրերին, ինչը կազմում է ամսվա կեսը կամ կեսից ավելին, չեն օգտվում հանրային փոխադրամիջոցներից։ Այս կարգի ուղևորների, ինչպես նաև միայն տրոլեյբուսներով երթևեկող ուղևորների համար արդեն իսկ առկա անհամաչափ թանկացումները կրկնապատկվելու, եռապատկվելու կամ քառապատկվելու են (գուցե և տասնապատկվելու են)։

Պարո՛ն քաղաքապետ,

Ինչպես տեսնում եք, ես արդարացիորեն պարզ հաշվարկով ցույց տվեցի, որ ինձ նման տասնյակ հազարավոր քաղաքացիներ էապես տուժելու են հանրային փոխադրամիջոցներից օգտվելիս։ Ձեր այն պնդումը, թե՝ «ով ավելի շատ է օգտվելու տրանսպորտից, նա ավելի քիչ է վճարելու, իսկ ով ավելի քիչ է օգտվելու տրանսպորտից, նա ավելի շատ է վճարելու», ոչ միայն դուրս է մարդկային առողջ տրամաբանությունից, այլև իր հերթին ծնելու է սոցիալական մեծ անարդարություն և անհամարժեքություն։ Այս մոտեցումն ինքնին հակասում է հեղափոխական արժեքներին, որոնցից մեկը հասարակության մեջ սոցիալական արդարության վերականգնումն է։

Խոսքս ավելի պատկերավոր ներկայացնելու համար մի պահ պատկերացրեք, որ Դուք հանրախանութից գնում եք 3 տեսակի մթերք՝ 1 հատ միջին չափի թթվասեր, 1 կգ բրինձ և 1 հատ հաց, որոնց դիմաց պետք է վճարեք 5000 դրամ։ Իսկ ես նույն այդ հանրախանութից գնում եմ 1 մեծ սայլակ մթերք՝ ընդեղեն, ջրեղեն, հացաբուլկեղեն, կաթնամթերք և մսամթերք, ինչպես նաև տնտեսական ապրանքներ, որոնց դիմաց վճարում եմ ընդամենը 3000 դրամ։ Ըստ Ձեր թիմակիցների և Ձեր տրամաբանության՝ ես վճարում եմ քիչ, քանի որ գնել եմ շատ, իսկ Դուք վճարում եք շատ, քանի որ գնել եք քիչ։ Սա ոչ այլինչ է, քան սոցիալական անարդարություն և անհամարժեքություն։ Տեսնում եք չէ՞, որ սխալ է այս մոտեցումը։

Ըստ այդմ՝ ճիշտ և ընդունելի մոտեցումն այն է, որ այն ուղևորը, ով ավելի շատ է օգտվելու հանրային փոխադրամիջոցներից, պետք է վճարի ավելի շատ, իսկ ով ավելի քիչ է օգտվում հանրային փոխադրամիջոցներից, պետք է վճարի ավելի քիչ։ Իսկ 90 օրվա և 365 օրվա փաթեթների համար կարելի է սահմանել հատուկ զեղչեր, որոնք կմեղմեն օրվա ընթացքում 4 և ավելի անգամ հանրային փոխադրամիջոցներից օգտվող ուղևորների ֆինանսական բեռը։

Հաջորդ խնդիրը վերաբերում է տոմսերի ժամկետներին։ Ներկայումս էլեկտրոնային մեկանգամյա 100 դրամանոց տոմսերի ժամկետը 30 օրից իջեցված է 3 օրվա, որի մասին նախապես չենք զգուշացվել, և շատերն անակնկալի են եկել արդեն տոմսը «Թել-սել»-ի տերմինալներից կամ հավելվածից գնելուց հետո։ Ժամկետներ ունեն նաև Երևանի ավագանու որոշմամբ սահմանված տոմսային բոլոր տեսակի փաթեթները։ Սա նույնպես սխալ քաղաքականություն է։

Հանրային ամենօրյա փոխադրամիջոցները տարբերվում են ոչ սովորական փոխադրամիջոցներից, ասենք՝ ինքնաթիռից, գնացքից, նավից և այլն։ Նորմալ է, որ վերջիններիս ուղևորությունների համար տոմսերն ունենան ամսաթիվ և ժամ։ Նորմալ չէ և անընդունելի է, որ քաղաքային ամենօրյա փոխադրամիջոցներից ավտոբուսի, մետրոյի և տրոլեյբուսի տոմսերն ունենան ժամկետներ։ Ոչ թե պետք էր սահմանել որոշակի ժամկետով (30, 90 և 365 օր) և անսահմանափակ ուղևորություններով տոմսային փաթեթներ, այլ ճիշտ հակառակը՝ որոշակի քանակությամբ ուղևորություններով և անժամկետ տոմսային փաթեթներ։ Դիցուք՝ 30 անգամյա տոմսային փաթեթ – անժամկետ, 90 անգամյա տոմսային փաթեթ – անժամկետ, 300 անգամյա տոմսային փաթեթ – անժամկետ, և այսպես շարունակ։ Եթե ես վճարում եմ 90 անգամյա տոմսային փաթեթի համար, որի 60 անգամը սպառում եմ 30 օրում, հետո գնում եմ 1 ամիս արձակուրդ կամ 2 շաբաթ անաշխատունակության մեջ եմ գտնվում, ապա իմ չօգտագործած 30 անգամվա տոմսերը ես կսպառեմ աշխատանքի վերադառնալուց հետո։ Վերջապես, եթե ես վճարել եմ փաթեթի համար, բայց ամբողջությամբ չեմ հասցրել սպառել, ապա ո՞ւմ ինչ գործն է՝ ես այն կսպառեմ 1, 3 թե 6 ամիս հետո։ Դա նույնն է, որ ինձ աշխատավարձ տան և պահանջեն, որ ես անպայման 1 ամսում պետք է սպառեմ իմ աշխատավարձը։

Գալով ուղևորների վճարումներին՝ ասեմ, որ իմ ամենօրյա մշտադիտարկումը ցույց է տալիս, որ հանրային փոխադրամիջոցներից օգտվող ուղևորների 40-60 տոկոսը չի վճարում 100 դրամ ուղեվարձը։ Վստահ եմ՝ տոմսային միասնական համակարգի ներդրումից և ըստ էության ուղեվարձի թանկացումներից հետո ավելի շատ է լինելու չվճարողների թիվը։ Չկա որևէ վերահսկողական մեխանիզմ, որպեսզի ուղևորների վճարումները ստուգի, իսկ չվճարելու դեպքում՝ կիրառի վարչական տույժեր, այլ խոսքով՝ տուգանի. ասենք՝ մեկ ամսվա ընթացքում առաջին չվճարման դեպքում՝ 1000 դրամ, երկրորդ դեպքում՝ 2000 դրամ, երրորդ դեպքում՝ 5000 դրամ, և այլն։ Եթե անգամ մի օր լինեն հսկիչներ, որոնք կվերահսկեն ուղեվարձի վճարումները, ապա այստեղ էլ կլինեն դժվարություններ։ Եթե ուղևորը վճարում է բանկային քարտով կամ հեռախոսով, ապա հսկիչը տեխնիկապես չի կարող ստուգել, քանի որ նա իրավունք չունի ներխուժել ուղևորի բանկային քարտի կամ հեռախոսի անձնական տիրույթ։ Մնում են տոմսային ֆիզիկական քարտերը, որոնցով տեխնիկապես հնարավոր է ստուգել ուղեվարձի վճարումները։

Ես ժամանակին Երևանի քաղաքապետարանին առաջարկել էի, որ ավտոբուսներում ձայնագրություններ հնչեցնեն՝ ուղևորներին հիշեցնելու, որ բարձրանալիս պետք է անպայման վճարել ուղեվարձը։ Այդ առաջարկս ընդունվեց, որը, սակայն, շատ կարճ կյանք ունեցավ։ Գրեթե 2-3 ամիս տևեց այն, իսկ ներկայումս ոչ մի ավտոբուսում չեն հնչում այդ հիշեցումները։ Նաև հարկավոր է այս մասով կարճ ուսուցողական տեսահոլովակներ պատրաստել և հեռուստատեսությամբ ու սոցիալական ցանցերով ազդարարել։ Սակայն իմ առաջարկը վերաբերում էր 100 դրամ արժողությամբ ուղեվարձի վճարումներին, որոնք ես նույնպես ամեն անգամ բարեխղճորեն վճարել եմ։

Ցավոք, մեր հասարակության մեջ դեռևս քիչ են բարձր իրավագիտակցություն ունեցող անձինք, որոնք առանց կողմնակի ազդակների ինքնակամ, բարեխիղճ կերպով վճարում են ուղեվարձը, երբ օգտվում են հանրային փոխադրամիջոցներից։ Որոշ ուղևորներ արդեն օգտագործված թղթե տոմսերն են անընդմեջ մոտեցնում վալիդատորին, ոմանք՝ բանկային դատարկ քարտերը, ոմանք ժամկետանց միևնույն տոմսերն են ամեն անգամ մոտեցնում վալիդատորին, իսկ երբ վալիդատորը այս բոլոր դեպքերում մերժում է վճարումը, ապա այդ ուղևորները իրենցից գոհ տեղավորվում են և դժգոհում, որ վալիդատորը չի աշխատում, ուրեմն՝ իրենք էլ չեն վճարի։ Որոշ ուղևորներ էլ ավտոբուս են բարձրանում հիմնականում մեջտեղի դռնից ու առհասարակ ցանկություն չեն ունենում 100 դրամ ուղեվարձը վճարելու և առանց վատ զգալու՝ երթևեկում են անվճար։ Նրանց թվում են ինչպես դպրոցականներ և ուսանողներ, այնպես էլ մեծահասակներ։ Մինչդեռ եթե ժամանակին բոլոր ուղևորները պարտաճանաչ կերպով վճարեին 100 դրամ ուղեվարձը, ապա բավականաչափ գումար կփոխանցվեր քաղաքային բյուջե, և ամենևին կարիք չէր լինի ուղեվարձը թանկացնելու, այն էլ՝ այսպիսի հախուռն և անհամաչափ կերպով։

Ինչ վերաբերում է վալիդատորներին, ապա իրոք այստեղ տեխնիկական խնդիրներն ու թերությունները շատ են։ Կան ավտոբուսներ, որտեղ վալիդատորները բանկային քարտեր չեն ընդունում (իհարկե, խոսքը wifi ունեցող բանկային քարտերի մասին է), կամ՝ մեկանգամյա թղթե տոմսերը չեն ընդունում (գուցե խնդիրը ոչ թե վալիդատորն է, այլ՝ QR կոդը)։ Եղած վալիդատորները չեն բավարարում. հերթերից և անհարմարություններից խուսափելու համար՝ ավտոբուսի յուրաքանչյուր դռան դիմաց 1 վալիդատոր է հարկավոր՝ կարճ ավտոբուսներում 2 հատ, երկար ավտոբուսներում և տրոլեյբուսներում՝ 3 հատ։ Վալիդատորների տեխնիկական խնդիրների մասին հաճախ ուղևորները չեն ահազանգում, ուստի այդ պարտականությունը պետք է դնել վարորդների վրա, իսկ պատկան մարմինները ավտոբուսների ուղևորաշարժը մշտապես պետք է հսկեն տեսախցիկների միջոցով։

Նկատեցի նաև, որ տոմսային փաթեթներից օգտվող արտոնյալ ուղևորների խմբից բացակայում են զինծառայողները։ Հարկ եմ համարում հիշեցնել, որ ՀՀ օրենսդրությամբ զինծառայողներն անվճար կարող են օգտվել հանրային փոխադրամիջոցներից՝ բացառությամբ տաքսիներից։ Այս մասին որևէ որոշում Երևանի ավագանին չի կայացրել։

«30 օր», «90 օր», «365 օր» տոմսերը, թեև անսահմանափակ օգտագործման հնարավորություն են տալիս, սակայն սահմանվել է, որ յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում առավելագույնը կես ժամը մեկ կարող են քաղաքացիները դրանք օգտագործել։ Սա նույնպես սխալ մոտեցում է։ Առհասարակ ժամկետային որևէ սահմանափակում պետք է չլինի։ Իսկ եթե տեխնիկապես հնարավոր չէ տոմսային փաթեթները դարձնել անժամկետ՝ որոշակի քանակությամբ ուղևորությունների համար, ապա չօգտագործված և ժամկետանց տոմսերը պետք է միանշանակ փոխարինվեն նորերով։

Անհրաժեշտ է նաև, որ վարորդներն իրենց մոտ ունենան մեկանգամյա օգտագործման տոմսեր, որոնք հնարավորություն կտան հատուկենտ զբոսաշրջիկներին և որոշ ուղևորների, որոնք տարբեր պատճառներով ձեռք չեն բերեն առաջարկվող փաթեթներից որևէ մեկը, կանխիկ դրամով վարորդից գնել տոմս և կատարել վճարում։ Սա կնպաստի, որ վերջիններս զերծ մնան ուղեվարձը չվճարելուց։ Ես սա տեսել եմ Փարիզի ավտոբուսներում։ Առհասարակ, միջազգային փորձը ուսումնասիրելիս և այն ընդօրինակելիս հարկավոր է դա տեղայնացնել՝ հաշվի առնելով հայկական միջավայրի առանձնահատկություններին և համապատասխանեցնել մեր երկրի քաղաքացիների, տվյալ դեպքում՝ Երևանի բնակիչների շահերին։

Անթույլատրելի է անտեսել հարյուր հազարավոր քաղաքացիների, դիցուք՝ ուղևորների շահերը (ավելի քան 750 հազար բնակիչ դեմ է արտահայտվել անհամաչափ թանկացումներին և մասնակցել է Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի կազմակերպած ստորագրահավաքին), և առաջնորդվել միայն քաղաքային իշխանությունների շահերով։ Չմոռանանք, որ համաձայն ՀՀ սահմանադրության՝ Հայաստանը ժողովրդավարական երկիր է, որտեղ իշխանությունը, այդ թվում՝ քաղաքային իշխանությունը, պատկանում է ժողովրդին, որի կենսական շահերի անտեսումը իշխանությունների կողմից կամ այդ շահերին հակառակ գործելը պարզապես դեմ է ժողովրդավարական սկզբունքներին։ Այլ պետք է գործել փոխադարձ շահերի համընկնման սկզբունքով։

Վերջում ավելացնեմ, որ «Յանդեքս» քարտեզի հավելվածում երթուղի դուրս եկած ոչ բոլոր ավտոբուսներն են երևում, իսկ կան կոնկրետ համարներ (օրինակ՝ 67 համարի ավտոբուսը և մի շարք այլ ավտոբուսներ, նաև՝ տրոլեյբուսները), որոնք առհասարակ գրանցված չեն այդ քարտեզային ծրագրում։ Այս հարցը նույնպես կարիք ունի շտկումների, քանի որ շատ ուղևորներ օգտվում են այդ ծրագրից և հաշվարկում իրենց ուղևորությունը։ Առհասարակ, հանրային բոլոր փոխադրամիջոցներում հարկավոր է պարբերաբար փորձարկումներ անել և ստուգել թե՛ վալիդատորների և թե՛ կանգառի ազդանշանային կոճակների սարքին լինելը, որոնք երբեմն չեն աշխատում։

Օգտվելով առիթից՝ չեմ կարող չանդրադառնալ աղբի վճարի անտրամաբանական հաշվարկին, այն է՝ ըստ բնակարանի մակերեսի աղբի վճարի սահմանումը։ Արդյոք պե՞տք է հիշեցնել, որ աղբը գոյացնողը մարդն է, այլ ոչ թե՝ տարածքը կամ մակերեսը։ Ստացվում է, որ եթե 4 սենյականոց բնակարանում ապրում է 1 մարդ, ապա նա ավելի շատ պետք է վճարի աղբի համար, քանի թե 2 սենյականոց բնակարանում ապրող 3 հոգին, որոնք շատ ավելի աղբ են գոյացնելու։ Իսկ 5 սենյականոց դատարկ բնակարանը, որտեղ, դիցուք, 1 տարի մարդ չի բնակվելու, պետք է է՛լ ավելի շատ աղբի վճար մուծի, թեև այնտեղ աղբ չի գոյանալու։ Սա անընդունելի մոտեցում է։

Իսկ եթե կարծում եք, որ աղբի վճարը քիչ է, ապա կարելի է 1 անձի համար սահմանել 250 կամ 300 դրամ՝ գործող 200 դրամի փոխարեն, բայց ոչ երբեք աղբի վճարը հաշվարկել ըստ բնակարանի մակերեսի, որը նույնիսկ ծիծաղելի է։ Մյուս կողմից՝ պետք է հոգալ նաև քաղաքի փողոցների, մայթերի, ստորգետնյա և վերգետնյա անցումների մաքրության մասին, որոնք աղբի ու կեղտի մեջ կորած են։ Ֆրանսիայում տեսել եմ, թե ինչպե՛ս են վաղ առավոտյան հավաքարարները աղբից մաքրում փողոցներն ու մայթերը, որից հետո ջրցան մեքենաները լվանում են արդեն մաքրված փողոցներն ու մայթերը։ Միջազգային փորձը դիտարկելիս կարելի է և անհրաժեշտ ընդօրինակել հե՛նց նման պրակտիկան։ Իսկ միտումնավոր կերպով հանրային վայրերում աղբ թափող քաղաքացիներին մնում է տուգանել, որպեսզի աղբ թափելը վարակիչ չդառնա հասարակության համար։

Պարո՛ն քաղաքապետ,

Ելնելով վերոգրյալից և արտահայտելով միասնական տոմսային համակարգի ներդրմամբ հանրային փոխադրամիջոցների ուղեվարձի, ինչպես նաև աղբի վճարի անարդար ու անհամաչափ թանկացումների պատճառով բազմաթիվ ուղևորների և քաղաքացիների արտահայտած դժգոհություններն ու բողոքի ձայնը՝

ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՄ

  1. Վերանայել Երևանի ավագանու 2024 թ. մարտի 12-ի N 95-Ն որոշումը։ Ուղեվարձը հնարավորության դեպքում թողնել անփոփոխ, այն է՝ ավտոբուսի և մետրոյի համար 100 դրամ, իսկ տրոլեյբուսի համար՝ 50 դրամ. անհնարինության դեպքում՝ յուրաքանչյուր ուղևորության դիմաց միանվագ սահմանել՝ ավտոբուսի և մետրոյի համար 150 դրամ, իսկ տրոլեյբուսի համար՝ 70 դրամ։
  2. Անսահմանափակ ուղևորություններով փաթեթները դարձնել սահմանափակ ուղևորություններով (30, 60, 90, 100, 200, 300 անգամյա և այլն), իսկ ժամկետները (1, 7, 30, 90, 365 օր) վերացնել և դարձնել անժամկետ (տեխնիկապես անժամկետ դարձնելու անհնարինության դեպքում չօգտագործված և ժամկետանց տոմսերը փոխարինել նոր տոմսերով՝ այդպիսով երկարաձգելով ժամկետները)։
  3. Արտոնյալ ուղևորների խմբերում ներառել զինծառայողներին և օրենքով սահմանված կարգով նրանց համար սահմանել անվճար ուղևորություններ։
  4. Ստեղծել վերահսկողական մեխանիզմներ և հսկիչների միջոցով պարբերաբար ստուգել ուղեվարձի վճարումները (խելամիտ և համաչափ թանկացումների դեպքում), իսկ անվճար երթևեկող ուղևորների համար սահմանել տուգանքի չափեր և կիրառել վարչական տույժեր։
  5. Աղբի վճարը հնարավորության դեպքում թողնել նույնը՝ 1 անձի համար 200 դրամ, իսկ անհնարինության դեպքում 1 անձի համար ամսական սահմանել 250 կամ 300 դրամ։

Այսկերպ թե՛ քաղաքային իշխանությունը և թե՛ ուղևորներն ու ազգաբնակչությունը շահեկան դիրքերում կհայտնվեն, իսկ հակառակ դեպքում, եթե ամեն ինչ մնա այնպես, ինչպես սահմանված է Երևանի ավագանու որոշումներով, ապա է՛լ ավելի կխորանան առկա դժգոհություններն ու բողոքները, որոնք կհանգեցնեն համընդհանուր բոյկոտի, ուղևորները համատարած չեն վճարի անհամաչափ թանկացված ուղեվարձերը, չեն վճարի նաև աղբի անհամաչափ թանկացված  վճարները, ինչն էլ իր հերթին կառաջացնի կոլապս։

Պարո՛ն քաղաքապետ,

Նման հանրային հնչեղություն ստացող որոշումները նախապես հարկ էր դնել հանրային լայն քննարկման, բոլոր կողմերից գնահատել ռիսկերն ու թերությունները, լսել փորձագիտական հանրույթի կարծիքներն ու քաղաքացիների անկեղծ մտահոգությունները, ապա նոր միայն որոշումներ կայացնել։ Չէ՞ որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անվանումն իսկ այդ մասին է հուշում, որ բոլոր որոշումները պետք է բխեն քաղաքացիների շահերից և լինեն քաղաքացիների հետ երկխոսության արդյունք՝ որպես մի տեսակ քաղաքացիական պայմանագիր։

Ակներև է, որ Երևանի ավագանու կողմից հապճեպ կերպով կայացված այս սխալ որոշումները չեն բխում երևանցիների ու ընդհանրապես՝ ՀՀ քաղաքացիների շահերից և նման են մի տեսակ «օրինականացված թալանի»։ Եվ սա այն դեպքում, երբ Երևանի ավագանին, ենթադրում եմ, չի օգտվում և ապագայում էլ չի օգտվելու հանրային փոխադրամիջոցներից։ Այս անհամաչափ թանկացումները, տրանսպորտային բարեփոխումների անվան տակ, մեծ անակնկալ և հիասթափության պատճառ են հանդիսացել նաև Ձեզ ընտրած երևանցիների համար, որոնք այդպես էլ Ձեր նախընտրական ծրագրում որևէ տեղ չեն կարդացել կամ Ձեր նախընտրական քարոզարշավի ժամանակ որևէ անգամ Ձեզանից չեն լսել ուղեվարձի և աղբի վճարի հնարավոր թանկացումների վերաբերյալ Ձեր մտադրությունների մասին։

Հարգանքով՝

Արմեն ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՀՀ քաղաքացի և Երևանի բնակիչ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031