Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախում պրոպագանդում էինք առողջ ապրելակերպը եւ նույն բանը հիմա անում ենք Հայաստանում

Հունվար 12,2025 20:54

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Սպորտի եւ առողջ սննդի դերը մեր հասարակությունում» ծրագրի շրջանակներում առաջին քննարկումը կազմակերպել էին «Եվրազիա» հ/կ-ն, WildFithness եւ HealhtFootbyStrans բիզնեսների հիմնադիր, ֆիթնես մարզիչ Աննա Հարությունյանը եւ միջոցառումների կազմակերպիչ, սոցիալական գործիչ, պրոյեկտ մենեջեր Գայա Սարգսյանը:

«Մենք Արցախից ենք, Շուշիից եւ Ստեփանակերտից: Արցախում էլ պրոպագանդում էինք ֆիթնեսը եւ առողջ ապրելակերպը, զբաղվում կազմակերպչական աշխատանքներով, սոցիալական տարբեր ծրագրերով: Նույն բանը հիմա անում ենք նաեւ Հայաստանում, մասնավորապես, Երեւանում:

Մեր այս ծրագիրը նպատակ ունի ամբողջ Հայաստանում բարձրացնել առողջ սննդի եւ սպորտի հանդեպ հոգատարությունը: Ասել է թե, մարդը հասկանա, որ երկրի վիճակը կախված է նրանից, թե ինչպիսի վիճակում է գտնվում իր քաղաքացին: Սպորտն այն միջոցն է, որ ինքներս մեզ հաղթահարելով՝ կարող ենք հաղթել ցանկացածին: Դրա համար քարոզում ենք առողջ ապրելակերպը, առողջ սնունդը, մարդկանց օգնում ենք, որպեսզի հասկանան, թե շուկայում տարածվող մարքեթինգային գովազդներից որն է ճիշտ եւ որը՝ կեղծ, ինչպես չվնասել օրգանիզմին, լինել առողջ եւ փորձել օգուտ տալ հասարակությանը».-Aravot.am-ին ասաց Աննա Հարությունյանը: Իսկ Գայա Սարգսյանն ավելացրեց. «Ես կարեւորում եմ սպորտը մեր կյանքում, զբաղվում եմ առողջ ապրելակերպով: Եվ քանի որ հենց կազմակերպչական հարցերով եմ զբաղվել, Հայաստանում այցելելով տարբեր մարզեր, տեսնում եւ հասկանում եմ, թե ինչքան է մարդկանց կյանքը միապաղաղ:

Մենք այս ծրագրով կարեւորում ենք, որպեսզի յուրաքանչյուր ոք, որը այդ ոլորտում գիտելիք, փորձառություն ունի, ինչպիսին են մեր այսօրվա բանախոսները, հենց ինքը խոսի, որովհետեւ իրենցից լավ ուրիշ ո՞վ կարող է դա անել:

Այսօր հատկապես օրակարգային է ավելորդ քաշից ազատվելու խնդիրը: Սոցցանցերում համապատասխան գումարի դիմաց գովազդվում են տարբեր միջոցներ, որոնք կարող են ավելի շատ վնաս պատճառել, վտանգել մարդկանց կյանքը: Մենք փորձել ենք այդ կեղծ գովազդների դեմ պայքարել, սակայն մարդիկ դրան քիչ են ուշադրություն դարձնում, քան, ասենք, դա ասում է պրոֆեսիոնալ բժիշկը, սննդաբանը, մարզիչը: Եվ այս նախաձեռնությունը հենց դրա համար է նաեւ»:

Աղջիկները հատուկ ընդգծեցին, որ այսօրվա քննարկումը ըստ էության առողջ սնունդ եւ առողջ ապրելակերպ քարոզելու ճանապարհին առաջին քայլն էր: Սպասվում են նաեւ  նեղ մասնագիտական 30 միջոցառումներ՝ դասախոսություններ, քննարկումներ, մարզումներ, յոգա, նույնիսկ պարի դասեր, որպեսզի մարդիկ ընտրություն կատարելու հնարավորություն էլ ունենան: Ու որ այսօրվա պայմաններում շատ կարեւոր է, այդ ամենը մատուցվելու է միանգամայն անվճար:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031