«Մայրս ասաց՝ եթե գնաս պատերազմ, ուրեմն ինձ թաղես․ ասացի՝ մամ ջան, օղորմի, բայց պիտի գնամ։ Առաջնագծում էի, բայց մորս ստեցի, որ դեռ Գորիսում եմ»,-«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող անձանց հետ հանդիպմանը պատմեց 44-օրյա պատերազմի մասնակից, «Կամավորի օրագիրը» գրքի հեղինակ Մկրտիչ Ճրագ Գեւորգյանը։
«Մայ՛րս։ Կյանքումս հանդիպած ամենահզոր կինն է նա։ Դժվար էր առանց ամուսնու դաստիարակել մի ծուռ սասունցու, ով միշտ իր ասածն էր անում։ Բայց մայրս շատ խիստ էր։ Գիտեմ, շատ եմ ցավացրել նրան, բայց վստահ եմ՝ այսօր նա ինձնով ու իմ տեսակով հպարտ է։ Իսկ ես ավելի հպարտ եմ այսպիսի մայր ունենալու համար»,-«Կամավորի օրագիրը» գրքում գրել է Մկրտիչ Ճրագ Գեւորգյանը։
Կարդացեք նաև
Միջոցառման նախաձեռնությունը «Հանուն Ազատության» իրավական հասարակական կազմակերպությանն էր, որը գրքի հեղինակը մեծ ոգեւորությամբ ընդունեց։ «Մարդիկ, որոնք ունեն ազատության խնդիր, իրենց չտարբերակենք ու այդ սահմանափակումը չդնենք, որ իրենք էլ ունենան հնարավորություն կարդալու, ստեղծագործելու»,-ասաց Մկրտիչ Ճրագ Գեւորգյանը։
Արագածոտնի մարզի Ներքին Բազմաբերդ գյուղում է ծնվել՝ սասունցիների ու մշեցիների ընտանիքում։ Հայրն ազատամարտիկ է, 11 տարեկան էր Մկրտիչը, երբ հայրը մահացավ։ Երեւանի թատրոնի ու կինոյի պետական ինստիտուտի դերասանական բաժինն է ավարտել, Սոս Սարգսյանի վերջին ուսանողներից մեկն է եղել։ Ազգային երգ ու պարով է զբաղվում, եղել է «Սասուն» ազգագրական երգ-պարի համույթի մենակատար։
Բանակում հրետանավոր է եղել, ու երբ սկսեց 44-օրյա պատերազմը, կամավոր մեկնեց Արցախ։ Գիրք գրելու մտահղացումը ծնվեց հենց պատերազմի դաշտում՝ որոշեց գրել․ որպեսզի մարդիկ ճանաչեին առաջնագծում պայքարող կամավորների։ Նրանց բոլորին առանձին-առանձին անդրադարձել է։
Ազատազրկված անձանց հարցերը շատ էին՝ արդյո՞ք դժվար չէր այդ ամենն նորից վերապրելը, ինչո՞ւ Ճրագ եւ այլն։ «Եղբորս անունը Հրագ է, երբ ես ծնվեցի, տատս ասաց՝ Հրագս կար, Ճրագս էլ ծնվեց»,-պատմեց Մկրտիչը։
Լրագրողների հետ զրույցում «Կամավորի օրագիրը» գրքի հեղինակը անկեղծացավ, որ ամեն անգամ հանդիպումներից, հարցազրույցներից, համերգներից առաջ միշտ լարվում է։ «Պատիժ կրող անձանց հանդիպումից հետո ամեն ինչ փոխվեց։
Հիացած եմ այնտեղ գտնվող մարդկանց ինտելեկտով, զարգացվածության բարձր մակարդակով: Անկեղծ՝ նրանց հետաքրքրող հարցերն ավելի իմաստալից էին, քան որոշ հարցազրույցների ժամանակ ինձ տրված մշտական հարցերը»,-ասաց Մկրտիչ Ճրագ Գեւորգյանը: Մեկ ժամ նախատեսված հանդիպումը տեւեց մոտ երկուսուկես ժամ։
Հանդիպմանը, Մկրտիչ Ճրագ Գեւորգյանը իր մակագրությամբ «Կամավորի օրագիրը» գրքի օրինակներ նվիրեց անազատության մեջ գտնվող անձանց ու քրեակատարողական հիմնարկի աշխատակիցներին։
Մակագրելու ընթացքում էլ՝ պատիժ կրող անձինք շարունակում էին դեռ իրենց բազմաթիվ հարցերը տալ «Կամավորի օրագիրը» գրքի հեղինակին։ «Ես կարևորում եմ նման հանդիպումները, տարբեր քրեակատարողական հիմնարկներում գտնվող մարդիկ նույնպես իրավունք ունեն կրթվելու, զբաղվելու ընթերցանությամբ ու արվեստով, արհեստով»,-նշեց Մկրտիչը։
«Հանուն Ազատության» ԻՀԿ-ի նախաձեռնած միջոցառման գլխավոր աջակիցը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի Բարեգործական հիմնադրամն է (տնօրեն Արմեն Ստեփանյան), աջակցել են նաեւ «Սյունիքի մարզի ներդրումների ու զարգացման հիմնադրամը» (մարզպետ Ռոբերտ Ղուկասյան), Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը, Կապանի «Պրինց» հոլդինգի տնօրեն Էդգար Հակոբյանն ու Սիսիանի «Գրին Ռոդ»-ի տնօրեն Հրայր Գաբրիելյանը։
Բացի «Արմավիր» ՔԿՀ-ում կազմակերպված գրքի շնորհանդեսից, համերգ էր կազմակերպվել նաեւ «Գորիս» ու «Աբովյան»․ ՔԿՀ-ներում։
Ի դեպ, «Աբովյան» ՔԿՀ-ում համերգին ներկա էին ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ Մարինա Ղազարյանն ու Տիգրան Պարսիլյանը։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ