Փաստաբան Արշավիր Խալափյանը գրառում է կատարել ֆեյսբուքում Շրջակա միջավայրի նախարարության եւ WWF Հայաստան կազմակերպության թափանցիկության ու հանրային հաշվետվողականության գնահատականի վերաբերյալ, որտեղ իր մտահոգություններն է հայտնել:
Aravot.am-ը թեմայի վերաբերյալ մեկնաբանություն է խնդրել նրանից, մասնավորապես հետաքրքրվել ենք, թե իր տպավորությամբ ինչո՞ւ էր Շրջակա միջավայրի նախարարությունը ավելի քանի մեկ տարի մերժում տեղեկատվություն տրամադրել 2018 թ. հոկտեմբերին կնքված ծրագրի վերաբերյալ, որն, իր համոզմամբ, պարունակում է կոռուպցիոն ռիսկեր:
«Չեմ ուզում անմեղության կանխավարկած խախտել, առավել եւս որ քրեական վարույթ չկա այս գործով, ըստ էության մտադրություն էլ չունենք: Առանց այն էլ այնքան խառնաշփոթ է երկրում, որ չենք ցանկանում մենք էլ մեծացնել այդ խառնաշփոթը: Բայց սա ինքնանպատակ չէր, մենք մտահոգություն ունենք: Ըստ էության, մենք սա դիտում ենք որպես շատ լուրջ խնդիր, սա ոչ թե քաղաքացի Արշավիր Խալափյանի քմահաճույքն է, այլ ես մտահոգ եմ, եւ գտնում եմ, որ տեղեկատվությունը չտրամադրելը, այդ ամեն ինչը թափանցիկ չանելն իր մեջ վտանգ է պարունակում:
Ես հասկանում եմ պետական անվտանգությունը, բայց վերջին հաշվով կարող էին թույլատրելի չափով տեղեկատվություն տրամադրել: Ասածս գուցե կոպիտ հնչի, բայց սա նման է ձմռանը կեղտը ձյունով ծածկելուն: Չեմ ուզում ուղղակի դիտավորություն տեսնել սրա մեջ, բայց անգործությունն էլ որեւէ արդարացում չունի… Նկատի ունենալով ծրագրի աշխարհագրությունը՝ չեմ ուզում փակագծեր բացել, չեմ ուզում ասել, որ արհեստավարժ չեն, բայց որեւէ արդարացում էլ չեմ տեսնում այս անգործությանը»,-ասաց Արշավիր Խալափյանը:
Կարդացեք նաև
Մեր դիտարկմանը, որ իր գրառման մեջ ակնարկել էր հնարավոր կոռուպցիոն գործարքների մասին, մեր զրուցակիցը հետեւյալ կերպ արձագանքեց. «Ես լեգիտիմ իրավունք ունեմ նման կասկածներ ունենալու, ինչին նպաստում են տեղեկատվություն չտրամադրելը, խուսանավելը՝ մեզ մոտ չի, մյուսի մոտ է եւ այլն, այնինչ տեղեկատվություն տնօրինող մարմինը դուք եք, հետո ես չեմ կարող ՀԿ-ի կարգավիճակ ունեցող կազմակերպությանը տեղեկատվության տրամադրման պահանջ ներկայացնել… Ամփոփելով՝ նորից նշեմ, որ սա քաղաքացի Արշավիր Խալափյանի քմահաճույքը չէ, ինքնահաստատման ձեւ չէ՝ ես ունեմ անցած համեստ ճանապարհ, ես սրտացավ եմ իմ պետականության համար: Եվ գտնում եմ, որ սա պետական անվտանգության խնդիր է»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Արշավիր Խալափյանի ֆեյսբուքյան էջից