«Չի կարելի խաղաղության մասին խոսել նրանց հետ, ովքեր եկել են քեզ սպանելու»,-իսրայելացի քաղաքական եւ պետական գործիչ Գոլդա Մեիրի այս խոսքերը դարձել են «Կեղծ խաղաղության գինը» փաստավավերագրական ֆիլմի բնաբանը, որի պրեմիերան կայացավ Կինոյի տանը: Խաղարկային էլեմենտներով փաստավավերագրական այս ֆիլմը ստեղծվել է եռաչափ անիմացիայի բարձր տեխնոլոգիաների, արհեստական ինտելեկտի նորարարական լուծումների, ինչպես նաեւ հատուկ ֆիլմի համար ստեղծված երաժշտության համադրությամբ, ինչն այն դարձնում է բնույթով եզակի հայկական կինեմատոգրաֆիայում արտադրված նմանատիպ հետաքննական պատմական ֆիլմերի մեջ։
Ֆիլմի պրոդյուսեր Հարություն Հարությունյանն ասում է, որ վերնագրո՛ւմ է ֆիլմի հիմնական ուղերձը եւ Գոլդա Մեիրի հայտնի խոսքերում: «107 տարվա մեջ ոչինչ չի փոխվել: Ֆիլմում ներկայացվում է 1918թ ապրիլի 5-ից մինչեւ մայիսի 24-ը, դա մի փոքր ժամանակահատված է, երբ դեռ Սարդարապատի ճակատամարտը չէր եղել… Ֆիլմը նայելիս՝ կզգաք, թե ամեն դրվագը ինչի հետ համեմատել, գործիչներին՝ ում հետ… Այնքան նմանություններ կան, սա այն դեպքն է, երբ ասում է՝ սայլի սիրած անիվը նորից կոտրվեց իր սիրած փոսում… Գլորվում, գլորվում ենք, 100 տարին մեկ ընկնում ենք նույն փոսի մեջ…Հիմա այդ փոսի մեջ ենք, այդ ֆիլմը դրա մասին է»:
Aravot.am-ի հարցին՝ նոր Սարդարապատի հույս կա՞, Հարություն Հարությունյանն այսպես արձագանքեց. «Կարծում եմ՝ չկա… Սարդարապատում մենք վերջին պահին հաղթեցինք, երբ թիկունքից հասավ Արցախյան հեծելազորը… Հիմա Արցախյան բանակը չկա… Ցավոք սրտի, դա է վիճակը»: Նա տեղեկացրեց, որ ֆիլմը ստեղծվել է 9 ամսում, հեղինակային տեքստն ընդամենը 3 տոկոս է կազմում: Հարություն Հարությունյանը ֆիլմը որակում է դեղահաբ՝ հիշողության կորստի դեմ:
Կարդացեք նաև
«Կեղծ խաղաղության գինը» փաստավավերագրական ֆիլմի սցենարի հեղինակ Լեւոն Գալստյանն ասում է, որ հավատում է մեր ժողովրդի՝ վճռական պահերին զգաստանալու ,սթափվելու ուժին. «Ես հավատում եմ, որ կհաղթահարենք նաեւ այս ճգնաժամը… Մի ներքին զգացողություն ինձ հուշում է, որ մենք դուրս կգանք այս ակնկալվող արհավիրքներից»:
Հարցին՝ ինչպե՞ս են կարողացել արխիվային մեծ ծավալի նյութերից նման սցենար ստանալ, Լեւոն Գալստյանն այսպես արձանգանքեց. «Դերենիկ Մալխասյանը՝ փաստահավաք հեղինակը, մեղվաջան աշխատանքով ի մի է բերել ամբողջ նյութը, հսկայական փաստահավաք աշխատանք է կատարել՝ ժամանակի մամուլ, վկայություններ, արխիվային փաստաթղթեր եւ այդ ամենը համադրելով՝ կառուցել է այդ պատումը, որի հիման վրա մնում էր սցենարական աշխատանքը, այնուհետեւ այդ ամենը բերվել է դրամատուրգիական տեսքի եւ կինոյի լեզվով ներկայացվել: Ես ուրախ եմ, որ մեր շնորհալի երիտասարդ ռեժիսորը՝ Մարիամ Եգորյանը, կարողացել է փաստագրական նյութը կինոյի լեզվով այնպես ներկայացնել, որ այն ոչ միայն ուսանելի եւ ինֆորմատիվ լինի, այլեւ հետաքրքիր՝ մանավանդ երիտասարդության համար»:
Ֆիլմի ռեժիսոր Մարիամ Եգորյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ֆիլմի ստեղծման ողջ ընթացքում ահռելի աշխատանք է կատարվել. «Եվ արխիվային նյութերի, եւ պատմական փաստերի հետ մի ամբողջ թիմ է աշխատել: Յուրաքանչյուրն արել է գերմարդկային աշխատանք, որպեսզի այսօր մենք էկրանին ունենանք այն ֆիլմը, որը ունենք, եւ կարող ենք հպարտությամբ ցուցադրել: Հուսանք, որ կարողացել ենք արխիվն օգտագործել այնպես, որ հասկանալի լինի մարդկանց, թե ինչ է կատարվել 100 տարի առաջ»: Ռեժիսորի խոսքով, եթե մարդիկ առերեսվեն պատմության հետ, ճիշտ գնահատեն իրավիճակը եւ դասեր քաղեն պատմությունից, դա կլինի թիմի հաջողությունը:
Դերենիկ Մալխասյանը նշեց, որ տեւական ժամանակ զբաղվել է Ալեքսանդրապոլի՝ Գյումրու պատմության ուսումնասիրությամբ, իսկ 2020 թ․ պատերազմը պատճառ է հանդիսացել, որ հետաքրքրվի 1918 թ․ Կարսի եւ Ալեքսանդրապոլի անկման թեմայով. «Արցախում կատարվածը, Շուշիի անկումը ինձ միանգամից հիշեցրեց Կարսը: Միշտ մտածում էի, թե ինչպես տեղի ունեցավ Կարսի անկումը, երբ այն ժամանակ թուրքական բանակի հետ համեմատած՝ հայկական բանակը բավականին կազմակերպված, զինված էր, ռուսների գնալուց հետո էլ բավականաչափ զինամթերք կար, նաեւ Կարսի եւ Ալեքսանդրապոլի ամրոցները Հարավային Կովկասում ամենապաշտպանվածներից էին, դրանք անհնար էր գրավել, դրանք կարող էին միայն հանձնել, ինչպեսդ Շուշին: Շուշին էլ գրավել հնարավոր չէր, այն կարող էին միայն հանձնել… Ուսումնասիրվել են զինվորականների, հոգեւորականների, լրագրողների հուշագրությունները, հասարակ քաղաքացիների վկայություններ, որոնք հրապարակվել են մամուլում: Մենք հավատացինք թուրքերի հետ խաղաղությանը, ու ստացանք մղձավանջ Կարսում ու Ալեքսանդրապոլում, ստացանք թալան ու կոտորած:
Հետաքրքիրն այն է, որ մամուլում հանդիպում են զգուշացումներ հայ գաղթականներից՝ ցեղասպանությունից փրկված, Արեւմտյան Հայաստանից փախած, որոնք հանգրվանել էին Կարսում եւ Ալեքսանդրապոլում, հենց իրենք էին զգուշացնում, որ մի՛ հավատացեք թուրքերի հետ խաղաղությանը, իրենք գալիս են կոտորելու, թալանելու, գրավելու»:
Aravot.am-ի հետ զրույցում ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Մելքոնյանից հետաքրքրվեց, թե ինչ տպավորություն է ստացել ֆիլմից՝ պատմաբանի հայացքով դիտելով այն:
«Ցավոք սրտի, մենք հիմա ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ այդ ճշմարտության մասին նորից պետք է հավելյալ տվյալներ բերենք, որ ապացուցենք, թե ով է թուրքը: Երեւի թե 5-6 տարի առաջ նման անհրաժեշտություն չկար, ու այս ֆիլմն, ըստ երևույթին, հենց այդ անհրաժեշտությունից է ծնվել, որովհետեւ հարկ կա եւս մեկ անգամ մարդկանց հիշողությունը թարմացնելու: Այնքան ակնհայտ է այն ամենը, թե ինչ է տեղի ունեցել 1915, 1918, 1920-21 թթ․ եւ Արեւմտյան Հայաստանում, եւ Արեւելյան Հայաստանում: Նման ֆիլմերի անհրաժեշտությունը բնականաբար կա, որովհետեւ մարդկանց հիշողությունը սկսել են արհեստականորեն խամրեցնել»,-ասաց պատմաբանը:
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ոչ վաղ անցյալի պատմության փաստերը մատչելի ներկայացնելը շատ կարեւոր է, ամենակարեւորը հստակ ցույց են տրվում զուգահեռները 100 տարի առաջ եւ հիմա:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ