2013 թվականից Արման Արզումանյանը զբաղվում է բռնցքամարտով։ Ի սկզբանե չի սիրել այս սպորտաձևը։ Մեզ հետ զրույցում պատմեց, որ ընկերոջ շնորհիվ է փորձել բռնցքամարտը, որն էլ դարձել է իր կյանքի նոր հետաքրքրության սկիզբը։ Տարիների ընթացքում այն ուղղակի սպորտաձևից դարձել է սեր, ապրելակերպ, հանգստանալու միջոց…
Բռնցքամարտիկը պատմեց, որ ռինգ մտնելուց առաջ լարվածություն չի ունենում․ լարվածություն միայն առաջին մրցման ժամանակ է եղել։ Իսկ այսօր տարիների մեծ փորձը, բազմաթիվ մրցարշավների մասնակցությունը նրան դարձրել են ավելի ինքնավստահ։
Արման Արզումանյանի կարծիքով՝ բռնցքամարտը պահանջում է մեծ նվիրվածություն․ «Ամեն օր 1,5-ից 2 ժամ նվիրում եմ պարապմունքներին, իսկ կարևոր մրցումներից առաջ մարզվում եմ օրական երկու անգամ։ Այս սպորտաձևին կարելի է վերաբերվել միայն լիակատար պատասխանատվությամբ․ կամ պետք է ամբողջությամբ նվիրես քեզ մարզումներին, կամ ընդհանրապես չզբաղվես»։
Ռինգ մտնելուց առաջ մարզիկի համար կարևոր է ոչ միայն ֆիզիկական պատրաստությունը, այլև հոգեբանական։ Խաչիկ Խաչատրյանը, ով Արման Արզումանյանի մարզիչ Խաչիկ Խաչատրյանն ամեն մրցումից առաջ ոչ միայն ֆիզիկապես, այլև հոգեբանորեն պատրաստում է նրան՝ թե′ հաղթանակի, թե′ պարտության։
Կարդացեք նաև
2021 թվականն Արման Արզումանյանի համար հաղթանակաշատ տարի է եղել. ունեցել է 12 ոսկե, մեկ արծաթե և մեկ բրոնզե մեդալ։ Նա 2015 թվականից սկսած մասնակցել է նաև մի շարք միջազգային առաջնությունների՝ Վրաստանում, Ռուսաստանում, Լիտվիայում, Հունաստանում, Իտալիայում։ Հունաստանում կայացած միջազգային առաջնությունում զբաղեցրել է առաջին պատվավոր հորիզոնականը, իսկ Իտալիայում կայացող Եվրոպայի առաջնությունում գրավել չորրորդ հորիզոնականը։
Բռնցքամարտիկը նշեց, որ իրեն հաճախ կամքի ուժն է օգնում հաղթահարել պարտությունները և դրանք վերածել հաղթանակների․ «Պարտությունները սպորտում բնական են, բայց դրանցից ընկճվել պետք չէ։ Պարտությունը մեզ համար նոր դաս է․ դա նշանակում է՝ ինչ-որ մի տեղ թերացել ես, և դա ստիպում է ավելի շատ աշխատել, ավելի լուրջ մոտենալ պարապմունքներին։
Բռնցքամարտն ունի իր սկզբունքները։ Մեր զրուցակիցն ասաց՝ ռինգում արթնանում է «սպորտային հոգեբանությունը», որը մարզիկից պահանջում է միշտ լինել առաջինը՝ թելադրողը, որը շարժվում է ռիթմով և վերահսկում խաղը։ Արման Արզումանյանը նաև նկատեց, որ բռնցքամարտը որոշ ազդեցություն է ունենում նաև առօրյայի վրա․ «Ագրեսիվությունը, որը մնում է բռնցքամարտից, երբեմն զգացվում է առօրյայում։ Ես արագ բռնկվում եմ, բայց սովորել եմ կառավարել ինձ»։
Ըստ վիճակագրության՝ ՀՀ-ում բռնցքամարտիկների թիվն ամենաբարձր եղել է 2019-ը թվականին՝ 3518 մարզիկ։ Արման Արզումանյանը մեզ հետ զրույցում խոսեց նաև Հայաստանում բռնցքամարտի զարգացման հեռանկարներից․ «Հայաստանում բռնցքամարտի ապագան մի փոքր ծանր է, որովհետև կան շատ անարդարություններ․ դեռ գործում է ծանոթ-բարեկամ կարգը, իսկ Հայաստանի սահմաններից դուրս որևէ անարդարություն և նմանատիպ այլ բաներ չեմ նկատել։ Օրինակ՝ Լիտվայում կայացած միջազգային առաջնության ժամանակ չեմ նկատել որևէ անարդարություն. ռինգում հավասարաչափ պայքար էր, և հետևաբար հաղթում էր ուժեղագույնը»։
Բռնցքամարտում Արման Արզումանյանի մոտեցումը հստակ է՝ յուրաքանչյուր մարտ հարգանքի և հավասար պայքարի տարածք է: Սակայն ռինգից դուրս նրա համար այլ իրականություն է. մրցակցությունը մնում է ռինգում, իսկ մարդկանց հետ հարաբերությունները վերածվում են ընկերության: Շատերն, ում հետ նա մրցել է, այժմ իր ընկերներն են։ Արմանը կարևորում է այն ընկերական կապերը, որոնք ձևավորվում են սպորտի ընթացքում։
Արման Արզումանյանի մրցաշարերում և առօրյա պարապմունքներում անպակաս են զվարճալի դեպքերը։ Մեզ հետ զրույցում պատմեց՝ մի մրցույթի ժամանակ, երբ մրցակիցը հայտնվել է ցնցումային իրավիճակում, մրցավարը սխալմամբ սկսել է հաշիվ բացել նրա վրա՝ կարծելով, թե նա է ցնցում ստացել։ Այս դեպքը դարձել է հումորային հիշողություն։ Զրույցի ավարտին բռնցքամարտիկն ասաց՝ առաջ է շարժվում հետևյալ կարգախոսով․ «Ամեն բան կարող եմ ինձ զորացնող Քրիստոսով»։
Նրա կարծիքով՝ բռնցքամարտը միայն պայքար չէ, այլ նաև մարդկանց հետ շփվելու, հարաբերություններ կառուցելու դպրոց։ Դա մի աշխարհ է, որտեղ սովորում ես թե՛ հաղթել, թե՛ պարտվել, բայց ամենակարևորը՝ միշտ մնալ մարդ։
Արևիկ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ
3-րդ կուրս