Լրահոս
Օրվա լրահոսը

Աննախադեպ քայլեր պետք է արվեն, ինչ անում է հիմա Ալիեւը․ «Հայացք Երևանից»

Հունվար 12,2025 11:30

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հիմա հարց է ծագում՝ ի՞նչ պետք է անի Հայաստանի իշխանությունը, որ ժամանակին թույլ տված սխալները չկրկնի։ Նախեւառաջ պետք է հասկանա, թե ինչպես են այսպիսի իրավիճակներում պետություններն իրենց պաշտպանում, իսկ դրանք դաշինքներն են: Եթե կարողանում ես ստեղծել զուտ ազգային շահերի հիման վրա պետությունների դաշինքներ, ապա շանս ունես փրկվելու, մի բան էլ՝ քո գործերը բարելավելու։ Եթե չես կարողանում դա անել կամ սխալ ուղղություններով ես գնում, անհույս է։ Աշխարհի քարտեզը երբեք չի լինելու այն, ինչ եղել է, բայց դա մեզանում շատ դժվար են հասկանում, այս ամենը արվում է քաղաքական մտածողություն ունեցող մարդկանց կողմից։

Ես հիմա չեմ ուզում թվարկել այն սխալները, որ գործել են ՀՀ բոլոր ժամանակների իշխանությունները, այն բոլոր հնարավորությունները, որ բաց են թողել, բայց պետք է հասկանալ, որ այսօրվա վիճակը այդ կուտակված սխալների հետեւանքն է, իսկ կուտակված սխալները կրկնվում են մեզանում, որովհետեւ մարդիկ չեն հասկացել, թե աշխարհն ինչ արմատական փոփոխությունների է գնացել, նրանք գործում են այնպես, ինչպես 60-70-ականներին են գործել։

Պարզ է, որ հնից կառչածները տանուլ են տալիս, դա օրենք է, ժամանակին Ադրբեջանը, Վրաստանը կառչեցին Ռուսաստանից ու տանուլ տվեցին, 94-ից հետո էլ նույն սխալն արեց Հայաստանը։ Հիմա էլ մեզանում շարունակում են ապավինել հնին, դա օրինակարգ լինելու ռազմավարությունն է. մտնենք սրա տակ, ու մենք ապահովված ենք, հույսը սա է, ու դա ամեն օր լսում ենք իշխանական քարոզիչների ու առաջին դեմքերի կողմից, այս մանկամիտ մոտեցումն է դեռ գերիշխողը։

Նորը ստեղծելը դժվար է, որովհետեւ աննախադեպ է: Ուրեմն՝ աննախադեպ քայլեր պետք է արվեն, ինչ անում է հիմա Ալիեւը: Նա ասում է՝ նոր իրականություն եմ ստեղծում, ու բոլորը պետք է հաշվի նստեն՝ բոլոր նրանք, ովքեր նոր իրականություն են ստեղծում, առաջ են անցնում, հնից կառչածներն էլ տանուլ են տալիս, դե, մենք հնից կառչած ենք։ Արդյունքն ակներեւ է՝ Թուրքիայից անընդհատ հայտարարություններ են անում, գլխավոր շտաբի անդամները Բաքվում են, Բաքուն պատրաստում են, հարցերը լուծում են այնպես, ինչպես Սիրիայում, ինչպես ուզում են, այնպես էլ լուծում են։ Նախապատրաստվում են, համոզում են այս կամ այն գերտերությանը ու իրենց գործերն անում, ուրիշ ձեւ չկա, դա է միակ ձեւը։

Հիմա շատերն են հետաքրքրվում՝ հնարավո՞ր է, որ Հայաստանում եւս տեղի ունենա այն սցենարը, ինչ տեսանք Սիրիայում։ Անշուշտ՝ հակառակի մասին վկայող որեւէ երաշխիք չկա, որ Հայաստանի դեմ չի արվի այն նույնը, ինչ կատարվեց Արցախում, անգամ կարող են ամբողջովին կրկնել դա։ Բոլոր թեզերը, պահանջները ներկայացնում են, այստեղ մարդիկ էլ հույս ունեն, որ ինչ-որ փաստաթուղթ կստորագրեն, որով Ադրբեջանի բոլոր պայմանները ընդունված կլինեն, ինչը կմեղմացնի վիճակը։ Ամեն բան սպասելի է, ո՞վ կմտածեր, որ կարող են տեղի ունենալ զարգացումներ, ինչպիսիք են ռուս-ուկրաինական կամ սիրիական իրադարձությունները։

Սպառնալիքներով լի տարի է սպասվում, Եվրոպան փորձում է ստեղծել միասնական ուժեր, որպեսզի կարողանա դիմակայել: Ոչ մի պետություն հույս չունի, որ որեւէ մեկն իրեն կպաշտպանի, եթե հարձակման ենթարկվի, որովհետեւ եղած կառույցները, արդեն նշեցի, չեն գործում, ամեն ինչ կոնսենսուսի վրա է:

Կոնսենսուսի վրա ստեղծված միջազգային ինստիտուտներ էին ե՛ւ ԵՄ-ը, ե՛ւ ՆԱՏՕ-ն, բայց նրանց կոնսենսուսն աշխատում է միայն կայուն ժամանակներում: Ներկայիս պայմաններում մի Հունգարիան կարող է ամբողջ ԵՄ-ը քանդել, որովհետեւ մի պետություն կարող է թույլ չտալ, որ որեւէ միջազգային կազմակերպություն որոշում ընդունի: Այսպիսի իրավիճակ է ստեղծվել, եւ բնական է, որ սկսելու են քանդվել այդ կառույցները։ Աշխարհն արմատական փոփոխությունների է գնում, մարդիկ սա դեռ լիովին չեն ընկալում, մի քանի օրից կհասկանան, երբ Թրամփը սկսի պաշտոնավարել։

 

Մանվել ՍԱՐԳՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայացք Երևանից» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031