«Ապոկոլիպտիկ տեսարաններ»․ այսպես են բնութագրում հայաշատ Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելեսի շրջանում շաբաթասկզբին սկիզբ առած և մինչ այժմ մոլեգնող անտառային հրդեհները։
Հաղորդվում է առնվազն 11 զոհի, վնասված ավելի քան 10 հազար շինությունների մասին։ Հազարավոր ընտանիքներ տեղահանվել են։
Տեղական իշխանությունների փոխանցմամբ՝ քամու ուժգնության նվազեցմամբ պայմանավորված հրդեհների տարածման արագությունը որոշ չափով նվազել է։
«22 տարի է այստեղ եմ, այսպիսի բան չէի տեսել»։
Կարդացեք նաև
Հիմնականում տուժել են Փալիսեյդս, Փասադենա և Ուեսթ Հիլզ քաղաքաները, Aravot.am-ի հետ զրույցում պատմեց Գլենդելի բնակիչ Արմինե Հակոբյանը։
«Ահավոր քամի էր։ 22 տարի է այստեղ եմ, այսպիսի բան չէի տեսել», – նշում է Գլենդելի մեր հայրենկիցը։
Մեր հարցին, թե ի՞նչ տրամադրություններ են տիրում հայկական համայնքներում, Արմինեն ասաց, որ խուճապ, այնուամենայնիվ, զգում են։
«Հեշտ չէ այստեղ տուն ստեղծելը։ Մարդկանց տարիների քրտինքը րոպեների ընթացքում կորում է», – նկատում է Հակոբյանը։
Արմինեն պատմեց Փասադենայի իր ծանոթներից մեկի մասին․ «Խեղճ մարդն ասում է՝ չհասցրինք գոնե փաստաթղթերը վերցնել։ Իրենց տունը վառվել էր»։
«Դաշնային մակարդակով անում ենք ամեն հնարավորը»․ Ջո Բայդեն
Վաշինգտոնում նախագահ Բայդենի գլխավորությամբ հատուկ խորհրդակցություն է անցկացվել։ Ջո Բայդենի խոսքով՝ հրդեհների մասշտաբը «իրոք աննախադեպ է»։
Սպիտակ տան ղեկավարը տեղեկացրել է, որ ընդունում է Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմի՝ խոշոր աղետի ռեժիմ հայտարարելու մասին դիմումը։
«Սա թույլ կտա տուժած մեր հայրենակիցներին ստանալ անհապաղ գումարային կանխիկ աջակցություն, որպեսզի, ի թիվս այլ խնդիրների, լուծեն սննդի, մանկական բանձևի, դեղամիջոցների հետ կապված հարցեր․․․Դաշնային մակարդակով անում ենք ամեն հնարավորը», – ընդգծել է երկրի հեռացող առաջնորդը։
ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսն էլ անդրադարձել է հարցին, թե ինչու են ձմռան ժամանակահատվածում մեծամասշտաբ անտառային հրդեհներ մոլեգնում։
«Մենք սրան ականատես ենք լինում ամբողջ երկրում։ Տարիներ առաջ, մենք խոսում էինք ծայրահեղ եղանակի կոնկրետ ժամանակահատվածի մասին։ Այժմ մենք տեսնում ենք, որ կապ չունի՝ տարվա որ ամիսն է։ Որպես երկիր՝ մենք պետք է ներդրում կատարենք ադապտացիայի և դիմադրողունակության ամրապնդման մեջ։ Մենք պետք է ադապտացվենք փոփոխվող կլիմային», – խորհրդակցության ժամանակ շեշտել է փոխնախագահ Հարիսը։
Հայերը՝ միմյանց նեցուկ
Aravot.am-ի թղթակիցը զրուցել է կալիֆոռնիացի մեր մի քանի հայրենակցի հետ, որոնք բոլորն էլ իրավիճակին մոտենում են սառնասրտությամբ և տոկունությամբ։
«Մեր ազգն ամեն ինչ տեսած ազգ է։ Փորձում են պինդ մնալ․․․ Օգնում են իրար– ով ինչով կարող է», – ասում է Արմինե Հակոբյանը։
Բարեբախտաբար, «այստեղ բոլորը պարտադիր ապահովագրություն ունեն, [այսինքն] վնասը կփոխհատուցվի», – ավելացնում է նա։
Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ