Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոտ Վարդապետյան. «Ես իմ ամբողջ կյանքը նվիրել եմ շախմատին, հայկական շախմատի զարգացմանը, համաշխարհային ճանաչում բերելուն եւ երջանիկ եմ դրա համար»

Հունվար 12,2025 10:17

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցի դահլիճում կայացավ հայկական շախմատի բացառիկ երախտավորներից մեկի՝ միջազգային կարգի մրցավար Աշոտ Վարդապետյանի 70-ամյակին նվիրված արագ շախմատի մրցաշար:

Հոբելյարը Aravot.am-ի հետ զրույցում ասաց. «Ես իմ ամբողջ կյանքը նվիրել եմ շախմատին, հայկական շախմատի զարգացմանը եւ  համաշխարհային ճանաչում բերելուն: Երջանիկ եմ դրա համար, երախտապարտ՝ գործընկերներիս, իմ ընտանիքին, որն  ամեն ինչով սատարել ու աջակցել է ինձ: Խորին շնորհակալությունս եմ հայտնում այս նախաձեռնությանը միացած բոլորին՝ Հայաստանի ազգային հավաքականի անդամներին, գրոսմայստերներին, կարգային եւ շարքային շախմատիստներին: Ես նրանց մասնակցությունը այս մրցաշարին ընկալում եմ որպես իմ աշխատանքի եւ համեստ անձի գնահատում: Եվ դա ամենաարժեքավոր նվերն է իմ համար»:

Յոթ տուրում 6,0-ական միավոր վաստակեցին գրոսմայստերներ Հայկ Մարտիրոսյանը եւ Կարեն Գրիգորյանը, սակայն լրացուցիչ ցուցանիշներով հաղթող ճանաչվեց Հայկ Մարտիրոսյանը: Եվս չորս շախմատիստ վաստակեց 5,5-ական միավոր ու կրկի լրացուցիչ ցուցանիշներով  մրցանակային երրորդ տեղն զբաղեցրեց միջազգային վարպետ Դավիթ Շահինյանը:

Շախմատի համաշխարհային օլիմպիադայի եռակի հաղթող, աշխարհի թիմային չեմպիոն, 100-ամյակի աշխարհի լավագույն թիմ Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականի անդամ Գաբրիել Սարգսյանը մեզ հետ զրույցում ասաց. «Ուզում եմ շնորհավորել ընկեր Վարդապետյանին 70-ամյա հոբելյանի առթիվ: Նա շատ բան է արել հայկական շախմատի համար: Այս մրցաշարին մասնակցելը ինձ համար պարտավորության նման մի բան է: Ընկեր Վարդապետյանը ոչ միայն որպես մրցավար, այլ նաեւ որպես կազմակերպիչ անգնահատելի ներդրում ունեցավ «Միկա» թիմի, որի կազմում ես էլ էի խաղում, նվաճումների գործում: Նրա ներկայությունը Հայաստանի ազգային հավաքականների կողքին վստահություն է փոխանցել մեր ուժեղագույն շախմատիստներին, կարեւոր նշանակություն է ունեցել երիտասարդ շախմատիստների համար: Թերեւս, անգնահատելի է Աշոտ Վարդապետյանի կատարած աշխատանքը համաշխարհային շախմատում, մասնավորապես,  շախմատային մրցավարության ոլորտում: ՖԻԴԵ-ն նրան համաշխարհային ու Եվրոպական ամենաբարձր մակարդակի բազմաթիվ առաջնություններում ու մրցաշարերում վստահել է գլխավոր մրցավարի պարտականությունը: Իսկ այն, որ պարոն Վարդապետյանին շախմատի աշխարհի չեմպիոնն ու հավակնորդը երկու անգամ անձամբ են ընտրել են որպես թագի համար մրցամարտի գլխավոր մրցավար, դա արդեն պատմական երեւույթ է ու հպարտություն Հայաստանի, հայկական սպորտի եւ շախմատի համար»:

Մրցաշարի ավարտին Աշոտ Վարդապետյանի ընտանիքը նրա համար անակնկալ էր պատրաստել: Որդիները ընտանիքի անունից հոբելյարին շախմատային արքայի տեսքով հուշանվեր հանձնեցին: «Որքան շախմատի արքան է կարեւոր շախմատում, այդքան էլ մեր հայրն է մեզ համար կարեւոր այն արժեքների մեջ, ինչում ինքը կա: Դա հայրենիքն է, ընտանիքն է եւ շախմատը»,-նվերը հանձնելով ասաց Աշոտ Վարդապետյանի ավագ որդին:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031