Լրահոս
Օրվա լրահոսը

Որքան էլ լսած լինեի, որ թշնամին Ջերմուկի ուղղությամբ առաջ է եկել, չէի պատկերացնում, որ խոսքը ընդհուպ քաղաքի մատույցների մասին է․ Էդգար Հարությունյան

Հունվար 11,2025 14:47

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Լուսանկարիչ Էդգար Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը

Երկրի ղեկավարն ասում է, թե մարդիկ Ջերմուկում սուրճ խմելու փոխարեն Հռոմ կամ Փարիզ են գնում։ Որոշել էի չպատմել, բայց քանի որ Ջերմուկի անունն է շոշափվում, պատմեմ, մեջս չմնա։

Ամռանը տղաներիս հետ մի քանի օրով գնացինք Ջերմուկ «սուրճ խմելու»։ Երկրորդ կամ երրորդ օրն էր, որոշեցինք հաղթահարել Այծասար լեռան գագաթը (ովքեր ճոպանուղուն ծանոթ են, ասեմ, որ ճոպանուղու վերևի կայանի հետևի գագաթն է, դեպի արևելք)։ Այծասար լեռը գտնվում է Հայաստանի Հանրապետության կամ այդքան հոլովվող «Իրական Հայաստանի» միջազգայնորեն ընդունված սահմաններից առնվազն 15-20 կմ դեպի ներս։ Սա շատ կարևոր հանգամանք է, որ պետք է արձանագրել։

Հասնում էինք գագաթ, երբ Ավետս ասաց.
– Պա՛պ, գագաթին ոնց որ պոստ կա։
Վստահ էի, որ ոչ մի պոստ էլ չկա, բայց ուշադիր նայելուց հետո մեջս կասկած ընկավ։ Ախր ի՞նչ պոստ, քաղաքին այդքան մոտ, մեջքիս հետևում Ջերմուկն էր իր ողջ գեղեցկությամբ, ընդամենը 3-4 կմ հեռավորության վրա, ո՞նց կարող է դիմացս պոստ լինել։ Հասանք գագաթ, պարզվեց, որ իրականությունը շատ տարբեր է իմ պատկերացումներից։ Որքան էլ լսած լինեի, որ թշնամին Ջերմուկի ուղղությամբ առաջ է եկել, չէի պատկերացնում, որ խոսքը ընդհուպ քաղաքի մատույցների մասին է։

Ինչևէ, անտանելի շոգ էր, մի փոքր զրուցեցինք ժամկետայինների հետ, ջրի պաշարները լրացրեցինք ու իջանք քաղաք, իսկ ես մտադիր էի հաղթահարել նաև դիմացի գագաթը, բայց այն մեր հսկողության տակ չէր, ու եթե նախապես որոշեի, որ սկզբում հաղթահարելու ենք վերջին գագաթը, ապա վերոհիշյալ պոստը ձորակով շրջանցելու էինք, ու այսօր դժվար թե դուք կարդայիք այս գրառումը։

Իջնելիս երեխաներիս հրահանգեցի ոչ ոքի չպատմել տեղի ունեցածը՝ հավելյալ խուճապ չառաջացնելու համար։ Իսկ իրենք շատ էին ուզում գոնե ընկերներին պատմել։ Մի փոքր անց որոշումս փոխեցի.

– Տղերք, ում ուզում եք, կարող եք պատմել, միևնույն է՝ ոչ մեկ չի հավատա։

Այն, ինչ պատմեցի, իրականում գաղտնիք չէ, ու Ջերմուկի բնակիչներն այդ մասին շատ լավ գիտեն։ Ջերմուկի կենտրոնում զբոսնելիս էլ շատ լավ երևում են թշնամու նոր դիրքերը, ու ճիշտն ասած, ամենևին էլ մեղադրելի չէ, երբ մարդիկ չեն գնում Ջերմուկ սուրճ խմելու։

Բայց դրանով հանդերձ՝ գնացեք Ջերմուկ հանգստանալու ու սուրճ խմելու, ուղղակի սարեր մի բարձրացեք։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031