Այսօրվա ուղիղ եթերում Բագրատ սրբազանը խոսեց նաեւ Բաքվի բանտերում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների, մյուս գերիների հնարավոր դատավարությունների մասին։
«Սա մեր բոլորի ամոթն է՝ անկախ նրանից, թե դուք ինչպես եք վերաբերվում որեւէ մեկին կամ խմբին։ Մեր եղբայրներն են բոլոր նրանք, ովքեր գտնվում են Բաքվի բանտերում, տառապանքի մեջ, ում ընտանիքները զրկված են նրանց ներկայությունից։ Մի պահ դուք ձեզ նրանց փոխարեն դրեք, ուղակի ձեզ զգացեք նրանց փոխարեն։ Բաքվի բանտում մեզանից յուրաքանչյուրն է գտնվում եւ հավաքական իմաստով մեր նկարագիրն է գտնվում, որպես ժողովուրդ, որպես նկարագիր, որպես անարգանք։ Մենք իրավունք չունենք լռելու»,- ասաց սրբազանը՝ հավաստելով՝ ինչպիսին էլ որ լինեն կորզված ցուցմունքները Բաքվի բանտերում պահվող անձանցից, մեզ համար դրանք ընդունելի չեն լինելու եւ մեր վերաբերմունքն այդ մարդկանց նկատմամբ չի փոխվելու, քանի որ գիտենք, թե ինչե՞ր են արել, ի՞նչ պայմաններում են դրանք կորզվել։
«Մեծ-մեծ խոսացողներ չլինեն։ Չլինեն մարդիկ, ովքեր կփորձեն մեկնաբանություններ տալ այդ կորզված «ցուցմունքներին», չլինեն մարդիկ, ովքեր փորձեն մատնանշումներ անել՝ ահա, տեսնո՞ւմ եք, թե ովքեր են նրանք։ Դա լինելու է այս չարիքի իշխանության եւ նրա հետ համագործակցող թշնամի պետության ցանկությունը»,- ասաց սրբազանը կրկին կոչ անելով՝ այս պարագայում մեկ կողմ թողնել բոլոր քաղաքական տարաձայնությունները, աջակցել եւ զորակցել թշնամական բանտում գտնվող մեր հայրենակիցներին։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Սրբազանը կրկնեց՝ մեր ընթացքն ուղիղ ճանապարհով գնալու է դեպի մեր կյանքի ազատագրումը՝ ճշմարտության, հաղթանակի վերջնարդյունքի արձանագրումը․ «Այդ ճանապարհից ոչինչ չի կարող մեզ շեղել՝ ոչ աղմուկը, ոչ քննադատությունը, ոչ հուսախաբությունը, ոչ հուսահատությունը։ Ոչինչ չի կարող այդ ճանապարհից շեղել՝ մինչեւ մեր հաղթանակի վերջնարդյունքի արձանագրում»։
Նա վստահ է՝ հաղթանակը մոտ է․ ինքը հավատում է դրան անվերապահորեն, հորդորում է, որ բոլորը հավատան՝ փոփոխության գործիք դառնալով, ոչ թե պարտադրված եւ ներդրված փոփոխության գնալով։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ